VLN 1-ին մրցարշավը հաջող չդասավորվեց Գորոյանի համար (տեսանյութ)VLN 1-ին մրցարշավը հաջող չդասավորվեց Գորոյանի համար (տեսանյութ)

VLN 1-ին մրցարշավը հաջող չդասավորվեց Գորոյանի համար (տեսանյութ)

10.04.16 13:49
VLN 1-ին մրցարշավը հաջող չդասավորվեց Գորոյանի համար (տեսանյութ)

Անցած հանգստյան օրերին Այֆել լեռներում գտնվող լեգենդար«Նյուրբուրգրինգում» մեկնարկեց VLN նոր մրցաշրջանն իր 1-ին` 4-ժամյա մրցարշավով:

Ինչպես Sport.Slaq.am-ն արդեն տեղեկացրել էր՝ այդ մրցարշավը որոշիչ էր լինելու Հայաստանը ներկայացնող արշավորդ Արթուր Գորոյանի համար՝ կողմնորոշվելու ու որոշում կայացնելու, թե հնարավոր մի քանի տարբերակներից ո՛րն է ընտրելու ու ի վերջո՝ ո՞ր թիմի կազմում է մասնակցելու մայիսի 26-29-ը Նյուրբուրգրինգի լեգենդար 24-ժամյա մարաթոնին՝ ADAC Zurich 24-Hour Race-ին:

Մրցարշավային 1-ին ուիք-էնդը, սակայն, հաջող չդասավորվեց հայ արշավորդի համար:

Գորոյանի Opel Astra Opc Cup-ը (Lubner Motorsport-ի 2-րդ էկիպաժն այս դասում) որակավորման մրցումներում 4-րդն էր: Նշենք, որ մարզումները շատ արագ՝ հենց առաջին շրջանում ընդհատվեցին կարմիր դրոշներով, ապա նաեւ՝ չշարունակվեցին Porsche Cayman GT4-ի՝ խոշոր վթարի պատճառով:

Բուն 4-ժամանոց մրցարշավը նույնպես հաջող չդասավորվեց:

Գորոյանի Lubner Motorsport-ը դասում գրանցեց միայն 6-րդ ժամանակը:

Անհաջող ուիք-էնդի մանրամասներն ու նաեւ՝ հետագա անելիքները մեզ համար պարզաբանեց անձամբ արշավորդը:

-Ես մեծ հույսեր ունեի, որ նախորդ մրցաշրջանի հաջող վերջնամասը (24 ժամվա ընթացքում Եվրոպայի տարբեր ծայրերում նվաժած 2 գավաթները – Sport.Slaq.am) իր շարունակությունը կգտնի նաեւ այս՝ նոր մրցաշրջանում:

Սակայն իմ բախտը, ցավոք, բացարձակ չի բերում Opel-ի հետ. 2014թ-ի Նյուրբուրգրինգի 24 ժամին էլ կրկին Opel-ի հետ մենք 2-րդն էինք գիշերը, սակայն մեր հաղորդակը խափանվեց: Նույնը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին:

Անձամբ իմ կողմից ես իդեալական էի պատրաստվել, պայմանավորվածություն էի ձեռք վերել չեմպիոնների հետ (Lubner Motorsport-ը 2015-ին հաղթեց ողջ առաջնությունն ու 24-ժամյա մարաթոնը CUP1 դասում):

Թիմը 2 մեքենայով էր մասնակցում այս մրցարշավին: Մի մեքենայով իմ ընկեր Գլեբ Կուտեպովն էր Ուկրաինյայից` ավստրիացի ու գերմանացի արշավորդների հետ, մյուսում ես՝ 2 շվեյցարացիների հետ: Մարզումներն, ինչպես գիտեք, չեղարկեցին 1-ին շրջանում տեղի ունեցած վթարի պատճառով, այնպես որ չմարզվեցինք, սակայն բոլորիս համար պայմանները նույնն էին:

Որակավորման իմ ժամանակն ինձ համար լավն էր ու ես գոհ էի:

Մրցարշավին իմ թիմակիցը փիթ-լեյնից դուրս եկավ 3-րդ դիրքում ու ես տեսա, որ նա առանց տեսանելի պատճառի բաց թողեց 4-րդին, 5-րդին… Նա անփորձ էր, ու մտածեցի, որ պարզապես չկարողացավ պայքարել, մինչդեռ իրականում շատ կոշտ պայքար էր դիրքի համար: Նրա վերադարձին մենք իմացանք խնդիրների մասին, որը թիմը փորձեց վերացնել, սակայն արդեն իմ արշավման ընթացքում զգացի նույն խնդիրները հաղորդակի հետ, որոշում կայացրեցի՝ գալ փիթ-ստոպի: Կարծեց թե ինչ-որ բան արվեց, բայց խնդիրը չվերացավ: Ռիսկը մեծ էր՝ այդպես շարունակելը, ու թիմը որոշում ընդունեց ուղղակի եզրագիծը հատել, քանի որ մեծ էր անվի անջատման վտանգը:

-Արթո՛ւր, մեր նախորդ զրույցում նշել էիր, որ 1-ին մրցարշավը քեզ համար որոշիչ պիտի լինի 24-ժամյա մրցարշավի կոնտեքստում: Հետե՞ւել ես քո մյուս թեկնածուներին, ո՞ր թիմն ու մեքենան են քեզ վրա առավել լավ տպավորություն թողել ու առհասարակ՝ 24-ժամյա մրցարշավի վերաբերյալ ծրագրերդ հստակեցե՞լ են:

-1-ին մրցարշավում ես մտադիր էի համեմատել տարբեր թիմերը, վերաբերմունքը, հարմարավետությունն ու կոմֆորտը, քանի որ 24-ժամյա մրցարշավի պարագայում դա անչափ կարեւոր է: Խոսքը ինչ-որ բզիկների մասին չէ, այլ՝ այդ լարված մթնոլորտում հաջորդ սեթերի համար թե՛ ֆիզիկական ու թե՛ մտավոր տեսանկյունից արագ հանգստանալու:

Մյուս 2 թեկնածուներս 1-ին մրցարշավին չէին մասնակցում:

2-րդ մրցարշավս ես կանցկացնեմ գործարանային թիմի հետ, որն անցած տարի պոդիումային եզրագիծ ունեցավ: Ինչպես արդեն քանիցս ասել եմ՝ այդ մրցարշավը նվիրված կլինի մեքենայի կարգավորումներին: Իսկ ինչ վերաբերում է ADAC Zurich 24-Hour Race-ին, ապա ես բանակցություններ եմ վարել մի քանի թիմերի հետ ու արդեն առաջիկա օրերին պայմանագիր կկնքեմ:


Գ.Ն.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված