Նորայր Քալանթարյան. «Երեւան օփենում» ավելացել է շախմատիստների եւ մասնակից երկրների քանակը
19.09.17 11:24Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի կազմակերպիչը Երեւանի շախմատի ֆեդերացիան է:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ԵՇՖ-ի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանը հայտնեց, որ մրցաշարի աշխարհագրությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Երեւան են ժամանել 13 երկրի շախմատիստներ (2016 թ. 10 երկիր էր մասնակցել):
«Ցանկանում ենք տարեցտարի ավելացնել այդ թվերը, 2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կնշի 2800-ամյակը, եւ մեր ֆեդերացիան նախատեսում է ավելի մեծամասշտաբ մրցաշար անցկացնել: Մեր առաջին փորձը 2016 թվականին հաջողվեց, քանի որ շատ շախմատիստներ նորից հաճույքով Երեւան են վերադարձել: Եթե առաջին «Երեւան օփենում» խաղացել է 137 շախմատիստ, այս տարի այդ թիվը հասել է 153-ի: Ավելացել է գրոսմայստերների, ինչպես նաեւ միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետների քանակը (համապատասխանաբար, 25 եւ 29):
«Երեւան օփենին» մասնակցում են շախմատիստներ ոչ միայն Երեւանից, այլեւ հանրապետության մարզերից եւ Արցախից: Նմանատիպ խոշոր մրցաշարը նպաստում է շախմատի մասսայականացմանը եւ հնարավորություն է տալիս տեղի շախմատիստներին ձեռք բերելու միջազգային փորձ եւ լրացնելու միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմա»,- հայտնեց Նորայր Քալանթարյանը:
«Երեւան օփենը» (9 տուր) կընթանա սեպտեմբերի 19-ից 27-ը: