Սարգիս Ստեփանյան. Մեզ պակասում էր խաղակցվածությունը
14.03.18 09:00Երեւան-2800 բասկետբոլի միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված «Ուրարտու»-«Գազպրոմ Մոսկովսկի» խաղից հետո երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանն ամփոփեց հանդիպման արդյունքները.
«Կանոնավոր առաջնությունից հետո թիմին միացան մի քանի նոր բասկետբոլիստներ: Ժամանակը չբավականացրեց նոր կազմով խաղին պատրաստվելու համար: Կարելի է ասել, պակասում էր խաղակցվածությունը: Մրցակիցը շատ փորձառու էր, տեխնիկապես լավ պատրաստված: «Գազպրոմ Մոսկովսկին» գլխավորում է բասկետբոլի մոսկովյան լիգայի առաջնությունը: Այդ ակումբի կազմում խաղում են Եվրոլիգայում եւ ՎՏԲ միասնական լիգայում հանդես գալու փորձով բասկետբոլիստներ: Բավական է միայն Սերգեյ Բիկովի անունը (2007 թվականի Եվոպայի չեմպիոն): Այժմ նա օգնում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչին: Ինքներդ տեսաք՝ ինչ խաղ ցուցադրեց այսօր Սերգեյը:
Թբիլիսիի «Հունդայի» եւ Իրանի «Արարատ» ակումբների հետ դեռ հանդիպումներ կանցկացնենք: «Արարատի» կազմում ոչ բարձրահասակ բասկետբոլիստներ են խաղում, սական բոլորն էլ տիրապետում են հեռահար նետումներին: Թիմն Իրանի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն է:
Ինչ վերաբերում է «Հունդայիին», վերջինս գլխավորում է Վրաստանի սուպերլիգայի աղյուսակը: Եթե այսպես շարունակվի, նրանք չեմպիոն կդառնան: Ակումբի կազմում երկու լեգիոներ է հանդես գալիս՝ սերբ կենտրոնական խաղացող եւ երկու սեւամորթ բասկետբոլիստ:
Մրցաշարը կօգնի «Ուրարտուին» լավ պատրաստվել A լիգայի փլեյ-օֆիի խաղերին: Ցավոք, կանոնավոր առաջնության եզրափակչում Նիկիտա Զախարովը՝ մեր հիմնական խաղացողներից մեկը, վնասվածք ստացավ: Նրա բացակայությունը զգացվում է: Էդգար Բաբայանն այսօր 20 միավոր վաստակեց: «Ուրարտուի» խաղը չստացվեց, եւ նա ստիպված էր հաճախ խաղն իր վրա վերցնել: Մոսկովյան ակումբի հետ խաղից մենք եզրակացություններ կանենք, որպեսզի մյուս խաղերում հաջող հանդես գանք»,-ասաց մարզիչը: