Հայկ Ղուկասյանին ու բոլոր ներկաներին տալու եմ այն մենամարտը, որը մինչ օրս իրենք չեն տեսել. Սարգիս ՊետրոսյանՀայկ Ղուկասյանին ու բոլոր ներկաներին տալու եմ այն մենամարտը, որը մինչ օրս իրենք չեն տեսել. Սարգիս Պետրոսյան

Հայկ Ղուկասյանին ու բոլոր ներկաներին տալու եմ այն մենամարտը, որը մինչ օրս իրենք չեն տեսել. Սարգիս Պետրոսյան

25.09.17 14:19
Հայկ Ղուկասյանին ու բոլոր ներկաներին տալու եմ այն մենամարտը, որը մինչ օրս իրենք չեն տեսել. Սարգիս Պետրոսյան

Օրերս համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Շվեդիայում ապրող հայ երիտասարդը՝ հղում անելով Arm Fighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին, ցանկություն հայտնեց 66կգ քաշային կարգում մենամարտ անցկացնել Հայաստանում: Բավական ինքնավստահ երիտասարդի ցանկությունը՝ ուղղված Հայկ Ղուկասյանին երկար սպասեցնել չտվեց: Ղուկասյանն էլ իր հերթին` Facebook-ի իր էջում գրառում կատարեց, նշելով, որ սիրով սպասում է Սարգիս Պետրոսյանին Հայաստանում՝ իր երազանքը կատարելու համար:


Sport.slaq.am կայքը որոշեց համացանցի միջոցով գտնել երիտասարդ հայ մարզիկին ու մի փոքր զրուցել:

-Սարգիս, շատերը ոչինչ չգիտեն քո մասին, իսկ օրերս ձեր կողմից ֆեյսբուքում տարածված տեսանյութը բավական համարձակ քայլ էր: Մի փոքր կպատմե՞ս քո մասին:

-Ծնունդով Աբովյանից եմ, մինչև 9-10 տարեկան ապրել եմ այնտեղ: Սպորտով սկսել եմ զբաղվել ավելի վաղ տարիքում: Առաջին մարզաձևս եղել է մարմնամարզությունը: 6 տարեկան էի, երբ հաճախեցի մարմնամարզության դահլիճ: Նշեմ, որ մինչ օրս էլ ինձ շատ է օգնում մարմնամարզությունը՝ մասնավորապես ճկունության առումով: Այնուհետև զբաղվել եմ սամբո-ձյուդո մարզաձևով: Մարզումներս անցկացրել եմ Աբովյանում՝ Արշալույս Բալյանի գլխավորությամբ: Այդ ժամանակ 10 տարեկան էի: Ծնողներս շատ էին վախենում ինձ համար, փոքր տարիքում շատ կռվարար էի, հիմա էլ նույնն է, ոչինչ չի փոխվել (ծիծաղում է): Իսկ ինչո՞ւ որոշեցիր զբաղվել մարտեր առանց կանոնների մարզաձևով: Քեզ ի՞նչն էր գրավել այդ մարզաձևում: Մինչ մարտեր առանց կանոնների մարզաձևին հասնելը, երկար ժամանակ պրոֆեսիոնալ ֆուտբոլո եմ խաղացել: 11 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Հոլանդիա: Կարճ ժամանակ զբաղվել եմ բռնցքամարտով ու թաեքվոնդոյով, որից հետո սկսեցի ֆուտբոլ խաղալ՝ մոտ 5-6 տարի: Հոլանդիայից հետո տեղափոխվեցինք Ֆրանսիա, այդ ժամանակ 15-տարեկան էի: Խաղում էի մեր քաղաքի՝ Ժիենի պատանեկան թիմում: Որոշ ժամանակ փորցաշրջան անցնելուց հետո ինձ առաջարկեցին պայմանագիր կնքել «Բորդո»ակումբի հետ: Քանի որ անչափահաս էի, պետք է ծնողներիս համաձայնությունը լիներ, բոլոր գործարքները պետք է կայանար ծնողներիս ներկայությամբ: Հետո որոշակի խնդիրներ եղան, չկարողացա պայմանագիր կքնել ակումբի հետ, հիասթափվեցի ու որոշեցի, որ տեղափոխվելու եմ Հայաստան: 16 տարեկան էի երբ եկա ու սկսեցի խաղալ Աբովյանի իմ տարիքային թիմու: Ճիշտ է, երկար ժամանակ չէի խաղացել, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, բայց արագ հարմարվեցի: Մեր թիմի մարզիչն էր Գագիկ Գրիգորյանը: Մի քանի խաղից հետո ցավոք թիմը ցրվեց ու ես գնացի «Բանանցի» ակադեմիա: Օրերից մի օր արթնացա ու չգիտեմ ոնց, որոշեցի որ վերջ, այլևս ֆուտբոլ չեմ ուզում խաղալ:

-Ա՞յդ ժամանակ առաջ եկավ MMA-ով զբաղվելու ցանկությունը:

Այո, թեև ինձ համար բոլոր մարզաձևերից ամենալուրջը եղել է ֆուտբոլը: Խոստովանում եմ, մինչ օրս, ամենամեծ չարչարանքս կրել եմ ֆուտբոլ խաղալու տարիներին: Ուժեղ դիմադրողականություն, արագություն, անկանոն շարժումներ, կարծում եմ դրանց բոլորին ֆուտբոլ խաղալն է նպաստել: 20 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել MMA-ով: Քանի որ ծնողներս դեմ էին, որոշեցի անձնական մարզիչ ունենալ: Մարզիչներիս հետ սկսեցինք նախ բռնցքամարտից, ապա նաև ըմբշամարտ: Սկսեցինք ամենափոքր շարժումներից: Մի որոշ ժամանակ Հայաստանում մարզվելուց հետո տեղափոխվեցի Շվեդիա, որտեղ սկսեցի ավելի խորացված, անձնական մարզիչների հսկողությամբ մարզվել: Ճիշտ է, թիմային մարզումներն էլ իրենց մեծ դերն ունեն, բայց, երբ մարզիչը աշխատում է միայն քեզ հետ, ամբողջ ընթացքում զբաղվում է միայն քեզանով, արդյունքը կրկնակի լավ է լինում: Սպորտում ամենակարևորը աշխատասիրությունն, ինչը ես ունեմ:

Фото Sirak Ohanyan.-Օրերս Facebook սոցիալական ցանցի ձեր էջում մի տեսանյութ հրապարակեցիք՝ ուղղավծ Arm Fighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին, ցանկություն հայտնելով մասնակցել իր կողմից կազմակերպվող մրցաշարերին, մենամարտելով 66կգ քաշային կարգում իր լավագույն մարզիկների հետ:

-Տարբեր երկրներից մենամարտելու հրավերներ ունեցել եմ, օրինակ հենց Շվեդիայից: Մարզիչներս էլ միշտ հորդորում էին, որ գնամ ու մենամարտեմ: Բայց միշտ էլ ցանկություն եմ ունեցել մենամարտել իմ հայրենիքում, ներկայացնել մեր երկրի դրոշը: Ճիշտ է, չեմ ապրում Հայաստանում, բայց երբ խոսքը գնում է սպորտի մասին, երկիր ներկայացնելու, ես ուզում եմ, որ դա լինի իմ երկիրը, իմ ծննդավայրը: Մի քանի անգամ տարբեր մարդկանց դիմել եմ, փորձելով ինչ-որ մենամարտեր անցկացնել, բայց չի ստացվել: Ղուկասյան Հայկի հետ անձնապես ծանոթ չեմ, չենք զրուցել: Տեսանյութը ես նկարահանեցի, տեղադրեցի իմ էջում, իսկ նա ընդունեց: Տարբեր մարդիկ տարատեսակ մեկնաբանություններ էին թողել այդ տեսանյութի տակ: Ֆեյսբուքյան մի օգտատեր էլ նշել էր, որ Կոնոր ՄկԳրեգորն էլ էր էդպես վստահ խոսում, բայց վերջում տեսանք ինչպես ավարտվեց Մեյվեզերի հետ մենամարտը: Ես չեմ սիրում համեստություն անել, այն եմ ինչ կամ, ներկայանում եմ այնպիսին ինչպիսին կամ առօրյա կյանքում:

-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր քայլը:

-Այո, ես համեստ չեմ: Մաքսիմում անում եմ այն, ինչ-որ կարող եմ: Ես սիրում եմ լավ ապրել, ես դա վաստակել եմ սեփական քրտինքով: Օրվա ընթացքում քնում եմ միայն 4 ժամ: Ունեմ սեփական երկու բիզնես ու դրա հետ մեկտեղ հասցնում եմ մարզվել: Եթե ասում եմ, որ պատրաստ եմ ընդունել 66 կգ քաշային յուրաքանչյուր մարզիկի, յուրաքանչյուր ժամի, նշանակում է լավ գիտակցում եմ խոսքերիս լրջությունը: Սիրում եմ հնարավորինս հետաքրքի դարձնել մենամարտը: Նույնիսկ սպարինգների ժամանակ, ամբողջովին նվիրվում եմ, ամենավերջին շունչս ու հոգիս եմ դնում: Կարևորը՝ ես կռվելու եմ իմ հայրենիքի դրոշի ներքո, ու հենց իմ հայրենիքում:


-Մեկնաբանություններ անողներից մի քանիսին հետաքրքում էր, թե ինչո՞ւ չեն կարողանում համացանցում գտնել ձեր մենամարտերից տեսանյութեր, ի՞նչ կասեք դրա մասին:

-Չեն գտնում, որովհետև չունեմ: Մինչ օրս պաշտոնական մենամարտ չեմ անցկացրել: Սպարինգներ եմ անցկացնում մինչև 21 տարեկանների հավաքականի լավագույն մարզիկներից մեկի՝ Լորան Բատտիի հետ, նույնիսկ ինձնից քաշային կարգով բարձր պրոֆեսիոնալ մարզիկների հետ: Բացի դա, ծնոնղներս միշտ դեմ են եղել, արդեն ասեցի դրա մասին: Գիտեք, որքան էլ մի բան ինձ համար կարևոր ու թանկ լինի, եթե ծնողս դեմ է, չի ցանկանում, ես հաստատ չեմ անի: Հայրս ու մայրս ապրում են Մոսկվայում, հաճախակի հյուր են գալիս ինձ՝ Շվեդիա: Վերջերս, երբ հայրս եկավ Շվեդիա, ինձ հետ տարա մարզադահլիճ: Մարզիչներից մեկը մի քանի ժամով պետք է բացակայեր, ինձ խնդրեց որ այդ օրը նորեկներին մարզեմ: Հայրս հենց այդ օրվանից փոխեց կարծիքը: Հենց այդ օրվանից հետո, մի փոքր էլ զրուցելով հորս հետ, կարողացա համոզել, որ ցանկանում եմ մենամարտել ու նոր ֆեյսբուքում տեղադրեցի այդ տեսանյութը: Իմ այդ քայլը ես որակում եմ՝ հարգանք ծնողի հանդեպ, ուրիշ ոչինչ:

-Իսկ եր՞բ եք պատրաստվում գալ Հայաստան:

Հոկտեմբերի 31-ին կլինեմ Հայաստանում և կարծում եմ, այդ ժամանակ էլ ամն ինչ պարզ կլինի: Կարծում եմ, որ կլինի մենամարտը, սպասելու եմ, որ ինձ մրցակից գտնեն: Ցանկանում եմ մենամարտել լավագույն մարզիկի հետ:

-Իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչ է պետք լավ մարտիկ դառնալու համար:

Фото Sirak Ohanyan.Քիչ քնել, ամեն բան սկսվում է դրանից, աշխատասիրություն ու ամենակարևորը կարգապահություն: Ցավոք, հենց դա ես չունեմ ու անկեղծ խոստովանում եմ: Ես կարող եմ մարզվել 3 ժամ, հետո գնամ ինչ-որ ակումբ լավ ժամանակ անցկացնելու, հետո զբաղվեմ իմ աշխատանքներով, ես ամեն ինչ կարողանում եմ համատեղել: Զբաղվել միայն սպորտով, դա չի նշանակում ապրել: Չեմ ցանկանում քնել, արթնանալ գնալ մարզումների ու վերջ, չէ դա ինձ համար չէ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունես ու ի՞նչ ես սպասում այդքան սպասված մենամարտից:

-Ակնկալիքներս և լավ են, և վատ: Հասկանում եմ իմ հայտարարության երկու կողմերն էլ: Որոշ մարդիկ մտածում են, որ նման կերպ ցույց եմ տվել իմ մեծամտությունը, թերագնահատել եմ մեր հայ մարզիկներին: Բայց դա այդպես չէ: Ես շատ լավ հասկանում եմ բոլորին, հարգում եմ մեր բոլոր մարզիկներին, առավել ևս իմ մրցակիցներին: Բայց երբ խոսքը գնում է մենամարտի մասին, ես պայքարում եմ մինչև վերջ: Մաքսիամալ հասկանում եմ այդ մենամարտի լրջությունը: Ակնկալում եմ, որ պիտի հաղթեմ, բայց գնահատում եմ 50-50, ոչ-ոքի մասին խոսք լինել չի կարող: Իմ բոլոր ընկերներին, հարազատներին, Հայկ Ղուկասյանին ու բոլոր ներկաներին տալու եմ այն մենամարտը, որը մինչ օրս իրենք չեն տեսել:

-Իսկ ազատ ժամանա՞կ

-Սիրում եմ ապրել, վայելել կյանքը ու ամենակարևորը՝ ազատ ժամանակ օգնում եմ ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանք էլ, մեզ բոլորիս պես մարդիկ են ու պետք է օգնենք:

Գոհար Փիլիպոսյան

Լոս Անջելես


Фото Sirak Ohanyan.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված