Ռոլանդ Ռատցենբերգեր՝ Իմոլայի սև ուիք-էնդի 1-ին զոհը (տեսանյութ)Ռոլանդ Ռատցենբերգեր՝ Իմոլայի սև ուիք-էնդի 1-ին զոհը (տեսանյութ)

Ռոլանդ Ռատցենբերգեր՝ Իմոլայի սև ուիք-էնդի 1-ին զոհը (տեսանյութ)

30.04.16 12:36
Ռոլանդ Ռատցենբերգեր՝ Իմոլայի սև ուիք-էնդի 1-ին զոհը (տեսանյութ)

Այս օրերին արդեն 22 տարի է՝ սովորաբար հիշում են բրազիլացի մեծ «Հրաշագործին»՝ Այրթոն Սեննային...

22 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 30-ին Ռոլանդ Ռատցենբերվերը դարձավ Իմոլայի հայտնի «սև ուիք-էնդի» առաջին զոհը... Սակայն արդեն հաջորդ օրը նրա ողբերգական մահը երկրորդ պլան անցավ, երբ Էնցո ու Դինո Ֆերրարիների անվան ավտոդրոմում վթարվեց աշխարհի եռակի չեմպիոն Այրթոն Սեննան:

Այդ օրվանից ի վեր Ռատցենբերգերի մասին խոսում են հիմնականում Այրթոնի մահվան համատեքստում...

Այդ չարաբաստիկ մրցաշրջանն առաջինն էր F1-ում 34-ամյա արշավորդի համար.. Դեպի F1 նա շատ երկար էր գնացել: Ու դժվար էլ ստացվեցին այն մի քանի մրցարշավները, որոնց նա հասցրեց մասնակցել (հանուն արդարության նշենք, որ նրա պայմանագիրը Simtek-ի հետ միայն մի քանի մրցարշավի համար էր նախատեսված):

Մրցաշրջանի 1-ին էտապին Ռոլանդը չկարողացավ մասնակցել՝ որակավորվեց միայն 27-րդը, մինչդեռ բուն մրցարշավին մասնակցում էին միայն 26-ը: 2-րդ մրցարշավին նա վերջապես մասնակցեց ու անգամ 11-րդը հատեց եզրագիծը՝ լավագույն արդյունքը իր F1-յան կարիերայի ընթացքում...

Ապա՝ չարաբաստիկ Իմոլան... հենց սկզբից ամեն ինչ այնպես չէր ընթանում. Ռուբենս Բարիկելլոյի վթարը լուրջ շոկ էր պադդոկի համար, բայց միևնույն է՝ show must go on...Ու շոուն շարունակվեց. որակավորման երկրորդ մրցումների ժամանակ արշավորդը դուրս թռավ Aqua Minerale շրջադարձից... Թվում էր՝ ակնհայտ է՝ պետք է անցնել բոքսեր, ստուգել բոլիդը, բայց արշավորդը գնաց արագ շրջանի, քանի որ վստահ չէր, որ Բերտրան Գաշոն իրեն չի շրջանցի:

Ասում են՝ այդ նույն րոպեներին նրա ծնողները՝ Ռուդին ու Մարջիթը, միացրել են հեռուստացույցը ու տեսել, թե ինչպես է մեքենան ահռելի արագությամբ բախվում եզրապատին: Հաջորդ վայրկյանը Ռատցենբերգերները պիտի հիշեին ողջ կյանքում. «Ռատցենբերգերն էր»,-գոռացել է Eurosport-ի մեկնաբան Ջոն Ուոթսոնը: Ու նրանց զալցբուրգյան հյուրասենյակում քար լռություն տիրել... Ժամը 13:18 էր:

Իրադարձությունների հաջորդականությունը պարզ էր. Տամբուրելլո արագընթաց շրջադարձում Ռոլանդի Simtek-ի հակաթևը պոկվել էր, ու կառավարումը կորցրած մեքենան 314կմ/ժ արագությամբ դուրս էր թռել մրցուղուց ու Վիլնև վիրաժում բախվել էր եզրապատին: Ջարդուփշուր եղած Simtek-ը իներցիայով հասել էր մինչև «Տոզա» շրջադարձ: Ռոլանդը կոկպիտում էր, որը կարծես թե չէր էլ վնասվել.. Նստած էր՝ գլուխը կախ գցած ու չէր շարժվում: Ավստրիացու սաղավարտի վրայով արյուն էր հոսում:

«Մեքենաները չափազանց կայուն են, բայց արշավորդների մարմինները ունակ չեն նման հարվածների դիմանալ»,-դրանից մի քանի օր անց ասել էր Նայջել Մենսելլը:

Ընդամենը 12 վայրկյան անց տեղում էին բժիշկները, սաղավարտը հանված էր, արհեստական շնչառության ապարատը միացված, սրտի մասսաժը արված, էլեկտրոշոկը՝ փորձված... Բայց ամեն ինչ զուր էր:

14:15-ին Մաջիորե հոսպիտալում գրանցվեց արշավորդի մահը...

Իսկ այդ ընթացքում Այրթոն Սեննան, ով իր կյանքի վերջին 24 ժամն էր ապրում, խնդրեց անվտանգության մեքենաներից մեկով տեսնել վթարի վայրը... Նա ուսումնասիրում էր, զրուցում ստյուարդների հետ, ինչի համար էլ հետո լուրջ նկատողություն ստացավ մրցարշավի տնօրինությունից՝ վթարի վայր ինքնակամ մուտք գործելու համար: Ու որքան էլ նա բացատրեց, հիմնավորեց վթարի պատճառների լրջագույն հետաքննության մասին, նրա խոսքերը մնացին օդում...

Ռատցենբերգերն արդեն չկար, ընդամենը 1 օր անց այդ նույն վայրից ընդամենը մի քանի մետրի վրա զոհվեց նաև Սեննան, ում թևքից չարաբաստիկ վթարից հետո ներկաները հանել էին արնոտված ավստրիական դրոշը ի պատիվ ու ի հիշատակ ընդամենը 54 օր F1-ում անցկացրած Ռոլանդ Ռացենբերգերի...

Հ.Գ.

Մահից ընդամենը մի քանի օր առաջ Ռոլանդ Ռատցենբերգերին հարցրել էին՝ արդյո՞ք նա չի վախենում զոհվել F1-ում, ինչին նա պատասխանել էր, «Մրցարշավները զվարճանք են ու դրանցում ոչ մի վտանգավոր բան չկա. 200կմ դեպի հարավ պատերազմ է ընթանում ու այնտեղ են մարդիկ զոհվում»:


Գայանե Նազարյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված