Դավիթ Խաչատրյանն ուզում է Էդմոնդ Թարվերդյանի մոտ մարզվելԴավիթ Խաչատրյանն ուզում է Էդմոնդ Թարվերդյանի մոտ մարզվել

Դավիթ Խաչատրյանն ուզում է Էդմոնդ Թարվերդյանի մոտ մարզվել

14.08.15 15:37
Դավիթ Խաչատրյանն ուզում է Էդմոնդ Թարվերդյանի մոտ մարզվել

ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը վերջերս՝ Սոչիում կայացած հաղթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան:

Այսօր Դավիթը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու զրուցեց վերջին մենամարտի, առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին:

Վերջին մենամարտի մասին

Վերջին մենամարտս կայացավ հուլիսի 31-ին՝ Սոչիում: Fight Nights-ի հերթական մենամարտն էր: Անկեղծ ասած, մենամարտի ժամանակ առողջական խնդիրներ ունեի: Մենամարտի սկզբում ուզում էի արագ վերջացնել, ճիշտ է՝ մի քիչ թերագնահատել էի մրցակցիս, բայց ընթացքում հասկացա, որ պետք է շատ միավորներ վաստակել, քանի որ ուժեղ մրցակից է ու դժվար է լինելու արագ ավարտել մենամարտը:

Ընդհանուր առմամբ իսկապես դժվար մենամարտ էր, քանի որ դրանից ընդամենը 2 օր առաջ մրցակիցս փոխվեց, չհասցրեցի լավ ուսումնասիրել ու ծանոթանալ նրա տեխնիկային:

Վերջին 9 ամսվա ընթացքում 5 մենամարտ եմ անցկացրել, ինչն իսկապես դժվար է, մանավանդ որ՝ բոլոր մենամարտերից առաջ էլ ստիպված եմ եղել մրցակցի փոփոխություն ունենալ: Մեր մարզաձևում բավական բարձր վարկանիշ ունեմ, կարծում եմ, որ ինձ հետ մենամարտերից հրաժարվելու հիմնական պատճառը դա է:

Ռուսական ակումբում մարզվելու, բայց Հայաստանը ներկայացնելու մասին

Շուրջ 1 տարի է մարզվում եմ Ռուսաստանում, բայց ներկայացնում եմ Հայաստանը, մեր եռագույնը:

Ճիշտ է, ակումբը ռուսական է, բայց հովանավորները հայեր են ու դա ինձ հնարավորություն է տալիս՝ ներկայացնել Հայաստանը: Շատ դժվարություններ եմ հաղթահարել, բայց կարծում եմ, որ ամենամեծ դժվարությունը դեռ առջևում է, քանի որ ԱՄՆ-ում իսկապես դժվար է լինելու, այնտեղ մրցակցությունը ավելի մեծ է:

Եվա Ռիվասի հետ համագործակցության մասին

Եվայի հետ ծանոթացել եմ վերջին մենամարտից առաջ: Իմ լավագույն ընկերներից մեկի միջոցով ենք ծանոթացել:

Եվան սպորտի սիրահար է, մարզիկ ընկերներ ունի ու ցանկություն հայտնեց ներկա գտնվել մենամարտին ու երկրպագել:

Բացի այդ, նա ինձ ասաց, որ պատրաստվում է երգ գրել ու կատարել, այնպիսին, որի ներքո ռինգ բարձրանամ: Կարծում եմ, որ մինչև առաջիկա մենամարտս երգը պատրաստ կլինի:

Առաջիկա ծրագրերի մասին

Օրերս եմ վերադարձել Հայաստան, մի քանի փաստաթղթային հարցեր ունեմ կարգավորելու ու պատրաստվում եմ 1 ամիս ուսումնամարզական հավաք անցկացնել ԱՄՆ-ում, որտեղ էլ, հույս ունեմ, որ վերջնականապես կլուծվի նաև UFC տեղափոխության հարցս:

Ռուսաստանում բավականաչափ մենամարտեր արդեն անցկացրել եմ ու հիմա ժամանակն է՝ UFC տեղափոխվելու:

Պարզապես UFC-ում իմ քաշային կարգը լեփ-լեցուն է: Առաջարկ կա 66կգ քաշային կարգում հանդես գալու, սակայն դրա համար մենամարտերից առաջ ստիպված եմ լինելու ոչ թե 10-12, այլ՝ 16կգ գցել, ինչը մի փոքր դժվար է ինձ համար:

Այժմ դեռ կան առաջարկներ Ռուսաստանում մենամարտեր անցկացնելու: Ճիշտ է՝ վարկանշի խնդիր այլևս չունեմ ու գրավում են միայն գումարով, սակայն առայժմ պատրաստվում եմ ԱՄՆ մեկնելուն: Ամենայն հավանականությամբ կմարզվեմ հայկական ակումբերից մեկում, կուզեի Էդմոնդ Թարվերդյանի մոտ մարզվել: Այդ մասին դեռ հստակ բանակցություններ չեն ընթացել, բայց զրուցել եմ Էդմոնդի մոտ մարզվող ընկերներիս հետ: Հուսամ, ամեն բան կստացվի:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված