Բոցավառվող հաղթանակների ու փշրված երազանքների վազքուղին (տեսանյութ)Բոցավառվող հաղթանակների ու փշրված երազանքների վազքուղին (տեսանյութ)

Բոցավառվող հաղթանակների ու փշրված երազանքների վազքուղին (տեսանյութ)

20.09.15 13:20
Բոցավառվող հաղթանակների ու փշրված երազանքների վազքուղին (տեսանյութ)

2010թ-ին ավտոսպորտի աշխարհում LG-ի Moment of the Year մրցանակին արժանացավ Lotus-ի ֆինն արշավորդ Հեյկկի Կովալայնենը: Կովալայնենի բոլիդը բռնկվեց Սինգապուրի քաղաքային վազքուղու 59-րդ շրջանի վերջում, սակայն ֆիննը այրվող մեքենան ոչ թե փիթ-լեյն տարավ, այլ անցավ վերջինս ու կանգ առավ մեկնարկային գծի պատի մոտ: Դուրս գալով բոցավառվող բոլիդից՝ Կովալայնենը պատի աjն կողմում գտնվող վազքուղու մարշալի ձեռքից վերցրեց կրակմարիչը ու ինքնուրույն մարեց այրվող մեքենան՝ չընկրկելով «բենզինային ռումբի» առջև:

Նման ինքնամոռաց պահվածքը չէր կարող երկրպագուներին չգրավել, ուստի՝ հենց այդ դրվագը, որ բազմաթիվ լուսանկարիչներ հասցրել էին հավերժացնել, արժանացավ մրցանակին:

Իհարկե, Կովալայնենի արարքն ինքնին գեղեցիկ էր, տպավորիչ, բայց դրան լրացուցիչ գույներ ու սրություն հաղորդեց Մարինա Բեյ վազքուղին՝ 3000 լյուքս արհեստական լուսավորվածության մակարդակով սինգապուրյան գիշերում…

F1-ի մրցաշարի առաջին ու միակ ...

F1-ի յուրաքանչյուր վազքուղի ունի իր յուրահատկությունն ու ինչ-որ բանով եզակի է...Սակայն կան նաև այնպիսինները, որոնք՝ ունենալով ընդամենը մի քանի տարվա պատմություն, գերազանցում են իրենց յուրահատկությամբ տասնամյակների պատմություն ունեցող շատ ու շատ հեղինակավոր վազքուղիների:

Հենց այդպիսինն է Սինգապուր քաղաք-պետության փողոցներով անցնող Մարինա Բեյ քաղաքային վազքուղին (Marina Bay Street Circuit):

Չնայած նրան, որ F1-ի գրան-պրիի շատ էտապներ են անցնում փողոցներով, քաղաքային վազքուղի ասելիս արքայական ավտոարշավի երկրպագուներն առաջին հերթին մտաբերում են Մոնակոն: Իսկ 2008-ից ի վեր՝ նաև Սինգապուրը. այս 2 էտապները շատ ու շատ նմանություններ ունեն: Սինգապուր քաղաք-հանրապետությունը աշխարհի ամենափոքր 20 պետությունների ցուցակում է, ինչպես և Մոնակոյում՝ այստեղ ահավոր մեծ է բնակչության խտությունը՝ մեկ քառակուսի կիլոմետրին բաժին է հասնում 7200 մարդ: Իսկ ավտոդրոմի շրջանի նվազագույն միջին արագությունը Սինգապուրում զիջում է միայն Մոնակոյի վազքուղու շրջանի նվազագույն միջին արագությանը... Բայց, այսքան ընդհանրություններով հանդերձ՝ Սինգապուրին Մոնակոյից տարբերում է շատ կարևոր առանձնահատկություն. Մարինա Բեյի ուղղությունը ժամացույցի սլաքին հակառակ է: Այդպիսի միայն 4 վազքուղի կա Ֆորմուլա1-ի առաջնության օրացույցում՝ Ինտերլագոսը Բրազիլիայում, Յաս Մարինան ԱՄԷ-ում, Իսթամբուլ պարկը Թուրքիայում ու Մարինա Բեյը: Իսկ եթե հաշվի առնենք, որ Մարինա Բեյը նաև առաջին քաղաքային վազքուղին է Ասիայում, ապա նրա եզակիությունը միանշանակ կամբողջանա:

