Եվա Ռիվաս. «Սա Դավթի ոսկե ուղու սկիզբն է»
05.08.15 16:37Հուլիսի 31-ին Սոչիում կայացավ Fight Nights Sochi մրցաշարը, որում ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը 3 ռաունդանոց մենամարտում վստահ հաղթանակ էր տոնել Սուլթան Աբդուրազակովի նկատմամբ:
«Շայբա» արենայում այդ մրցամարտին Դավթին զորակցում էր հայտնի երգչուհի Եվա Ռիվասը: Թե ինչն էր Եվայի պես նրբենի կնոջը բերել Սոչի ու ի՞նչ կապ ունի Եվան սպորտի հետ՝ մեր էքսկլյուզիվ հարցազրույցում:
-Եվա, որքան հասկանում եմ՝ դուք առաջին անգամը չէ, որ Դավիթի մրցամարտերին եք ներկա: Երբեք չէի մտածի, որ սիրում եք խառը մենամարտերը:
-Այո, առաջին ու հաստատ վերջին անգամը չէ(ժպտում է՝ խմբ):
Իմ ընկերն ինձ խնդրեց մի երգ ձայնագրել, որով ես կներկայացնեմ նրա մուտքը ռինգ:
Առհասարակ ես շատ բան իմ մասին չեմ պատմել: Ես սիրում եմ տարատեսակ մենամարտեր: Ու ընդհանրապես անտարբեր չեմ սպորտի նկատմամբ:
Ինձ համար Դավիթը անչափ հետաքրքիր ու ամենաուժեղ մարտիկն է, ես նրա մրցամարտերին անվերջ կարող եմ հետևել:
-Ինչպե՞ս ծանոթացաք Դավթի հետ:
-Իմ լավ ընկերը հետաքրքրված է Դավթի մարզական կյանքով ու հաջողություններով: Հենց նա էլ մեզ ծանոթացրեց: Ու անկեղծ եմ ասում՝ ինձ ապշեցրեց, թե որքա՜ն է այդ մարդն իր բնավորությամբ հակադարձ ռինգում իր վարքին:
Նա շատ հանդարտ, համեստ ու հանգիստ է, մինչդեռ ռինգում դառնում է ագրեսիվ, դաժան և անդիմադրելի, ու ոչ մի հնարավորություն չի տալիս մրցակցին:
Ես նրա 2 մրցամարտի եմ ներկա եղել, մնացածները դիտել եմ տեսագրությամբ: Ամենից հզոր տպավորությունը վրաս գործել է վերջին մրցամարտը: Կարծում եմ, այն Դավթի համար ճակատագրական էր: Դա 100%-անոց հաջողություն էր, ու նա դրանում համոզեց ողջ Ռուսաստանին: Նրան սիրեցին, ընդունեցին ու նրանից վախենում են: Նա տարբեր ազգությունների ներկայացուցիչ անհավանական մեծ թվով երկրպագուներ ունի: Դահլիճի 50%-ը նրան էր երկրպագում: Դա ոսկե ուղու սկիզբն է: Կարծում եմ, որ նրա կյանքը այժմ էապես կփոխվի:
-Եվա՛, ի՞նչն է գրավում նման նրբին աղջկան նման ուժային մարզաձևում:
-Դեռ դպրոցում ես սովորում էի շատ մարզիկների հետ ու բնականաբար ներգրավված էի նրանց կյանքին, ներկա էի նրանց մրցումներին, երկրպագում էի:
17 տարեկանում ես հանդիպում էի հունահռոմեական ոճի ըմբիշ-օլիմպիական չեմպիոնի հետ, այնպես որ հաճախ էի լինում տարբեր ոճի ըմբիշների շրջապատում, նրանց հետ գնում մրցումների: Ես նաև բռնցքամարտ եմ սիրում ու մարտական սամբո, հանգամանքների բերումով դարձա նաև ֆուտբոլի ֆանատ, սիրում եմ բասկետբոլ, քանի որ իմ մայրը բասկետբոլի չեմպիոնուհի էր:
Բայց խառը մենամարտերը իմ ամենասիրելին է սպորտում: Ու ուզում եմ նկատել, որ ես միայն արտաքնապես եմ այսքան նրբին: Կնոջ կերպարը պարտադիր պիտի խնամված ու էլեգանտ լինի, բայց չէ՞ որ ես 2 տարի զբաղվել եմ բռնցքամարտով ու անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև մի լավ ծեծել (ծիծաղում է՝ խմբ.):
-Մրցամարտին Դավթի ընտանիքի հե՞տ եք հետևել, ծանո՞թ եք:
-Ոչ, Դավթի ընտանիքի հետ ես ծանոթ չեմ:
Գ.Ն.
Տեսանյութն ու լուսանկարը՝ Եվա Ռիվասի Instagram-ի էջից