Վանիկ Ավետիսյանը հաղթանակը նվիրել է բոլոր մայրերին
08.04.14 11:04Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ հարթակ բարձրացավ 69կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հաաստանի չեմպիոնը պոկում վարժությունում բարձրացնելով 140կգ, հրելով՝ 175կգ երկամարտի 315կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր:
Մեզ հետ զրույցում Եվրոպայի փոխչեմպիոնն ասաց, որ բարձր տրամադրությամբ էր նախապատրաստվել ու ուզում էր իր լավ մասնակցությունը նվեր լիներ միամսյակի առիթով՝ բոլոր մայրերին:
«Ընդհանուր տպավորություններս շատ լավ են, մրցակիցներիս ճանաչում էի, բոլորն էլ լավ նախապատրաստվել էին: Բարձր տրամադրությամբ էի սկսել մրցումները: Ուզում էի հաղթանակս նվեր լիներ բոլոր մայրերին ու շատ ուրախ եմ, որ կարողացա արծաթե մեդալ նվաճել»,-ասաց Վանիկ Ավետիսյանը:
Խոսելով ընդհանուր արդյունքի ու չբարձրացրած կիլոգրամների մասին Ավետիսյանը նշեց.
«Այդ վրիպումները տեխնիկական սխալի պատճառ էին: Ֆիզիկապես ինձ լավ էի զգում ու այդ կիլոգրամները ուժերիս սահմաններում էին: Փառք Աստծո, դա չազդեց ընդհանուր արդյունքի վրա ու կարողացա արծաթե մեդալ նվաճել»,-եզրափակեց Ավետիսյանը: