Արման Ղազարյան. «Բարձր արդյունքների համար ժամանակ է հարկավոր»
02.04.14 16:47Այսօր գիշերը ծանրամարտի կանանց հավաքականը կմեկնի Թել Ավիվ, որտեղ հայ ծանրորդուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Գրեթե 2 տարի դադարից հետո միջազգային հարթակում կտեսնենք օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին:
Մեզ հետ զրույցում Հռիփսիմեի անձնական մարզիչ Արման Ղազարյանը ասաց, որ իրենց համար ամենակարևորն աշխարհի առաջնությունն է, որը վարկանշային է լինելու օլիմպիական խաղերի համար:
«Բոլորն էլ գիտեն, որ երեխայի ծննդից հետո Հռիփսիմեն երկար ժամանակ չի մարզվել: Երբ սկսեցինք մարզումները, 1-ին քայլը հոգեբանական աշխատանքն էր: Մարզումները սկսեցինք ամենասկզբից: Հայաստանի առաջնությանը Հռիփսիմեն լավ ներկայացավ: Կարողացավ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք պահանջվում էր իրենից: Հիմա էլ ամեն ինչ կարգին է, Հռիփսիմեն լավ մարզավիճակում է: Ավելի բարձր արդյունքների հասնելու համար մեզ ժամանակ է հարկավոր:
Մեզ համար ամենակարևորը աշխարհի առաջնությունն է, որը վարկանշային է լինելու 2016թ օլիմպիական խաղերի համար: Խելացի աշխատելու ու ամենակարևորը առանց վնասվածքներով աշխատելու դեպքում վստահ եմ, որ լավ արդյունք կունենանք: Ակնկալիքները մեծ են, մնում է սպասենք հաջող ելույթի…»,-ասաց Արման Ղազարյանը: