Ամենակարող ու ամենախենթ ԲերնինԱմենակարող ու ամենախենթ Բերնին

Ամենակարող ու ամենախենթ Բերնին

28.10.15 15:14
Ամենակարող ու ամենախենթ Բերնին

Այսօր լրանում է Արքայական ավտոսպորտի ամենաեռանդուն մարդու՝ Բերնի Էքքլսթոունի ծննդյան 85-ամյակը...

80-ն անց այս հմայիչ ալեհեր տղամարդուն «լեզու չի պտտվում» կոչել «պապիկ»: Եվ իսկապես՝ նա բացարձակ չի տեղավորվում «պապիկ» երևույթի դասական պատկերացման շրջանակներում: Նա՝ F1-ում ամենակտիվ գործող անձը, արքայական ավտոարշավի փաստացի տերը, նա, ով 79 տարեկան հասակում ամուսնալուծվեց իր երկրորդ կնոջից, իսկ 2012թ-ին ամուսնացավ 35-ամյա բրազիլուհի փաստաբան ու մոդել Ֆաբիանա Ֆլոզիի հետ, ով նրանց մինչ այդ ամենուր ուղեկցում էր: Եվ այդ «ամենուր» ասվածն էլ բառիս բուն իմաստով ողջ աշխարհն է... Ու դա զարմանալի չէ, քանի որ նա Բերնին է, ամենակարող Բերնի էքլսթոոունը:

Արշավորդից մինչև ավտոսպորտի աշխարհի տիրակալ

1938թ: 8-ամյա Բերնին Բեքսլիհիթիում արթնանում էր առավոտ ծեգին. նրան սպասում էր իր «բիզնեսը»: Փոքրիկ տղան թերթեր էր վաճառում մի քանի ուղղություններով ու դրանից ստացված գումարով կարկանդակներ գնում՝ դպրոց տանելու ու դպրոցում դրանք սպառելու համար: Բերնիի համար դպրոցի գոյությունը տանելի էր այնքանով՝ որքանով այն «շահութաբեր» էր: Կարկանդակները միայն սկիզբն էին: Տարիքի հետ շրջանառության մեջ դրվեցին ինքնահոս գրիչները, հեծանիվները՝ այն ամենն, ինչը տարեկիցների շրջանում հաջողությամբ կարելի էր վաճառել: Իսկ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բերնին թողեց դպրոցը, որոշ ժամանակ սովորեց Վուլվիչի պոլիտեխնիկ ինստիտուտում, ու ընթացքում էլի անցավ իր հին «բիզնեսին», այս անգամ՝ մոտոցիկլետների պահեստամասերի առքուվաճառքին: Այդտեղից էլ սկսվեց Բերնի էքլսթոունի ավոտարշավային կյանքը:

Բերնին՝ մոտոցիկլով

1949թ-ին ավտոսպորտի աշխարհի ապագա տերը դուրս եկավ իր առաջին մեկնարկին՝ Formula3-ի 500սմ3 դասի առաջնության էտապներից մեկում: Այդպես անցան մի քանի միջակ տարիներ, իսկ 1953թ-ին էքլսթոունը Բիլլ Ուայնթհարուսի հետ տխրահռչակ վթարից հետո որոշեց թողնել ավտոսպորտը: Որոշեց, սակայն միևնույն է վերադարձավ: Բերնին օրինականացրեց իր՝ մոտոցիկլետների պահեստամասերի առքուվաճառքի բիզնեսը, գնեց նախկին բոսսի բաժնեմասն ու սկսեց բարգավաճել...

Մոնակոյի գրան-պրի՝ 1958թ

Դա միայն առաջին քայլն էր, դրան հաջորդեց ավտոմոբիլային աուկցիոնների ֆիրմայի ստեղծումը, իսկ արդեն 1957թ-ին՝ F1-ի Connaught թիմի ձեռք բերումն ու վերջինիս արշավորդ Ստյուարտ-Լյուիս Էվանսի մենեջեր դառնալը: Սակայն 1958-ին էվանսի ողբերգական մահը Մարոկկոյի սարսափելի վթարից հետո Էքլսթոունին կրկին հեռացրեց ավտոսպորտից: Բայց ճակատագրից փախչել դեռ ոչ ոքի չէր հաջողվել՝ չհաջողվեց նաև Բերնիին: 10 տարի անց նա կրկին վերադարձավ, այս անգամ՝ Յոհեն Ռինդտի մենեջերի կարգավիճակով: Վերադարձավ ու դեմ-առ-դեմ դուրս եկավ նույն չար բախտին. 1970-ին մոնցայի վազքուղում որակավորման մրցումների ժամանակ Ռինդտը զոհվեց ու մինչ այդ վաստակած միավորնրի շնորհիվ հռչակվեց չեմպիոն՝ արդեն հետմահու: Ու դա Բերնիին ոչ թե կոտրեց, ինչպես Էվանսի մահվան դեպքում, այլ՝ ուժ տվեց: Բերնի Էքլսթոունը բոլորի համար զարմանալիորեն համառ գտնվեց՝ որոշելով հաղթել ու սանձել ճակատագրին: Ընդամենը մեկ տասնյակ տարի ու նախ Brabham թիմի սեփականատերն էր, հետո՝ ծանոթությունն էր Մաքս Մոսլիի հետ ու թիմերի շահերը ներկայացնող FOCA-ի (F1-ի կոնստրուկտորների ասոցիացիա) ստեղծումը, ապա՝ հեղափոխությունը F1-ում՝ FISA-ի (ավտոմոբիլային սպորտի միջազգային ասոցիացիա) հետ հայտնի պայքարը, որն ավարտվեց Էքլսթոունի գլխավորած FOCA-ի տրիումֆով ու F1-ի կոմմերցիոն իրավունքների ձեռքբերումով... Դրան հաջորդեց FOPA-ի (Formula One Promotions and Administration) ստեղծումը, որն արդեն կոչված էր թիմերի կոմմերցիոն իրավունքները ղեկավարել...

Ձախից աջ՝ Ջեյմս Հանթ, Նիկի Լաուդա, Բերնի Էքլսթոուն, Էմերսոն Ֆիտտիպալդի


Ամենակարող ու ամենախենթ Բերնին

Էքլսթոունի հաջողությունների ու նվաճումների մասին երկար կարելի է խոսել: Ամենակարևորը, սակայն, այն է, որ այսօր նա FOM-ի(Formula One Management) և FOA-ի (Formula One Administration) տերն է, ըստ էության՝ F 1 երևույթի՝ 4.5 մլրդ դոլարի տերուտիրակալը: Ու իր այդ դերում նա եզակի է, անկրկնելի, անգերազանցելի:

Ձախից աջ՝ Լյուիս Հեմիլթոն, Ֆերնանդո Ալոնսո, Մարկ Ուեբբեր, Բերնի Էքլսթոուն, Ջենսոն Բաթթոն, Սեբաստյան Ֆետտել

Ինչպես ասես նրան չեն կոչում՝ թե՛ հոբբիտ (կարճ (159սմ) հասակի համար), թե՛ Կարաբաս, Սուպրեմո, միստեր F1, F1-ի կնքահայր, դիկտատոր, արյունարբու շնաձուկ, գիշատիչ վագր, խորամանկ աղվես... Այս մականունների ճնշող մեծամասնությունը ավտոսպորտի աշխարհում նրա դիրքի և գործելաոճի արդյունքն ու ծնունդն են: Ասում են՝ նա յուրահատուկ տաղանդ ունի մարդկանց հետ լեզու գտնելու, համոզելու ու կարողություն դիզելու: «Այն, թե ինչպե՛ս ու ի՛նչ հեշտությամբ է նա կարողանում շատ խելացի մարդկանց հետ լեզու գտնել ու «պարտադրել» նրանց՝ իր ուզածի պես գործել և վարվել, պարզապես էքստրաօրդինար է»,-փաստում է 1996թ-ի աշխարհի չեմպիոն, անգլիացի արշավորդ Դեյմոն Հիլլը: Իսկ Բերնիի «ուզածը» հո մեծ բան չէ՞՝ ընդամենը նորանոր պայմանագրեր մեկը մեկից հարուստ մարդկանց հետ, նորանոր տարածքների «նվաճում», որը նույնպես մեծ եկամուտ է... Ինչպե՞ս է նրան այդ ամենը հաջողվում: Բացառապես իր «հոտառության» և իրավիճակը ճիշտ զգալու տաղանդի, ինչպես նաև՝ վառ երևակայության ու ճարտար լեզվի շնորհիվ...

Երբեմն գործում է շանտաժով, երբեմն՝ թիվ մեկ զենքը դիպլոմատիան է դարձնում, հետո էլ՝ պրագմատիզմն է գլուխ բարձրացնում...Բերնի էքլսթոունի զինանոցը, թվում է, թե անսպառ է... Նա կարող է կոպիտ ու կտրուկ արտահայտվել, դժգոհել ավտոդրոմից, վազքուղուց՝ դրանով իսկ մրցակցության պայմաններում «թասիբի գցելով» ու նոր բազմամիլիոնանաոց պայմանագրեր կնքելով, կարող է բարեհամբույր լինել լրագրողների հետ, որոնց հիմնականում չի էլ նկատում, ու «նրբանկատորեն» մատնանշել, թե հերթական հրաշք-ավտոդրոմի կայացման համար ի՜նչ ահռելի աշխատանք է կատարված ու ովքեր են դրա ետևում կանգնած (այդ «ովքերն» էլ, բնականաբար և շատ «պատահաբար», մեծ կարողության ու նույնչափ հնարավորությունների տեր անձիք են լինում), և դրան, բնականաբար, կհաջորդի հերթական գումարային պատուհանի բացումը... էքլսթոունն այդպիսինն է...Նա կարողանում է գումար աշխատել ու միաժամանակ կերտել արքայական ավտոարշավի այսօրվա դեմքը... Նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր F1-ի աշխարհագրությունը ընդգրկում է բառիս բուն իմաստով ողջ աշխարհը: Այն տպավորությունն է, որ համարյա ամեն շաբաթ երկրագնդի հերթական մի կետից հայտարարում են F1-ի առաջնությունն ընդունելու հայտ ներկայացնող նոր վազքուղու կառուցման մասին: Ընդ որում՝ այդ հայտերի հերթը չափազանց տարաբնույթ է՝ հարավային Աֆրիկայից մինչև դասական եվրոպական ֆրանսիա, էկզոտիկ Թաիլանդից՝ Ուկրաինա...

Կառուցում են, կառուցում, հաստատում...

Հավակնորդներն այնքան շատ են, որ, թվում է՝ տարվա 52 շաբաթն այլևս չի բավականացնի կազմակերպիչներին՝ բոլորն ընդունելու դեպքում: Սինգապուր, Հարավային Կորեա, Հնդկաստան, Աբու-Դաբի՝ այս երկրները մուտք են գործել F1 միայն վերջին 4-5 տարիներին... Ակտիվ հերթում սպասողների թիվն էլ չի պակասում ու հաստատ կավելանա, քանի դեռ ավոտարշավային կայսրության ղեկավարը Բերնի Էքլսթոունն Է: Նրա գաղափարները, երբեմն՝ խելամտության սահմաններն անցնող, բազմաթիվ են, ու փառք աստծո՝ դրանցից շատերը կյանքի չեն կոչվել... Ինչե՜ր ասես, որ նա չի առաջարկել: Հիշենք թեկուզ սրանք.

1 Արհեստական անձրև մրցավազքի ընթացքում

Վերջին շրջանում F1-ի նոր, միօրինակ ավտոդրոմների հեղինակ Գերման Տիլկեյի թեթև ձեռքով նրանցում նվազագույնի է հասցվել վազանցների հնարավորությունը: Էքլսթոունն էլ, ոչ ավել, ոչ պակաս խիստ ռադիկալ մի մեթոդ առաջարկեց՝ մրցաշարի ամենաանսպասելի պահին վազքուղու վրա ուժեղ արհեստական անձրև «կազմակերպել», չէ՞ որ անձրևային գրան-պրիները հիմնականում ավելի տեսարժան են լինում ու ավելի հարուստ են վազանցներով: Բերնին նույնիսկ այնքան «բարեհոգի» գտնվեց իր առաջարկում, որ անգամ խոստացավ արշավորդներին՝ անձրևից 2 րոպե առաջ տեղեկացնել իքս պահի մասին: Բարեբախտաբար, այդ խենթությունը դեռ չի իրագործվել, բայց՝ Էքլսթոունը ինքնասածի է...Ո՜վ գիտի, գուցե մի օր էլ արհեստական անձրևով ողողված գրան-պրիի ականատես լինենք:

2 .Մեկնարկային ցանցի մեծացում...

Բերնին յուրահատուկ է: Նա այսօր կարող է որոշել, որ արքայական ավտոարշավին պիտի մասնակցեն շատ թիմեր, ու պատրաստ կլինի ընդունել մասնակցության բոլոր հայտերն առանց քննարկելու, իսկ հաջորդ օրը՝ հասկանալով որ դա ռեալ չէ ֆինանասկան տեսանկյունից, կառաջարկի յուրաքանչյուր թիմի՝ ներկայանալ մրցումներին ոչ թե 2, այլ 3 բոլիդներով: «Ես ուզում եմ, որ մեկնարկի դուրս գան գոնե 26 բոլիդ, որոնցից առնվազն 16-ը մրցունակ կլինեն: Ի՞նչ կա: Եթե ավտարտադրողներն ի վիճակի են իրենց մրցակիցներին շարժիչներ տրամադրել, ապա դժվարություն չպիտի լինի երրորդ մեքենան ներկայացնելու հարցում...»,-պարբերաբար հայտարարում է Բերնին իր հարցազրույցներում:

Մեկնարկային ցանցը

3. Ֆիզիոթերապևտները՝ խաղից դուրս

Իսկ մի պայծառ օր էլ Բերնին արթնացավ ու հասկացավ, որ վազքուղու վրա մինչ մրցումների մեկնարկը չափազանց շատ մարդ է գտնվում, իսկ դա էլ, իր հերթին տեսքից գցում է հեռուստատեսային պատկերը... էքլսթոունն իր պայքարը որոշեց սկսել ֆիզիոթերապևտներից՝ հայտարարելով, որ ֆիզպատրաստվածության մարզիչները տեղ կզբաղեցնեն տրիբունաներում: Բարեբախտաբար, արշավորդները կարողացան միահամուռ գտնվել ու թույլ չտվեցին փոքրիկ դիկտատորին մեծ հիմարութուն անել՝ սպառնալով Ավստրալիայի գրան-պրին բոյկոտել...

4. Արգելակման համակարգերի արդյունավետության նվազեցում

Ձեզ դուր չի՞ գալիս վազանցների քիչ քանակը, արգելակման գոտին անթույլատրելի փոքրացվա՞ծ եք համարում, դժգո՞հ եք անվտանգության գոտիների լայնացումից, որը թույլ է տալիս կոպիտ սխալներ գործած արշավորդներին կրկին վերադառնալ վազքուղի... Հիանալի է: Բերնի էքլսթոունն այդ հարցի «լուծումն» էլ է առաջարկել՝ նվազեցնել արգելակների հուսալիությունը... Դա, բնականաբար, կհանգեցնի վթարների ավելացմանը, վազանցների ու մրցաշարի հետաքրքիր շրջադարձերի ականատես կլինենք... Իսկ արշավորդների անվտանգությունը... Դե՜, նրանք էլ հո շատ են, «հազար՝ էս կողմ, հազար՝ էն կողմ...»...

5.Կին-արշավորդը F1-ում

Դանիկա Պատրիկ՝ նրանցից մեկը, ում Բերնին կուզեր տեսնել F1-ում

Կնասեր ու կնամեծար Բերնիին արքայական ավտարշավի ներկապնակում մի կարևոր գույն է պակասում` կանացի գույնը: Ու պարզ չէ՝ էպատաժային բնավորությունն էր առաջնայինը, թե՞՝ Սլավիկայի հետ ամուսնալուծությունից հետո ու Ֆաբիանայի հետ հարաբերություններից առաջ կնոջ պակասը նրա կյանքում, բայց մի գեղեցիկ օր Էքլսթոունն ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հեշտությամբ եմ պատկերացնում եմ կնոջը F1-ում 3-5 տարի հետ»... Իսկ Բերնին հենց այնպես խոսքերը քամուն չի տալիս: Մեզ մնում է միայն սպասել: Բերնիի տիպի մարդկանց համար 85-ն ընդամենը հերթական տարեթիվ է, ու դեռ «ողջ կյանքն» է առջևում: Կարևորը՝ լավ ապրելու բանաձև ունենաս: Էքլսթուոնի պարագայում դժվար թե որևէ մեկը կասկածի դրա գոյությանը:

Հ.Գ.

Ձախից աջ՝ Red Bull-ի ղեկավար Քրիստիան Հորները, Բերնի Էքլսթոունն ու Սեբաստյան Ֆետտելը... Ու՝ հանրահայտ մատը

Երբ Red Bull-ը 2010թ-ին՝ Էքլսթոունի 80-ամյակին, նրան ավտորարշավային բոլիդի տեսքով զառամյալների համար քայլակ նվիրեց (համաձայնե՛ք, խիստ էքստարավագանտ մի նվեր), Բերնին չվիրավորվեց, այլ միայն միջնամատն ուղղեց դեպի նկարահանող տեսախցիկը: Դա նրա վերաբերմունքն էր ծերության հանդեպ...


Sport դե Ֆակտո ամսագիր

Գայանե Նազարյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված