Համահայկական խաղեր-2015. ուժեղագույն շախմատիստները հայտնի են
12.08.15 12:59Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը եզրագիծն են հատել համահայկական 6-րդ խաղերի շրջանակներում անցկացվող շախմատ մարզաձի դիմակայությունները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ կանանց մրցաշարում բոլորից ուժեղ է գտնվել երևանցի շախմատիստուհի Մարիամ Ավետիսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միանձնյա գրավել 1-ին տեղը: 7.5 միավորով 2-րդ տեղը բաժին է հասել Աշտարակի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանին, իսկ 3-րդ տեղը՝ 7 միավորով գրավել է գյումրեցի Անի Իվանյանը:
Շատ համառ և անզիջում պայքար է ծավալվել նաև տղամարդկանց մրցաշարում, որտեղ մի քանի շախմատիստներ մինչև վերջին րոպեները մասնակցել են մեդալների համար մղվող պայքարին: Ի վերջո, 9 հնարավորից 7.5-ական միավոր են վաստակել և համապատասխանաբար 1-3 տեղերը գրավել Էդուարդ Մկրտչյանը (Աբովյան), Դավիթ Տիրատուրյանը (Գյումրի) և Սարգիս Ա. Մանուկյանը (Երևան):