Նախարարն ընդունեց ծանրորդներին (լուսանկարներ)
16.04.14 17:49Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ընդունեց Թել-Ավիվում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մանակիցներին ու մեդալակիրներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ գոհ է մեր ծանրորդների արդյունքներից:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ծանրորդներին, մարզիչներին: Բոլոր մարզիկներն էլ լավ են մասնակցել: Մեր ծանրորդները իմ սպասվածից ավելի լավ հանդես եկան: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր ավանդական մարզաձևը՝ ծանրամատը կրկին առաջընթաց է ապրելու:
Ինձ շատ գոհացրեցին Ռուբենի ելույթները: Շատ վստահ էր կատարում յուրաքանչյուր մոտեցում: Մինչև մրցումների մեկնելը տեղեկացված էի ձեր մարզավիճակից ու գիտեի, որ կարող եք պայքարել մեդալների համար»,-ասաց Յուրի Վարդանյանն ու խոսքը տրամարդրեց նաև ծանրամարտի կանանց ու տղամարդկանց հավաքականների մարզիչներին:
Տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոյանը ևս մեկ անգամ ասաց, որ մրցումներից առաջ նախապես ոչինչ չէր ասել, բայց հնարավորության դեպքում իրենք պայքարելու էին մեդալների համար.
«Մինչ մրցումները խոստումներ չէի տալիս, բայց ասացի, որ հնարավորության դեպքում կպայքարենք մեդալների համար: Բոլորն էլ տեսան, որ 56կգ քաշային կարգում պոկումից հետո Սմբատը 10-րդ էր, բայց հրման ժամանակ ամեն ինչ շտկեց ու երկամարտի արդյունքներով դարձավ բրոնզե մեդալակիր:
69կգ քաշային կարգում լավ հանդես եկավ Վանիկ Ավետիսյանը, ով պոկումից հետո 5-րդն էր, բայց էլի վստահ կատարեց իր առջև դրված խնդիրները:
77կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը բավական ժամանակ հարթակ չէր բարձրացել, բացի այդ՝ հավաքների ժամանակ վզի վնասվածք ուներ, որն էլ նրան խանգարեց հրում վարժության ժամանակ լավ արդյունք ցուցադրելուն:
Գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը շատ լուրջ պայքարի մեջ մտավ, բարձր կարգ ցույց տվեց: Զգում էի որ Ռուբենը պատրաստ էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից»,-եզրափակեց Պողոս Պողոսյանը:
Կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ ասաց, որ մեր աղջիկների առջև խնդիր էր դրված կատարել 5-6 հստակ մոտեցում:
«Տարբեր պատճառներով մեր աղջիկնեը երկար ժամանակ հարթակ չէին բարձրացել: Սա լուրջ փորձություն էր նրանց համար: Աղջիկների առջև խնդիր էր դրված՝ հստակ կատարել 5-6 մոտեցում ու նրանք արեցին դա: Հռիփսիմե Խուրշուդյանը երկար բացակայությունից հետո լավ ներկայացավ ու կատարեց 6 մոտեցում:
Առջևում աշխարհի առաջնությունն է: Մեր գլխավոր նպատակը օլիմպիական խաղերի համար որքան հնարավոր է շատ վարկանիշ ձեռք բերելն է: Ընդհանուր առմամբ Եվրոպայի այս առաջնությանը աղջիկները կատարեցին իրենց առջև դրված խնդիրը»,-եզրափակեց Արտաշես Ներսիսյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացմանը նպաստելու ու մարզական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվեցին ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը, արծաթե մեդալակիրներ Վանիկ Ավետիսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդնում ունենալու համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն արժանացավ ու համանուն կրծքանշանով պարգևատրվեց ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը: