Գորոյանը «Նյուրբուրգրինգի 24 ժամին» կմասնակցի Audi-ի գործարանային թիմի կազմում (լուսանկարներ)Գորոյանը «Նյուրբուրգրինգի 24 ժամին» կմասնակցի Audi-ի գործարանային թիմի կազմում (լուսանկարներ)

Գորոյանը «Նյուրբուրգրինգի 24 ժամին» կմասնակցի Audi-ի գործարանային թիմի կազմում (լուսանկարներ)

28.10.15 11:03
Գորոյանը «Նյուրբուրգրինգի 24 ժամին» կմասնակցի Audi-ի գործարանային թիմի կազմում (լուսանկարներ)

Անցած հանգստյան օրերը B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանի համար խիստ հագեցած էին:

24 ժամվա ընթացքում Եվրոպայի տարբեր կետերում՝ Մոսկվայում ու գերմանական Նյուրբուրգում 2 տարբեր մրցարշավի մասնակցեց՝ 2-ում էլ հաջողության հասնելով:

Ի՞նչը ստիպեց Արթուրին՝ մրցաշրջանի վերջնամասում նման ծանրաբեռնված գրաֆիկով ուիք-էնդ անցկացնել ու ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնալու մրցաշրջան-2016-ին: Այս հարցերի պատասխանը տալիս է հենց Արթուրը:


-Audi-ի գործարանային թիմի ղեկավարը ինձ թեսթերի էր հրավիրել՝ 2016թ-ի «Նյուրբուրգրինգի 24 ժամի» համար թիմի արշավորդ ընտրելու նպատակով: Մրցարշավային ֆորմատում անցնող թեսթերը պիտի նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ին կայանային, սակայն ինձ անհայտ պատճառներով դրանք 1 շաբաթով հետաձգվեցին ու նշանակվեցին հոկտեմբերի 25-ին:

Միևնույն ժամանակ իմ մարզիչ Սերգեյ Բալդինը հրավիրել էր հոկտեմբերի 24-ին Moscow Raceway մրցուղում մասնակցելու Russian Endurance Challenge 2015 մրցարշավին:

2 դեպքում էլ մերժել չէի կարող ու չէի ուզում, անգամ՝ ժամկետների այսպիսի համընկնման պայմաններում: Ուստի՝ որոշեցի համատեղել:

REC-ը դիմացկունության մրցարշավ է (4 ժամ), որն 1-ին անգամ էր անցկացվում Ռուսաստանում: Մենք մասնակցում էինք ՝ Citi light դասում՝ Mazda 323 մեքենայով ու հաղթեցինք. չէ՞ որ հենց դրա համար էր մարզիչս ինձ կանչել թիմ:

Իսկ Գերմանիայում 2-րդն էինք RS3A դասում ու 7-րդը՝ աբսոլյուտում՝ 200 մեքենաների թվում:

-Արթո՛ւր, նյուրբուրգրինգյան թեսթային մրցարշավում նման արդյունքը անձամբ քեզ գոհացրե՞ց ու ամենակարևորը՝ ի՞նչ հեռանկարներ բացեց:

-Նյուրբուրգրինգում մրցաշրջանի վերջին մրցարշավն էր՝ փակումը դիմացկունության 3-ժամյա մրցարշավով:

Ու այդ մրցարշավում իմ անձնական արդյունքները ապշեցրին ոչ միայն ողջ թիմին, այլև՝ անձամբ ինձ:

Auti TT 2R մեքենայով ես 3 դիրք ետ բերեցի բացարձակ հաշվարկում. մեքենան ինձ էին հանձնել 9-րդը, իսկ ես այն «բերեցի» 6-րդը:

Մեքենան դուրս շա՜տ եկավ, շատ արագ նրան ընտելացա: Ու մեքենայի գործարանի հետ աշխատանքն էլ անչափ հետաքրքիր է: Նրանք նորաագույն շատ բաներ ունեն ու մրցարշավի ընթացքում շատ հետաքրքիր նորույթներ են ստեղծվում քաղաքային մեքենաների, սովորական ավտոսիրողների օգտագործման համար:

Արդյունքս իդենտիկ էր Audi-ի գործարանային արշավորդի ցուցադրած արդյունքին, ով երկար ժամանակ է, ինչ աշխատում է մեքենայի հետ, մինչդեռ ես 1-ին անգամ էի տեսնում մեքենան:

Ու մրցարշավն էլ պարզապես թեսթ պիտի լիներ ինձ համար՝ տեսնելու, գնահատելու, մինչդեռ ստացվեց հաղթել, այնպես որ՝ արդյունքը սպասվածից շա՜տ ավելին է:

-Առջևում ապագայի մասին խոսակցություննե՞րն են:

-Ապագայի մասին մենք խոսեցինք գավաթների հանձնման արարողությանը սպասելիս: Ինչպես արդեն հասկանալի է՝ հանդես եմ գալու Audi TT մեքենայով: Մեքենայի քաշն ու հզորությունը դեռ գաղտնի են, քանի որ հաջորդ տարվա կանոնակարգը դեռ չկա ու մեքենան կպատրաստվի հենց կանոնակարգը հաշվի առնելով՝ կարգավորելով ըստ դասի:

Մինչ գլխավոր նպատակը՝ «Նյուրբուրգրինգի 24 ժամը», գարնանը թիմի կազմում կմասնակցեմ 2 մրցարշավի:

-Այս պարագայում մրցաշրջանի նախապատրաստմանը որևէ առանձնահատուկ մոտեցում կլինի՞:

-Բնականաբար: Ինչպես արդեն ասացի՝ մրցաշրջանի 1-ին 2 մրցարշավները նախապատրաստական փուլ կլինեն «24 ժամի» համար, կաշխատենք աէրոդինամիկ կախոցի հետ: Այժմ մենք գործ ունենք գործարանի հետ ու նրանք միայն ամենանոր ու ամենալավն են արտադրում: Բայց մենք մի մրցակից ունենք, որը ետ չի մնում:

Խոսքս կրկին Audi-ի Ims engeneering ենթաբաժնի մասին է:

Ինչևէ, ես արդեն իսկ պատրաստվում եմ առաջիկա մրցաշրջանին: Ֆիզիկապես շատ բարդ է, ուստի անգամ բռնցքամարտելիս ես մարզվում եմ մրցարշավային կոմբինեզոնով: Չէ՞ որ այս դասում գերբեռնվածության բացարձակ այլ մակարդակ է գործում: Սա ամենաարագ դասը չէ, բայց արագագույններից մեկն է: Ու այս վերջին մրցարշավում մենք, ինչպես արդեն ասացի, 7-րդն էինք 200 մեքենաների թվում, ասել է թե՝ արագագույնների 3%-ի թվում էինք:


Գ.Ն.

Լուսանկարները՝ Արթուր Գորոյանի ու Սերգեյ Բալդինի ֆեյսբուքյան էջերից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված