Սուրեն Մաթևոսյան. «Ararat Cup-ում բոլորը մեկ՝ կարատեի լեզվով են խոսում»
07.05.18 19:41
Անցած հանգստյան օրերին Երևանում առաջին անգամ անցկացվեց վանդական կարատեի «Ararat Cup 2018» միջազգային առաջնությունը, որի ընթացքում իրենց ուժերը չափեցին Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Մոլդովայի մարզիկները: Մրցաշարին նախորդեց Ավանդական կարատեի Համաշխարհային ֆեդերացիայի (WTKF) նախագահ Վլադիմիր Կվիչինսկու գլխավորությամբ անցկացված սեմինար-պարապմունքը:
Ararat Cup-ի նախապտրաստական աշխատանքների, ճանապարհին հանդիպած բարդությունների ու մրցաշարից ստացած տպավորությունների և հետագա անելիքների մասին զրուցեցինք Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ (սև գոտի 5-րդ դան) Սուրեն Մաթևոսյանի հետ:
Պարոն Մաթևոսյան, ինչպես հղացավ մրցաշարի անցկացման գաղափարն ու ինչո՞ւ հենց Ararat Cup:
-Մրցաշարի նախապատմությունը հետևյալն է: Յուրաքանչյուր տարի մենք Հայաստան ենք հրավիրում աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կվիչինսկուն, որպեսզի նա այստեղ սեմինար-պարապմունք անցկացնի: Հենց նա էլ հերթական այցի ժամանակ հարցրեց, թե ինչու չենք ուզում միջազգային մրցաշար կազմակերպել: Ընդ որում՝ ըստ նախնական տարբերակի, այդ մրցաշարին մասնակցելու էին միայն Հայաստանի ու Լեհաստանի մարզիկները, բայց, ինչպես տեսնում եք՝ մեր անդրանիկ մրցաշարի աշխարհագրությունը բավական լայն է՝ մրցաշարին 7 երկիր է մասնակցում: Ինչ վերաբերում է «Ararat Cup» անվանը, ապա պետք է նշեմ, որ սա էլ սենսեյ Կվիչինսկու առաջարկն էր, որը մենք հաճույքով ընդունեցինք: Հույս ունեմ, որ մրցաշարի անցկացումն ավանդույթ կդառնա, ու արդեն հաջորդ տարիներին կմեծանա նաև մասնակից թիմերի թիվը:
Մրցաշարի առաջին օրը մրցեցին մինչև 14 տարեկանները, իսկ արդեն 2-րդ օրը՝ 14-ից բարձր՝ սև գոտիներն իրենց համապատասխան տարիքային խմբերում: Մրցումներն անցկացվեցին ավանդական կարատեի 7 մրցաձևերում՝ անհատական կատա, թիմային կատա, անհատական կումիտե, թիմային կումիտե, էն-բու, ֆուկուգո,կոգո:
-Ովքե՞ր են սպասարկում մրցաշարը, ովքե՞ր են մրցավարները:
-Մրցաշարը հիմնականում սպասարկում է մեր՝ Հայաստանի (այդ թվում նաև Արցախի) մրցավարական թիմը, ինչպ ես նաև 2 մրցավար Լեհաստանից, 2-ը՝ Ռուսաստանից, 1-ը Ուզբեկստանից, 1-ը՝ Մոլդովայից ու 1-ը Իսրայելից: Ի ուրախություն բոլորիս՝ բողոքներ չեն եղել մրցավարությունից, ամեն բան շատ մաքուր է անցել, ինչը հրաշալի է առաջին անգամ անցկացվող մրցաշարի համար:
-Պարոն Մաթևոսյան, մրցաշարին նախորդող մի քանի շաբաթը չափազանց լարված էր մեր Հանրապետության համար: Գո՞հ եք՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքից, արդյո՞ք ամեն բան այդ խառնաշփոթով պայմանավորված կարողացաք հասնել:
-Վստահաբար կարող եմ ասել, որ իրադարձությունների նման զարգացումը Աստծո կամքն էր: Մայիսի 2-ին մենք ամեն գործ դադարեցրեցինք (մայիսի 2-ին մայրաքաղաքի բոլոր փողոցները փակ էին, աշխատանքը՝ կաթվածահար եղած, համաքաղաքային բողոքի ակցիա էր ընդդեմ ԱԺ որոշման - ԽՄԲ)՝ որոշում կայացնելով լինել մեր ժողովրդի կողքին: Դա շատ բարդ որոշում էր, քանի որ արդեն այդ օրը պիտի մեկնարկեր սեմինարը: Սակայն երեկոյան տեղի ունեցավ հրաշք, ու որոշվեց՝ առավոտի փոխարեն պարզապես երեկոյան անցկացնել սեմինարը:
Իրականում մրցաշարի անցկացման գաղափարը թեև շուտ էր հղացել, սակայն բուն նախապատրաստական աշխատանքներն անցկացվել են վերջին ամիսներին: Այդ առիթով առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում ասել բոլոր մարզիչներիս ու մարզիկներիս՝ միավորվելու, գործելու ու այս ամենը պատվով կատարելու համար:
-Այս մրցաշարի արդյունքները, չարչարանքն ու փորձն ունենալով՝ արդեն ինչ-որ ակնկալիքներ կան հաջորդ տարվա վերաբերյալ:
-Իհարկե: Բնականաբար կային որոշակի բացթողումներ, որոնք մենք հաջորդ տարի անպայման կվերացնենք, կաշխատենք այդ ուղղությամբ: Ինչպես վերևում նշեցի՝ հույս ունենք լայնացնել մեր մասնակից երկրների աշխարհագրությունը: Եվ ամենակարևորը՝ մենք այս մրցաշարի միջոցով ուզում էինք հմտանալ՝ միջազգային մրցաշարեր անցկացնելու ու ընդունելու հարցում, քանի որ այժմ քննարկվում է Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը (չի բացառվում, որ հենց 2019թ-ինը) Երևանում անցկացնելու տարբերակը:
Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ տեսնում եմ այն ընկերական մթնոլորտը, որ տիրում է այստեղ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև: Այստեղ բոլոր մեկ լեզվով՝ կարատեի լեզվով են խոսում:

