40 տարի է անցել Արքայական ավտոսպորտի ամենազարհուրելի վթարներից մեկից (տեսանյութ)
01.08.16 21:4940 տարի առաջ ա՛յս օրը լեգենդար «կանաչ դժոխքում» տեղի ունեցած վթարը ծանոթ է ավտոսպորտի բոլոր սիրահարներին:
Գերմանիայի գրան-պրիի 2-րդ շրջանում՝ Նյուրբուրգրինգում ավստրիացի Նիկի Լաուդայի Ferrari-ն դուրս թռավ վազքուղուց, հարվածեց եզրաքարին ու ետ «թռավ» վազքուղի, որտեղ հարվածեց Բրետտ Լունգերի բոլիդին:
2 բոլիդներն էլ այրվեցին: Լունգերը կարողացավ դուրս գալ մեքենայից, իսկ այ Լաուդան մնաց կոկպիտում:
Լունգերը, ինչպես նաև Արտուրո Մերցարիոն ու Գայ Էդվարդսը փորձեցին հանել իրենց կոլեգային այրվող մեքենայից, սակայն դա հաջողվեց ոչ միանգամից:
Լրջագույն այրվածքների արդյունքում Լաուդան կոմայի մեջ հայտնվեց, ու բժիշկները կասկածում էին՝ կհաջողվի՞ արդյոք նրան ողջ մնալ: Հաջողվեց….4 օր անց ավստրիացին դուրս եկավ կոմայից, իսկ այդ սարսափելի վթարից 6 շաբաթ անց Լաուդան վերադարձավ մրցուղի ու պարտվեց չեմպիոնական տիտղոսը Ջեյմս Հանթին ընդամենը 1 միավորի տարբերությամբ:
Այդ վթարից հետո Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակը» դադարեց F1-ի գրան-պրիներ ընդունել՝ մրցարշավը թողնելով GP օղակին:
Իսկ 2013թ-ին էկրաններ բարձրացավ ռեժիսոր Ռոն Հովարդի Rush ֆիլմը, որը պատմում էր 1976թ-ին Ջեյմս Հանթի ու Նիկի Լաուդայի՝ չեմպիոնության համար պայքարի մասին, այդ թվում նաեւ օգոստոսի 1-ին տեղի ունեցած այս սարսափելի վթարի, որը միանշանակ Արքայական ավտոսպորտի ամենազարհուրելի վթարիների թվում է: