Վիորել Բեժան. «Շատ կուզեի մեզ մոտ էլ նման մրցաշար կազմակերպել»
08.05.18 15:16Ավանդական կարատեի՝ օրերս Երևանում անցկացված Ararat Cup-2018 միջազգային մրցաշարի պատվավոր հյուրերի թվում էր նաև Մոլդովայի ներկայացուցիչ, սև գոտի 2-րդ դան Վիորել Բեժանը:
Վիորելը բազմափորձ մարզիկ է, ով, ի դեպ, բավական հետաքրքիր կենսագրություն ունի: Շատերին գուցե զարմանալի թվա, բայց երեկոները դոջոյում անցկացնող Բեժանն արդեն 10 տարուց ավել է՝ ծառայում է Մոլդվային հարկային տեսչությունում՝ որպես գլխավոր տեսուչ: Ա՜յ այդպես:
Ararat Cup-ին էլ մոլդովացի մարզիկը կյանքում թերևս եզակի անգամ ոչ թե որպես մասնակից կամ մարզիչ է ներկայացել, այլ՝ ընկեր, պատվավոր հյուր ու հանդիսատես...
-Ավանդական կարատեի հայ ներկայացուցիչների հետ մենք ծանոթ ենք արդեն ավելին քան 8 տարի, ու ես մեծագույն հաճույքով ընդունեցի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի ու իմ լավ ընկեր, ավանդական կարատեի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Նարեկ Իսկանդարյանի հրավերը՝ մասնակցելու Ararat Cup-2018 մրցաշարին:
Հիանալի մրցաշար է՝ բարձր մակարդակի վրա կազմակերպված ու անցկացված: Տա՜ Աստված, որ այն շարունակական լինի: Այժմ 6-7 երկիր է մասնակցում, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ այն պոտենցիալ ունի ու տարիներ անց, հուսամ, մասնակիցների թիվը կգերազանցի 1 տասնյակը:
Ցավոք, մենք այս տարի թիմով ներկայանալու հնարավորություն չունեցանք: Ի սկզբանե նախատեսված էր, որ ես Երևան կժամանեմ իմ 2 աշակերտների հետ, սակայն իր խմբագրումները մտցրեց ձեր ներքաղաքական վիճակը: Անգամ պահ եղավ, որ մեր գալն առհասարակ իմաստ չուներ, սակայն ամեն բան հարթվեց, պարզապես ուշ էր արդեն՝ սաներիս հետ միասին գալու համար: Բայց ոչինչ՝ ամեն բան առջևում է:
-Վիորել, մրցաշարի մասնակիցների ու նրանց ելույթների ընդհանուր մակարդկից գո՞հ եք:
-Այո՜, միանշանակ: Ուրախացրեց այն փաստը, որ Հայաստանում այսքա՜ն մարդ է զբաղվում Ավանդական կարատեով: Արդեն նկատելի է, որ մակարդակը բարձր է: Ու նաև շատ են այս կամ այն միջազգային մրցաշարերից ծանոթ դեմքերը: Ես հաճույք ստացա՝ այս օրերին էստեղ ներկա գտնվելիս:
Ի դեպ, կուզեի ավելացնել, որ չնայած քաղաքական այս լարված իրավիճակին, որի մասին առավելապես լրատվամիջոցներից եմ իմանում, քաղաքում խոսքի բացասական իմաստով հետհեղափոխական տրամադրություն չկա. Բոլորը շատ բարեհամբույր են, ընկերաբար տրամադրված:
-Ի՞նչ մտքերով ու տպավորություններով կվերադառնաք Քիշինև:
-Միայն ու միայն պոզիտիվ մտքերով: Ու նաև՝ կառուցողական: Շատ կուզեի մեզ մոտ էլ նման մրցաշար կազմակերպել: Գիտեք, կողքից այս ամենի կազմակերպումը հեշտ է թվում, բայց իրականում սենսեյ Սուրենի կողմից ահռելի ջանքեր են թափվել, ու ես խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նրան: Այս ամենը հիանալի էր: