Մրցաշրջանի 1-ին մրցարշավը որոշիչ կլինի Գորոյանի համար
29.03.16 14:57
Ընդամենը 10 օր առաջ Այֆել լեռներում` լեգենդար Հյուսիսային օղակում մեկնարկեցին տուրիստական օրերը, իսկ արդեն առաջիկա հանգստյան օրերին կմեկնարկի VLN նոր մրցաշրջանը 1-ին` 4-ժամյա մրցարշավով:
B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանն, ով նախորդ տարեվերջին պայմանավորվածություն էր ձեռք բերել Audi գործարանային թիմի հետ, այնուամենայնիվ ապրիլի 2-ին մրցուղի դուրս կգա չեմպիոնական Lubner Motorsport-ի Opel Astra OPC CUP-ով: Ինչո՞ւ: Պարզաբանում է անձամբ արշավորդը:
-2016-մրցաշրջանի համար ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել չեմպիոնական Lubner Motorsport թիմի (Lubner Motorsport-ը 2015-ին հաղթեց ողջ առաջնությունն ու 24-ժամյա մարաթոնը CUP1 դասում) հետ՝ Opel Astra OPC CUP-ով 2 մրցարշավի մասնակցելու:
Խոսքս ապրիլի 2-ին ու մայիսի 17-ին կայանալիք մրցարշավների մասին է:
Իսկ մրցաշրջանի արդեն 2-րդ մրցարշավին՝ ապրիլի 30-ին, ես կմասնակցեմ Audi-ի գործարանային թիմի կազմում:
Առայժմ բանակցություններ եմ վարում 24-ժամյա մրցարշավի վերաբերյալ:
Բոլովորին վերջերս ինձ հետ կապ հաստատեց LMS Engeneering թիմի ղեկավարը: Չի բացառվում, որ ADAC Zurich 24-Hour Race-ը`«Նյուրբուրգրինգի 24 ժամը» ես հենց նրանց հետ անցնեմ: Ինձ համար կարևորը հաղթելն է, ու ես չեմ ուզում գործարանային թիմի հետ գնալ` նախապես հասկանալով ու իմանալով, որ մենք զիջում ենք LMS Engeneering-ին:
Ամեն դեպքում, 24 ժամի վերաբերյալ վերջնական բանակցությունները կկայանան ապրիլի 2-ին: Ու տարբերակներն էլ 3-ն են` Opel-ը, գործարանային Audi-ն կամ Audi LMS Engeneering-ը:
Ու ինչի՞ց է կախված որոշումդ:
Ամեն բան կախված է 1-ին մրցարշավի արդյունքներից ու մեծապես` ինձանից:
Ես ուզում եմ հասկանալ, թե որ թիմն ու որքան է ուժեղ, որքան ու ինչպիսի ուժեղ թիմեր են հավաքված: Կփորձեմ ամենաուժեղ թիմի հետ պայմանավորվել: Բնականաբար, այդ ամենի ուրվագիծը կհստականա 1-ին մրցարշավի արդյունքում:
-Մեր վերջին զրույցի ընթացքում նշել էիր, որ մրցաշրջանի առաջին 2 մրցարշավների ընթացքում մտադիր եք աշխատել աէրոդինամիկ կախոցի հետ: Հիմա, երբ շատ բան հստակեցվել է ու նաև այլընտրանք կա, ծրագրերը, առաջնահերթություններն ու խնդիրները փոխվե՞լ են:
-Audi-ի գործարանային թիմի պարագայում բյուջեն կրճատվել է, ու կարգավորումների 2 մրցարշավի փոխարեն մեզ միայն 1 մրցարշավ են թողել ապրիլի 30-ին:
Ամեն դեպքում մրցարշավային 4 ժամը պիտի բավական լինի, քանի որ այս տարի գլոբալ նորույթներ չեն սպասվում:
Ինչ վերաբերում է ակնկալիքներին` գործարանային Audi-ի վերաբերյալ, ապա կուզեի նշել, որ մեքենայի հզորությունը 480 ձիաուժ է կազմում ու այն լիքը բաքով և արշավորդի հետ միասին կշռում է 1100կգ: Հաշվի առնելով այն փաստը, որ մեքենաների ամենահզոր դասում 600-800 ձիաուժ է, քաշն էլ՝ 1600կգ, ապա մեր Audi-ն 200 մեքենաներից արագագույն տասնյակում է:
Իսկ եթե խոսենք մրցուղու ու մրցակիցների մասին, ապա, ի տարբերություն 2015-ի, այս տարի բոլոր սահմանափակումները հանված են: Հետևաբար` շրջանների ժամանակները շատ արագ կլինեն, մանավանդ որ բոլոր մեքենաները թարմացվել են: Գործարանները 2016-ին շատ նորույթներ ունեն:
-Արթուր, վերջին մրցարշավիցդ մինչ օրս շուրջ 4 ամիս է անցել: Ինչպե՞ս ես նախապատրաստվել քեզ համար այսքան կարևոր մրցաշրջան-2016-ին:
-Նախամրցաշրջանային հատվածում ակտիվորեն զբաղվում էի բռնցքամարտով, դիմացկունության վարժություններ էի լատարում, քայլարշավներ անցկացնում՝ նվազագույնը 20կմ քայլելով, նախավարժանքի ընթացքում առնվազն 300 ցատկ էի կատարում ցատկապարանով, շուրջ 30 ձգում, օրընդմեջ 100 րոպեանդադար կարտինգով է զբաղվում: Ռեակցիաս մարզում էի ինձ համար ամենաարդյունավետ վարժասարքով՝ flight ball թենիսային գնդակով, որը ռեզինով ամրացվում էր գլխիս ու հիանալի մարզում ռեակցիան:
Այդ ամենն անցկացնում էի մրցարշավային կոմբինեզոնով: Այնպես որ՝ այժմ առանց կոմբինեզոնի այն տպավորությունն է, թե ինչ-որ բան պակասում է:
Գ.Ն.

