Մեդալափայլ օր՝ հայկական սպորտում (տեսանյութ)Մեդալափայլ օր՝ հայկական սպորտում (տեսանյութ)

Մեդալափայլ օր՝ հայկական սպորտում (տեսանյութ)

09.04.17 11:45
Մեդալափայլ օր՝ հայկական սպորտում (տեսանյութ)

Երեկ ողջ օրը հայ մարզասերների ուշադրության կենտրոնում հայ ծանրորդներն էին ու ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Օրվա գեղեցիկ հաղթանակների հիմքը դրեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Ինչպես գիտեք, այս օրերին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթանում էր ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները:

Երեկ մրցահարթակ առաջինը դուրս եկավ Ռիո-2016-ի փոխչեմպիոն, 105կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: 20-ամյա ծանրորդը 414կգ (184+230) արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի 1-ին աստիճանին: Սիմոնին հաջողվեց ոսկե մեդալներ նվաճել թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում, թեև 2 դեպքում էլ եղան վրիպումներ: Բայց միայն այն փաստը, որ երկամարտի արդյունքով մեր ծանրորդը 2-րդ մրցանակակրին գերազանցեց 17կգ-ով, արդեն շատ բան է ասում:

Սիմոնի հաղթական ելույթից քիչ անց արդեն հարթակում էին ծանրամարտի հավաքականի ևս երկու ծանրորդ՝ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, որոնցից, իհարկե, սպասելիքները շատ էին:

Հուրախություն բոլորիս, տղաները արդարացրեցին սպասելիքները: Ճիշտ է, այս քաշային կարգում մենք միայն 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրեցինք, բայց իսկական ոգևորություն էր տիրում դահլիճում. պատվո հարթակի վրա կանգնած էին մեր երկու հսկաները:

Արդարության համար նշենք, որ գերծանր քաշային կարգում այս տարի անհասանելի էր վրացի Լաշա Թալախաձեն, ով ոսկե մեդալ նվաճեց ինչպես պոկում, այնպես էլ հրում վարժություններում, իսկ երկամարտի 467կգ արդյունքով անհասանելի դարձավ բոլորի համար: Երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան մեր ծանրորդներին:

Երկամարտի 446 կգ արդյունքով արծաթե մեդալը բաժին հասավ Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեց Ռուբեն Ալեքսանյանը: Վերջինս երկամարտում գրանցեց 434 (190+244) կգ:

Ծանրամարտում տարբեր փայլի մեդալներից հետո հայ մարզասերներին ևս մեկ հաղթանակ էր սպասվում: Նոր մրցաշրջանում իր առաջին մրցաշարն անցկացրեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:


Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ կայացավ էստոնացի լեգենդար ըմբիշ Քրիստիան Պալուսալուի միջազգային հուշամրցաշարը, որին փայլուն մասնակցեց Արսեն Ջուլֆալակյանը՝ նվաճելով ոսկե մեդալ: Արսենն իր գոտեմարտերը սկսել է 1/4-րդ եզրափակչից: Անցկացրած բոլոր 3 գոտեմարտերում հաղթանակի է հասել միևնույն՝ 8:0 հաշվով: Ահա այսպիսի մեդալաշատ օր հայկական սպորտում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված