Արման Դարչինյանը՝ բրոնզե մեդալակիր
24.08.15 09:50ԱՅս օրերին Չեչնիայի հանրապետության մայրաքաղաք Գրոզնիում անցկացվում են բազմաթիվ մարզական միջոցառումներ՝ նվիրված Հանրապետության 1-ին նախագահ Ախմատ Կադիրովի ծննդյան 64-ամյակին: Դրանցից մեկում՝ Կադիրովի անունը կրող բռնցքամարտի միջազգային մրցաշարում հանդես էին գալիս նաև հայ բռնցքամարտիկները, որոնցից 69կգ քաշային Արման Դարչինյանը նախիօրեին նվաճել է բրոնզե մեդալ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ 69 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ ելույթ է ունեցել և կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Արմանի մեդալը կարող էր ավելի բարձր հարգի լինել:
Կիսաեզրափակչում ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին: Ցավոք չարաբաստիկ համակարգիչը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին:
Հիշեցնենք, որ օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը: Նախ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացավ բրոնզե մեդալի, ապա Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Արման Դարչինյանը բրոնզե մեդալի արժանացավ Կադիրովի անվան միջազգային մրցաշարում:
Օգոստոս ամսվա հաղթարշավը կարող են զարգացնել մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին: