Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի 2016թ-ի չեմպիոնուհի
16.04.16 17:39Լոնդոնի օլիմպական խաղերի մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը Նորվեգական Ֆորդե քաղաքում անցնող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 75+ կգ քաշային կանանց պայքարում ուժեղագույնն էր:
Մեր ծանրորդուհին պոկում վարժությունում գլխավերեւում պահեց նախ 107 կգ, ապա՝ 111 կգ և վերջապես 113 կգ ծանրությամբ ծանրաձողը՝ հաղթելով իր բոլոր մրցակցուհիներին:
Հրում վարժությունում Հռիփսիմեն կրկին անգերազանցելի էր. ա նախ գլխավերեւում պահեց 133 կգ-անոց ծանրաձողը, ապա՝ բոլոր մրցակցիների ելույթներից հետո մոտեցավ 2-րդ անգամ ու ֆիքսեց 137կգ-ը՝ արդեն 3-րդ մոտեցման կարիքը չունենալով: Այսպիսով մեր մարզուհին երկամարտի 250կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի:
Նույն վարժության մեր 2-րդ մասնակիցը՝ 17-ամյա Արփինե Դալալյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 88 կգ, հետո 93 կգ-անոց ծանրաձողերը, սակայն 96 կգ կշռող ծանրաձողը բարձրացնել չկարողացավ, իսկ հրում վարժությունում Դալալյանը բարձրացրեց միայն 120 կգ ու երկամարտի արդյունքով 6-րդն է:
Նշենք, որ ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն 105կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 402կգ արդյունքով: Պոկում վարժությունում իր բարձրացրած միակ՝ 182 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում գրանցած 220կգ-ով 3-րդն էր: