Նարեկ Իսկանդարյանի գլխավորած թիմը՝ 8 մասնակցով հայրենիք է վերադարձել 3 Գավաթով ու 10 մեդալով
08.11.17 09:00Լեհաստանի Լյուբլին քաղաքում հոկտեմբերի 20-22-ը կայացած Ավանդական Կարատեի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությունը հերթական անգամ նշանակալից էր պատանի հայ կարատեիստների համար: Աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանի գլխավորած թիմը՝ 8 մասնակցով հայրենիք է վերադարձել 3 Գավաթով ու 10 մեդալով: Ինչպես նշում է Նարեկ Իսկանդարյանը, մեդալները կարող էին ավելի շատ լինել: Մի փոքր չբավականացրեց մարզական բախտն ու փորձը: «Հայաստանի պատանիների հավաքականին մարզել եմ շուրջ 4 ամիս: Մեդալների քանակի հարցում սպասելիքներս բավարար են, իսկ առաջին տեղերի հարցում՝ ոչ: Ունենք մարզիկներ, ովքեր պարտավոր էին հաղթել: Օրինակ՝ Մխիթարյան Արսենը, Բադալյան Նարեկը, Իսրայելյան Դավիթը... Տղաներին չբավականացրեց մարզական բախտն ու փորձը:
3-ն էլ առաջին անգամ էին մասնակացում նման խոշոր ստուգատեսի: Մրցավարների մասին խոսելը ավելորդ եմ համարում, քանի որ ցանկացած այլ երկրում եթե կրկնակի բարձր մակարդակի չես, մի քանի գլուխ բարձր չես, ապա չես հաղթի անգամ մի փոքր առավելության դեպքում»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ եթե հաջողվի հաջորդ տարի աշխարհի առաջնությանը ներկայանալ այս կազմի մի քանի կարատեիստով, ապա միանշանակ հնարավոր կլինի ավելի բարձր մրցանակներ նվաճելը:
«Առջևում 1 տարի կա, մենք էլ մեր սխալները գիտենք, ուստի՝ այդ ժամանակահատվածը բավական է նման տաղանդավոր մարզիկներին՝ իրենց սխալների ուղղությամբ աշխատելու համար»,-նշեց Նարեկ Իսկանդարյանը: Վերջինս, ի դեպ, նույնպես ակնկալիքներ ունի աշխարհի առաջիկա առաջնությունից: Նախորդ տարի լեհական Կրակովում ավանդական կարատեի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Իսկանդարյանը իրեն ավելի պարտավորված է զգում՝ լավ հանդես գալ: «Բնականաբար, աշխարի չեմպիոն դառնալը կարիերայի վերջը չէ: Կարատեում առհասարակ «վերջ» չկա ու թե՛ ես և թե՛ իմ սաները շարժվում ենք այդ օրենքներով: Այս տարի ես ծնկի խնդիր ունեի, և այդ պատճառով չեմ մասնակցի նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Բարեբախտաբար հիմա ամեն ինչ արդեն նորմալ է, ես ինքս ինձ բուժել եմ (Նարեկը մասնագիտությամբ բժիշկ-կինեզիստ է - sport.slaq.am): Այժմ նույն ոգով և ոգևորվածությամբ մարզվում եմ: Բնականաբար, պատասխանատվությունս չեմպիոնության նկատմամբ հիմա ավելի բարձր է և բարդ, քանի որ այն պարտավորեցնող է և պահանջում է հետագայում նույնպես հաղթանակներ: Հաղթելը ավելի հեշտ է, քան հաղթածդ պահպանելը:
Դա հասկանալով՝ ավելի շատ եմ իմ վրա աշխատում»,-եզրափակեց Նարեկ Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ Լյուբլինում մեդալներ ու գավաթներ էին նվաճել հետևյալ մարզիկները Էլեն Սարգսյան - Եվրոպայի գավաթ՝ (անհատական մարզիչ Արփի Սաֆարյան) Բենիկ Մինասյան - արծաթ՝ անհատական կատա և բրոնզ՝ էմբու մրցաձևերում (անհատական մարզիչ՝ Ավետիս Սահակյան) Դավիթ Իսրայելյան - բրոնզ՝ Էմբու մրցաձև (անհատական մարզիչ՝ Գոռ Ավագյան) Նարեկ Բադալյան - արծաթ՝ անհատական կատա մրցաձև (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Արսեն Մխիթարյան – կրկնակի բրոնզ ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ Նարեկ Իսկանդարյան) Մարատ Հարությունյան – կրկնակի բորնզ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Ռոբերտ Բուդաղյան – բրոնզ թիմային կատա մրցաձև (անհատական մարզիչ ՝ Սուրեն Մաթևոսյան) Հավաքականը գլխավորում էր Հայաստանի Ավանդական Կարատե-դո Ֆեդարացիայի նախագահ՝ 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանը: Առաջնության մրցավարական կազմում Հայաստանից ընգրվեց միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը:
Հավելենո, որ Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը ֆեդերացիայի նախագահ, սենսեյ Սուրեն Մաթևոսյանի ղեկավարությամբ մեկնել է Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաք, մասնակցելու Եվրոպայի մեծահասակների հերթական առաջնությանը: