Գորոյանը պատրաստվում է ADAC Zurich 24-Hour Race-ինԳորոյանը պատրաստվում է ADAC Zurich 24-Hour Race-ին

Գորոյանը պատրաստվում է ADAC Zurich 24-Hour Race-ին

19.04.18 10:15
Գորոյանը պատրաստվում է ADAC Zurich 24-Hour Race-ին

Անցած հանգստյան օրերին գերմանական Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում տեղի ունեցավ հանրահայտ Նյուրբուրգրինգի 24 ժամ՝ Adac Zurich 24h-race մրցարշավի որակավորման մրցերթը:

Այս մրցարշավը մի շարք արշավորդների ու թիմերի համար հերթական հնարավորությունն էր՝ մրցաշրջանի գլխավոր մրցարշավին մասնակցելու թույլտվություն ստանալու:

B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, սակայն, որակավորման այս մրցարշավին չի մասնակցել. արդեն որերորդ տարին է՝ հայ արշավորդը անմիջապես 24-ժամյա մարաթոնին մասնակցելու հրավեր է ստանում: Իսկ որպես մարզում՝ մասնակցում է մրցաշրջանի մեկնարկային մրցարշավներին: Այդպես՝ 2 շաաթ առաջ VLN ընթացիկ մրցաշրջանօ 2-րդ՝ DMV 4-Stunden-Rennen մրցարշավում Գորոյանը Audi TT 2R մեքենայով հանդես եկավ SP3T դասում:

Չնայած նրան, որ որակավորման մրցումներում Գորոյանն ու թիմակիցները՝ Ռուդի Շպայխն ու Ռոլանդ Վաշկաուն, առաջինն էին դասում, բուն 4-ժամանոց մրցարշավը թիմի համար անհաջող դասավորվեց:

«Սովորաբար այն թիմերը, որոնք ողջ մրցաշրջանին չեն մասնակցում, VLN2-ին աշխատում են մարզումային ծրագրով, ծառայեցնում իբրև նախապատրաստական՝ 24 ժամի համար: Նույն իրավիճակն էլ մեզ համար էր: Անձամբ իմ խնդիրը լավ մարզվելն էր, քանի որ մեքենան թարմացված էր ու ինձ ծանոթ չէր:

Մարզումները լավ անցան, թիմն էլ գոհ էր իմ ցուցադրած ժամանակից: Որակավորման մրցումներում մենք դասում առաջինն էինք, ու որոշում ընդունվեց, որ Ռոլանդն, ով լավագույն ժամանակն էր գրանցել, առաջինը կնստի ղեկին, երկրորդը՝ ես, իսկ Ռուդին կեզրափակի մրցարշավը:

Նախանցած տարի մեքենան գրանցել էր լավագույն՝ 9,09 ժամանակը, այս տարի Ռոլանդը մրցարշավի ընթացքում ցուցադրեց շրջանի 9,02 ժամանակը, ինչը հրաշալի է այս դասում այս մեքենայի համար:

Սակայն, ցավոք, 5-րդ շրջանում՝ դեղին դրոշների ու code60-ի ազդեցության գոտում Ռոլանդը դանդաղեցրեց արագությունն ու ետևից մեքենային հարված ստացավ audi rs3 lms-ից… Դրանով մրցարշավը մեզ համար ավարտվեց…Մինչ այդ մենք 5 շրջանների ընթացքում առաջատարն էինք…

Բնական է, որ մեր պոտենցիալով մրցարշավի մեկնարկում մենք հաղթանակ էինք ակնկալում, նույնն ակնկալում ենք նաև 24 ժամի վերաբերյալ, սակայն առայժմ վաղ է դեռ որևէ բանի մասին խոսել: Այժմ կարևորն այն է, որ մեքենան լավ «հավաքվի» ու մարզումներին կարգավորումները տրվեն:

Ինչ վերաբերում է մրցաշրջանի իմ ծրագրերին, ապա դրանք առայժմ սահմանափակվում են 24 ժամ-ով ու նպատակն էլ, բնականաբար, հաղթանակն է:

Ճիշտ է, նման ծանր վթարից հետո ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես դա մեզ մոտ կստացվի, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ թաքնված վնասներ մեքենան չի կրել: Ցավոք, դա պարզ կդառնա միայն շաբաթ օրը՝ մրցարշավից առաջ, կամ էլ՝ կսահմանափակի մեր արագությունը բուն մրցարշավում: Ամեն դեպքում՝ թիմում մեխանիկների, ինժեներների հիանալ կազմ է հավաքված, որն ամեն ինչ կանի՝ մեր հաղթանակի համար»,-ասաց Արթուր Գորոյանը:

Նշենք, որ արշավորդն այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ ակտիվորեն նախապատրաստվում է մայիսի 10-13-ը կայանալիք ADAC Zurich 24-Hour Race-ին, ու ակնկալում է թե՛ Հայաստանից ու թե՛ այլ երկրներից երկրպագուների աջակցությանը. «Ես սիրում եմ կարդալ բարի մեկնաբանությունները. Դա վստահություն ու դրական լիցքեր է ներշնչում մրցարշավից առաջ ու ընթացքում»-եզրափակեց հայ արշավորդը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված