Իզաբելլա Յայլյան. «Հաջորդ տարի ավելի բարձր արդյունքների կձգտեմ»
26.11.14 12:36
Կիպրոսում ընթացող ծանրամարտի մինչև 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ մեզ հերթական ուրախությունը պարգևեց Իզաբելլա Յայլյանը, ով վերջերս Ալմաթիում կայացած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում գրավել էր 19-րդ տեղը:
Լիմասոլում մեր մարզուհին երկամարտի 191կգ (85+106) արդյունքով ոսկե մեդալ նվաճեց: Շնորհավորելով երիտասարդ մարզուհուն՝ խնդրեցինք պատմել իր տպավորությունների մասին.
«Երբ չեմպիոն ես դառնում, սովորաբար պետք է գոհ լինես արդյունքիցդ: Ու ես էլ գոհ եմ ընդհանուր արդյունքից, բայց դժգոհ եմ բարձրացրած կիլոգրամներից: Վստահ եմ, որ կարող էի ավելին անել: Եթե հիմա փորձեմ արդարացնել, շատ պատճառներ կարող եմ գտնել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Անհրաժեշտ է հասկանալ սխալները, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալը չկրկնվի: Կարծում եմ, որ մի փոքր էլ հոգնածություն կար, քանի որ աշխարհի առաջնությունից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեցինք Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Իզաբելա Յայլյանը:
Ամփոփելով անցնող տարին Յայլյանը նշեց. «Անցնող տարին հաջող էր ինձ համար: Արդյունքներս բավական լավն են ու, վերջապես՝ դարձա Եվրոպայի չեմպիոն: Կարող եմ ասել, որ լավ տարի էր 2014-ը: Հաջորդ տարի ավելի լավ ու բարձր արդյունքների եմ ձգտելու»,- եզրափակեց երիտասարդ մարզուհին:
Sport.Slaq.am-ը հաջողություն է ցանկանում մեր մարզուհուն ու ակնկալում, որ երիտասարդական առաջնություններում նվաճած մեդալները առաջիկա տարիներին կկրկնվեն արդեն մեծահասակների առաջնություններում:
Գ.Փ.

