Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան
17.01.18 10:43Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտարարել է նրա եղբայր Ասիսը O Globo-ին տված հարցազրույցում:
37-ամյա Ռոնալդինյոն մոտ 2,5 տարի չէր մասնակցել պաշտոնական խաղերի: Նա վերջին անգամ այդպիսի հանդիպման մասնակցություն է ունեցել 2015թ. սեպտեմբերի 27-ին, բայց միայն հիմա է հայտարարել կարիերան ավարտելու մասին:
«Ռոնալդինյոն ավարտել է կարիերան: Դա վերջնական որոշում է: Մենք մեծամասշտաբ ինչ-որ բան կկազմակերպենք աշխարհի առաջնությունից հետո, հնարավոր է՝ օգոստոսին: Մենք միջոցառումների շարք կունենանք Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում: Եվ, իհարկե, Բրազիլիայի հավաքականը խաղ կանցկացնի»,- ասել է Ռոնալդինյոյի եղբայրը:
Ֆուտբոլային «Կախարդն» իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրեմիոյում», ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Ատլետիկու Մինեյրուում», «Կերետարոյում» և «Ֆլումինենսեում»: 2016-2017թթ. մինի-ֆուտբոլի մի քանի հանդիպման է մասնակցել Հնդկաստանում:
Ռոնալդինյոն «Բարսելոնայի» կազմում 2005թ. նվաճել է «Ոսկե գնդակը», 2006թ. դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով 2002թ. հռչակվել է աշխարհի չեմպիոն: