Վերջին ուսումնամարզական հավաքը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ
27.03.14 15:06Վերջին ուսումնամարզական հավաքը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ Թել Ավիվում aպրիլի 3-ից 13-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ, վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի մարզաբազայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կարևորագույն 2 ցանկություն ունի. մեր ծանորորդները Եվրոպայի առաջնությանը մասնակցեն առանց վնասվածքների ու կարողանան լիարժեք օգտագործել բոլոր 6 մոտեցումները:
«Տղաները լավ մարզավիճակ են ձեռք բերել: Հիմնականում շեշտը դրել ենք արագաուժային վարժությունների, տեխնիկայի, ճկունության վրա, քանի որ մարզվում են միայն այն ծանրորդները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
Ինչ կիլոգրամներ նրանցից պահանջվել է՝ կարողացել են հաղթահարել: Վստահ եմ, որ նույն այդ կիլոգրամները կբարձրացնեն նաև Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Պողոս Պողոսյանը: Նշենք, որ այս առաջնությանըՀայաստանի հավաքականը կպայքարի 5 քաշային կարգերում, որոնցից 2-ում 2 մարզիկով կներկայանանք:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայանա հետևյալ կազմով. Սմբատ Մարգարյան (56կգ. քաշային կարգ), Վանիկ Ավետիսյան (69կգ), Տիգրան Մարտիրոսյան (77կգ), Առաքել Միրզոյան (77կգ), Աղասի Աղասյան (85կգ), Ռուբեն Ալեքսանյան (+105կգ), Հայկ Հակոբյան (+105կգ):
«Օլիմպիական խաղերից հետո մինչ օրս մեր անվանի ծանրորդները խոշոր մրցաշարերի չեն մասնակցել, բայց նրանց փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ տղաները այս առաջնությանը դեռ կասեն իրենց խոսքը: Ճիշտ չեմ համարում նախապես խոստանալ, որ գնում ենք մեդալների ետևից: Իհարկե, եթե հնարավորություն լինի՝ պայքարելու ենք մեդալների համար: Մեր գլխավոր խնդիրը նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը վարկանշային է օլիմպիական խաղերի համար: Պետք է շատ զգույշ մարզվենք, որ աշխարհի առաջնությանը լավագույնս ներկայանանք ու հնարավորինս շատ ուղեգրեր նվաճենք Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերի համար»,-ասաց Պողոս Պողոսյանը ու հավելեց, որ իրենք հետևել են Եվրոպայի, աշխարհի նախորդ առաջնություններին, ուստի՝ տղաները ծանոթ են իրենց մրցակիցներին ու գիտեն ովքեր են մասնակցելու, ինչ մարզավիճակում են…