Սինգապուրյան վազքուղին ու առհասարակ՝ մրցարշավի էտապը F1-ի բոսս Բերնի Էքլսթոունի հաղթանակը կարելի է համարել. հենց նրա` Սուպրեմոյի թեթև ձեռքով վերջին 10-15 տարիներին արքայական մրցաշարերը ուղևորվեցին Ասիա՝ հաստատվելով Մալայզիայում, Բահրեյնում, Չինաստանում, Թուրքիայում ու նաև՝ Սինգապուրում...

Սակայն առ այսօր միայն Սինգապուրում ամենակարող Բերնին կարողացավ ընդհանուր հայտարարի գալ էտապի կազմակերպիչների հետ ու փրկել թե՛ FOM-ի ու թե՛ անձամբ իր գումարները, քանի որ՝ դրական կողմերի հետ մեկտեղ, ասիական գրան-պրիները մի շատ կարևոր բացասական հետևանք ունեցան: Այդպես, եվրոպացի հեռուստադիտողի համար ուղիղ հեռարձակումը Հեռավոր արևելքից սկսվում էր վաղ առավոտյան, ինչը չէր կարող աուդիտորիայի քանակի վրա չազդել: Դա էլ, իր հերթին, բերում էր գովազդի տեղադրման գների անկմանը: Հենց այդ պատճառով էլ 2005թ-ից պարբերաբար խոսվում էր գիշերային մրցարշավների անցկացման մասին, սակայն շատերն էին դեմ այդ գաղափարին, այդ թվում նաև FIA նախկին նախագահ Մաքս Մոսլին, ով հայտարարել էր, թե FIA-ն չի տա իր համաձայնությունը նման նախաձեռնության, քանի որ անտանգության երաշխիքներ չունի:

Սակայն, ի վերջո, զիջեց նաև Մոսլին ու իրականացավ Բերնի Էքլսթոունի երազանքը. 2008թ-ից Սինգապուրում սրընթաց բոլիդները առավել տպավորիչ ու շքեղ տեսք ստացան բազմաթիվ լուսարձակների լույսի ներքո...

Իտալական Valerio Maioli S.p.a կազմակերպության մասնագետները մշակեցին լուսավորման մի համակարգ, որն իրավամբ կարելի է համարել արվեստի գլուխգործոց: Այդ համակարգն արդեն մի քանի տարի է, ինչ ապահովում է օպտիմալ տեսանելիությունը գիշերային մրցարշավի համար: Ընդ որում՝ քանի որ մրցարշավը քաղաքային վազքուղում է ընթանում, համակարգը՝ 108 կմ ուժային մալուխը, 240 պողպատե սյուները և 3180000 Վատտ ընդհանուր հզորությամբ 1600 լուսարձակները մոնտաժվում ու ապամոնտաժվում են գրան-պրիի 3 օրերի համար: Լուսավորվածության այս մակարդակը ավելին քան 4 անգամ գերազանցում է սովորական ֆուտբոլային մարզադաշտի լուսավորվածությունը ու զարմանալի չէ, որ էտապի կարգախոսն է «Լուսավոր է՝ ինչպես ցերեկը»: Այս կարգախոսը սինգապուրյան գրան-պրիի հետ առնչվող ամեն ինչում է, նրանով է սկսվում ավտոդրոմի նկարագրությունը պաշտոնական փաստաթղթերում, այն ֆիքսվում է անգամ մամուլի հաղորդագրություններում...

Իմիջիայլոց, հետաքրքիր է, սակայն բոլոր լուսարձակները տեղադրված են Մարինա Բեյ վազքուղու միայն մի կողմից, որտեղ տեղադրված են նաև հեռուստախցիկները: Ու պատճառը միայն եթերում հնարավոր լուսային խոտանը չէ:

Պարզվում է՝ մեկ մետրանոց բոլիդների համար անգամ միակողմանի լուսավորվածությունն էլ բավարար է ու չի խանգարի անգամ հակադարձ ուղղություն բռնած բոլիդին, եթե ճիշտ հաշվեն լուսարձակների լույսի անկյունը: Իսկ Սինգապուրի համար սովորական արևադարձային անձրևների դեմ, որոնք կարող են խանգարել լուսավորմանը, արշավորդների սաղավարտների վիզորները ջուր վանող հատուկ ծածկույթով են պատվում՝ այդպիսով խուսափելով անցանկալի իրավիճակներից ու գոնե այդ առումով չեզոքացնելով վթարների հավանականությունը... Սակայն, ինչպես մնացած բոլոր վազքուղիներում, այնպես էլ Սինգապուրում, F1-ի արագություններով անհնար է վթարներից խուսափել:

Սինգապուրյան մրցարշավի 8 տարիների ամենահիշարժան վթարը թերևս հենց առաջին մրցաշրջանում էր՝ 2008թ-ին: Ընդ որում՝ F1-ի սիրահարները գուցե և հենց պատահարը չմտաբերեն, սակայն դրա հետևանքերը միանշանակ չեն մոռանա: Գրան-պրիի 14-րդ շրջանում Renault-ի բրազիլացի արշավորդ Նելսինյո Պիկեն վթարեց իր բոլիդը՝ ջարդուփշուր անելով այն: Արդյունքում՝ վազքուղու վրա հայտնվեց անվտանգության մեքենան, ինչն էլ էապես փոխեց մրցարշավի ընթացքը. այն բոլիդները, որոնք բոքսեր էին մտել մնացածներից շուտ, հաղթեցին այս իրավիճակում: Իսկ ամենից կարևորը՝ Renault-ում Պիկեի թիմակից Ֆերնանդո Ալոնսոն, ով բոլորից շուտ՝ 12-րդ շրջանում էր մտել բոքսեր, 15-րդ հորիզոնականից բարձրացավ 5-րդ հորիզոնական, հետո էլ՝ ձգված փիթ-ստոպի շնորհիվ, գլխավորեց պելիետոնն ու հաղթեց մրցարշավում:

Միայն 1 տարի անց` Renault-ից վտարվելուց հետո Պիկեն հրապարակավ խոստովանեց ու բաց նամակ հղեց FIA՝ տեղեկացնելով, որ այդ վթարը կանխամտածված էր թիմի ղեկավար Ֆլավիո Բրիատորեի ու գլխավոր ինժեներ Պետ Սիմոնդսի կողմից՝ Ալոնսոյի հաղթանակն ապահովելու նպատակով: Գործը երկար քննվեց, ավտոսպորտի միջազգային խորհրդի որոշմամբ թե՛ Բրատորեն ու թե՛ Սիմոնդսը ցմահ որակազրկվեցին, սակայն հետագայում՝ դատարանի որոշմամբ, ցմահ որակազրկումը փոխարինվեց ժամանակավոր որակազրկմամբ, իսկ դրանից հետո FIA-ում պատասխանատու պաշտոններ չզբաղեցնելու խոստումով: Ինչ վերաբերում էր այդ «թատերական» գործողության անմիջական մասնակիցներին՝ Ալոնսոյին ու Պիկեին, երկուսն էլ խուսափեցին պատժից: Ավելին, Նելսինյո Պիկեին խոստացված էր անձեռնմխելիություն ֆեդերացիայի կողմից, եթե վերջինս տա համապատասխան ցուցմունքներ: Սակայն այս պատահարը բացասական հետևանքներ ունեցավ նաև արշավորդի համար. Պիկեին առ այսօր շատ ու շատ արշավորդներ մեղադրում են ոչ միայն վթարը կազմակերպելու ու նրան մասնակցելու համար, այլև՝ հետագայում այդ մասին բարձրաձայնելու...Այսօր արշավորդը ինքնակամ հեռացել է արքայական մրցարշավից...

Գիշերային Սինգապուրը իր լուսավորությամբ՝ Էքլսթոունի իրականացած երազանքը, Պիկեի համար այսօր միայն փշրված կարիերա է, փշրված երազանք...

Ի դեպ... Ահա՜ թե ինչով կհիշվի 2013թ-ի Սինգապուրի գրան-պրին...



Գայանե Նազարյան

Sport de Facto ամսագիր #2, նոյեմբեր 2011թ (փոփոխված)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված