Պետրոսյան-Շահինյան սպասված մենամարտը՝ ապրիլի 1-ին (տեսանյութ+լուսանկարներ)
05.03.18 11:12Ամիսներ առաջ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Շվեդիայում ապրող հայ երիտասարդը՝ հղում անելով Arm Fighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին, ցանկություն հայտնեց 66կգ քաշային կարգում մենամարտ անցկացնել Հայաստանում: Բավական ինքնավստահ երիտասարդի ցանկությունը՝ ուղղված Ղուկասյանին երկար սպասեցնել չտվեց: Հայկ Ղուկասյանն էլ իր հերթին` Facebook-ի իր էջում գրառում կատարեց, նշելով, որ սիրով սպասում է Սարգիս Պետրոսյանին Հայաստանում՝ իր երազանքը կատարելու համար:
Երկար բանակցություններից հետո, վերջապես շատ շուտով սպասված մենամարտը կկայանա: Ապրիլի 1-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում ռինգ կմտնեն 10 երկրների ուժեղագույն մարզիկները: Առաջին անգամ ArmFC վարկածով չեմպիոնական գոտու համար կմենամարտեն Ալբերտ Ղազարյանն ու Իգոր Գոնչարովը։ Թեև երեկոյի գլխավոր մենամարտը Ղազարյան-Գոնչարով դիմակայությունն է, հանդիսատեսը հնարավորություն կունենա հենց այդ օրը վերջապես տեսնել երկար սպասված մենամարտը՝ Շվեդիայում ապրող հայ մարզիկ Սարգիս Պետրոսյանի մասնակցությամբ: Օրը իսկապես խոստումնալից է լինելու, մենամարտող մարզաձևի սիրահարներին թեժ երեկո է սպասվում:
Սարգիս Պետրոսյանի հետ հարցազրույցը ավելի վաղ ներկայացրել ենք ձեզ, որտեղ մարզիկը նշում է, որ ցանկանում է մենամարտել Հայաստանում ու ներկաներին տալ այն մենամարտը, որը մինչ օրս նրանք չեն տեսել: Ահա և ժամանակը հասունացել է: Սարգիսի մրցակիցը Դավիթ Շահինյանն է: Հատկանշական է, որ Շահինյանը չի ներկայացնում Արմֆայթինգ ֆեդերացիան, պարզապես լսելով Սարգսի՝ մենամարտելու ցանկության մասին, ինքն էլ է ցանկացել ու դիմելով Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին, ցանկություն է հայտնել մենամարտել Պետրոսյանի հետ: Դավիթը տեսաուղերձով իր խոսքն է փոխանցել երկրպագուներին ու մասնավորապես մրցակցին՝ Սարգիս Պետրոսյանին:
Հետաքրքիր է, որ Հայկ Ղուկասյանը մի քանի անգամ իր հարցազրույցներում նշել է, որ ֆեդերացիայի գրեթե բոլոր մարզիկներն են ցանկանում մենամարտել Սարգիս Պետրոսյանի հետ՝ նրա առաջին իսկ տեսաուղերձից հետո, որտեղ հստակ նշում է, որ պատրաստ է մենամարտել յուրաքանչյուրի հետ, յուրաքանչյուր տեղում ու ժամին:
Ապրիլի 1-ին կայանալիք մենամատերի ու թե ինչպես ստացվեց, որ Պետրոսյանի հետ մենամարել ցանկացող այդքան մարզիկներից ի վերջո ընտրվեց Դավիթը, զրուցել ենք պարոն Ղուկասյանի հետ:
-Պրն. Ղուկասյան, մի փոքր պատմեք ապրիլի 1-ին կայանալիք երեկոյի մասին:
-Ընդհանուր 10 մենամարտ մեկ երեկոյի ընթացքում: Գլխավոր մենամարտը Ալբերտ Ղազարյան և Իգոր Գոնչարով մենամարտն է: Առաջին անգամ պատմության մեջ ArmFC վարկածով 52կգ չեմպիոնական գոտու մենամարտն է։ Կմասնակցեն Աֆղանստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ղրղզստանից և Ղազախստանից ժամանած լավագույն մարզիկներ։ Համոզված եմ, որ շատ դիտարժան է լինելու մենամարտերը, քանի որ հյուրեր ունենք աշխարհի տարբեր երկրներից այս մրցաշարի հետ կապված։
-Որքա՞ն արժեն տոմսերը և ինչպե՞ս կարող են ցանկացողները ձեռք բերել:
-Տոմսը արժե՝ 1000, 3000 և 5000 ՀՀ դրամ: Մատչելի ենք դրել, որպեսզի հասանելի լինի բոլորին: Քիչ քանակությամբ տոմսեր են մնացել: Կարծում եմ, որ վերջանալուց հետո կհայտնվեն նաև «սև շուկայում»: Տոմսեր ձեռք բերելու համար կարող են զանգահարել՝ 099131313 համարով:
-Սարգիսը իր տեսաուղերձներով տարբերվեց բոլոր մարզիկներից՝ իր վստահությամբ: Համացանցում բավական քննադատվեց նրա այդ քայլը , ինչպե՞ս եք վերաբերվում նրա այդ պահվածքը:
- Ես նորմալ եմ գնահատում Սարգիսի պահվածքը, քանի որ նման պահվածքի շատ եմ հանդիպել։ Սա ուղղակի Հայաստանում ընդունված չէ, իմ կարծիքով նա հենց էնպես չէ, որ իրեն այսպես է պահում։
-Օրերս Դավիթն էլ իր հարցազրույցում կարելի է ասել մարզիկին ոչ հարիր ձևով արտահայտվեց մրցակցի մասին՝ նշելով, որ մենամարտի օրը ջարդելու է մրցակցի ոտքերը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես չեմ ճանաչում, ինձ նույնպես հետաքրքիր է ինչ է լինելու ռինգում։ Որպես ArmFC կազմակերպության ղեկավար մրցաշարը կազմակերպող կողմն եմ, նրանք չեն ներկայացնում ԱրմՖայթինգ ֆեդերացիան։ Ես սիրում եմ նոր զարգացումներ և հետաքրքրություն դեպի պրոֆեսիոնալ սպորտը: Մեր հավաքականի տղաներից ամեն օր ինձ խնդրում են մարտ կազմակերպեմ Սարգիսի հետ, բայց աշխատանքը չի կարելի ղեկավարել էմոցիաներով։ Ես արգելել եմ ցանկացած մեկնաբանություն համացանցում նրա հասցեին, չի կարելի թելադրվել, ամեն մի մարզիկ գիտե իր տեղը։ Ես ղեկավարում եմ 3 վարկանիշային կազմակերպություն և հաճախ եմ հանդիպում նման ցանկությունների և իրավիճակի, որոշումը իմն է։
-Սարգիսը կշռում է 66կգ, Դավիթը՝ 98. Որպես կազմակերպիչ և մասնագետ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, վտանգված չէ՞ արդյոք թեթև քաշային մարզիկի առողջությունը:
-Մենք հանդես ենք գալիս որպես կազմակերպիչ կողմ: Եթե նա ցանկանում է մեր օրենքներով, առանց խաղտումների մենամարտել նույնիսկ «արջի» հետ, ապա ես խնդիր չեմ տեսնում: Նման օրինակներ շատ են եղել: