Պողոս Պողոսյան. «Գիտեի, որ տղաները կարող են լուրջ պայքարի մեջ մտնել»
14.04.14 10:04Թել-Ավիվում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից երեկ Հայաստան վերադարձավ ծանրամարտի Հայաստանի հավաքականը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաների ելույթներից ու զգում էր, որ մեր ծանրորդները կարող են լուրջ պայքարի մեջ մտնել:
«Եվրոպայի առաջնությունից առաջ՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ ասել էի, որ խոստումներ չեմ տալիս, բայց եթե հնարավորություն ունենանք՝ պայքարելու ենք մեդալների համար: Ուսումնամարզական հավաքի ընթացքում տեսնելով տղաների մարզումները՝ զգում էի, որ կարող են լուրջ պայքարի մեջ մտնել: Բոլորդ էլ տեսաք. հիանալի հանդես եկան 56կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը, 69-ում՝ Վանիկ Ավետիսյանը…
Աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը ու Աղասի Աղասյանը լավ կիլոգրամներ հաղթահարեցին:
Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների մասնակցությունից: Ինչպես այն ժամանակ էի ասում, այնպես էլ հիմա. մեզ համար առաջնայինն ու կարևորը աշխարհի առաջնությունն է, քանի որ բոլորն էլ գիտեն, որ այն վարկանշային է լինելու օլիմպիական խաղերից առաջ»,-ասաց Պողոս Պողոսյանը: