Դավիթ Խաչատրյանի հաջորդ մրցամարտը` մարտի 18-ին (լուսանկար)
22.01.16 11:37
Դավիթ Խաչատրյանը ապաքինվել է վերջին մենամարտում ստացած աչքի վնասվածքից ու նորից շարունակում է մարզվել:
Sport.Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում Դավիթը նշեց, որ արդեն պատրաստվում է իր առաջիկա մենամարտին, ինչից հետո արդեն կկայանա Ախմեդ Ալիևի հետ ռևանշ-մենամարտը:
Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերի 11-ին` FIGHT NIGHTS "БИТВА 20" մրցաշարի շրջանակներում Դավիթը Ախմեդ Ալիևի հետ մենամարտի 2-րդ ռաունդում ցավալի վնասվածք ստացավ, ինչի արդյունքում բաց թողեց հաղթանակը:
«Վնասվածքից հետո մոտ 1 ամիս ընդմիջում էր ինձ մոտ` չէի մարզվում:
Հիմա արդեն ամեն բան կարգին է, ամբողջովին ապաքինվել եմ ու նորից շարունակում եմ մարզվել: Այս օրերին ուսումնամարզական հավաք եմ անցկացնում Ռոստով քաղաքում:
Փետրվարին պատրաստվում էի մենամարտ ունենալ Fight Nights-ի հերթական մրցաշարում, բայց այն հետաձգվեց:
Մրցակիցս՝ Վեներ Գալիևը, մինչ այդ մենամարտը ևս մեկ մենամարտ ուներ, այնպես որ մեր հանդիպումը կկայանա մարտի 18-ին: Իսկ հետո, ինչպես և ասել եմ, Ալիևի հետ ռևանշ մենամարտն է լինելու: Նախորդ տարվա ամռանը Վեներ Գալիևն ու Ախմեդ Ալիևը մենամարտ են ունեցել, որտեղ Գալիևը նոկաուտով հաղթել է Ախմեդին»,-ասաց Խաչատրյանը:

