Կարեն Աղամալյան. «Մարդկայնորեն հպարտանում եմ մեր տղաներով»
03.07.15 14:04«Մեր բռնցքարտիկները Բաքու մեկնելիս գիտեին, թե ուր են գնում ու ինչ է այնտեղ նրանց սպասում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը:
Մարզիչն իր սաների ելույթներին միանշանակ գնահատական տալ չի ուզում.
«Մեր տղաների մասնակցությանը միանշանակ գնահատական տալ չի կարելի: Իրենք պատրաստ էին խոչընդոտներին: Այնտեղ՝ Բաքվում, երկրպագուները լավ գիտեին մերոնց բոլոր մրցակիցների անուններն ու անդադար վանկարկում էին դրանք, մրցավարներն էլ իրենց հերթին ամաչում էին մեր աչքերին նայել, քանի որ դահլիճի ազդեցությունը մեծ էր:
Չեմ ուզում ասել, թե մրցավարությունը սխալ է եղել: Մենք ակնհայտ առաջատար չունեինք, ումից մեդալ էինք սպասում: Մենք ունեինք ամուր նյարդային համակարգով թիմ:
Ու միանշանակ կարող եմ ասել, որ Արամ Ավագյանը, Սամվել Բարսեղյանը, Նարեկ Աբգարյանն իրենց գոտեմարտերով չեն տարվել: Իսկ մյուս տղաներն, ովքեր տարվել են, ցույց են տվել այն, ինչին այսօր ունակ էին:
Ի դեպ, մեր պարտված մրցամարտերում մեզ դատել են բացառապես Թունիսի ու Բրազիլիայի մրցավարները:
Մեր տղաների վիճակահանությունը վատը չէր, կարող էինք 1-2 մեդալ ակնկալել: Սակայն, մասնավորապես, Նարեկ Աբգարյանի հաղթանակը մեզանից խլեցին: Հունգարացու հետ գոտեմարտում Նարեկին պարտություն տվեցին 1-ին ռաունդում, 2-րդում՝ նույնպես, 3-րդից առաջ նրան ասացի. «Նարեկ, ինչ ուզում ես արա ուզում ես ոտքով խփի, ուզում ես՝ ձեռքով, բայց հաղթանակը քոնը պիտի լինի»… Ու Նարեկը փոքր հրաշք գործեց: Ցավոք, մեդալի համար մրցամարտում այդ հրաշքը տեղի չունեցավ: Մենք 3:2 հաշվով հաղթում էինք, բայց 5 մրցավարներից միայն 3-ի գնահատականներն է ընտրում համակարգիչն ու ըստ համակարգչի ընտրության մենք պարտվեցինք:
Չեմ ուզում պնդել, որ հատուկ հակահայկական մրցավարություն է եղել, բայց փաստ է, որ նրանք ամեն բան արեցին՝ մեր ուժեղ տղաներին առաջ չթողնելու համար:
Պիտի նշեմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը մշտական կապի մեջ էր հենց մեր մարզիկների հետ, բոլորի հետ ամեն օր զրուցում էր, ոգևորում:
Ամեն դեպքում՝ տղաները գնացել էին ոչ թե մասնակցելու, այլ՝ հաղթելու: Ու մենք սպասում էինք հաղթանակի: Ցավոք՝ չստացվեց: Ես զուտ մարդկայնորեն հպարտանում եմ մեր տղաներով: Նրանք միմյանց կողքին էին, չլսեցին անվտանգության աշխատակիցներին՝ մրցումներին հանդերձարանից հետևելու ու իրար ոգևորում էին տրիբունաներից: Դա շատ կարևոր էր»,-ասաց Աղամալյանը: