Մելինե Դալուզյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
02.04.14 17:26Արդեն տեղեկացրել էինք, որ ծանրամարտի կանանց հավաքաանը այսօր կմեկնի Թել Ավիվ, որտեղ վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ասել էր, որ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում են 4 ծանրորդուհիներ. Գրիգորյան Էլեն (48կգ. քաշային կարգ), Գովելյան Աննա (52կգ), Մելինե Դալուզյան (69կգ) և Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ):
Այսօր մեզ հետ զրույցում հավաքականի մարզիչն ասաց, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 3 ծանրորդուհիներ: Ծնկի ու արմունկի վիրահատությունից հետո առաջնությանը չի մասնակցի Մելինե Դալուզյանը:
«Մելինեն ծնկի ու արմունկի վնասվածքից հետո շարունակում էր մարզումները, բայց հասկացանք, որ Եվրոպայի առաջնությունում մասնակցելը կարող է բարդություններ առաջացնել, որից հետո մարզուհին չի կարող մասնակցել աշխարհի առաջնությանը: Բոլորս էլ գիտենք, որ աշխարհի առաջնությունը վարկանշային է լինելու, ուստի որոշեցինք բաց թողնել Եվրոպայի առաջնությունը»,-ասաց Արտաշես Ներսիսյանը:
Թել Ավիվում Հայաստանը կներկայացնեն Գրիգորյան Էլեն (48կգ. քաշային կարգ), Գովելյան Աննա (52կգ)և Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ):