Հակոբ Սերոբյան. Առաջիկայում մեր գլխավոր մրցումն աշխարհի առաջնությունն է
30.08.17 09:18«Ունենք չեմպիոն, նշանակում է՝ գոհ եմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մարզիչն ամփոփեց Ունիվերսիադա-2017-ի արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին.
«Ես գիտեի, որ Արթուր Դավթյանը դեմ չէր լինի օղակների վարժության եզրափակչում իր տեղը զիջել Արթուր Թովմասյանին, բացի այդ վերջնական որոշումը որպես գլխավոր մարզիչ իմն էր: Մենք որոշեցինք փոփոխությունը կատարել եւ Թովմասյանն արդարացրեց մեր սպասելիքները: Չնայած՝ նա կարող էր ավելի լավ կատարել վարժությունը: Ցանկացած մրցաշարում Թովմասյանը շատ ուժեղ մրցակից է մյուս մարմնամարզիկների համար:
Արթուր Դավթյանից ոսկե մեդալ էինք ակնկալում: Բայց սա չի նշանակում՝ վատ է հանդես եկել ու այդ պատճառով մեդալ չի նվաճել: Ընդհակառակը, նա շատ լավ մասնակցեց, հատկապես բազմամարտում:
Առաջիկայում մեր գլխավոր մրցումն աշխարհի առաջնությունն է: Սակայն, մինչ այդ, սեպտեմբերին Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում Փարիզ կմեկնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը: Այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայի թիմի հետ, գուցե նաեւ Ճապոնիայի ընտրանին լինի: Սեպտեմբերի 27-ին Փարիզից կմեկնենք Կանադա՝ աշխարհի առաջնության: Շատ բարդ ու դժվար է լինելու, բայց կփորձենք անել ամեն ինչ: Վերջին տարիներին բազմամարտի եզրափակչում մասնակից չենք ունեցել աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ այս տարի Արթուր Դավթյանին կհաջողվի անել դա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Աշխարհի առաջնությունը կայանալու է Կանադայի Մոնրեալ քաղաքում հոկտեմբերի 2-8-ը: