Ծանրամարտի «արծաթասեր» չեմպիոնը…Ծանրամարտի «արծաթասեր» չեմպիոնը…

Ծանրամարտի «արծաթասեր» չեմպիոնը…

20.03.14 12:25
Ծանրամարտի «արծաթասեր» չեմպիոնը…

Նա չի սիրում ուշադրության կենտրոնում հայտնվել: Ծանրամարտի առաջնությունների այս «երդվյալ արծաթե մեդալակիրը» 2013-ի մեր երկրի չեմպիոնն է, չնայած՝ եթե երկրորդ անգամ ծնվեր, գուցե չդառնար պրոֆեսիոնալ մարզիկ: Իսկ թե ինչով կզբաղվեր այդ դեպքում, ինչ նախասիրություններ ունի, երազանքներ, նպատակներ այժմ, ինչ դժվարություններ, փորձել ենք պարզել հենց նրանից. նա Կարապետյան Տիգրանն է…

Ծնվել է 1989թ. մայիսի 22-ին Երևանում

2009, 2010, 2012թթ երիտասարդների Հայաստանի արծաթե մեդալակիր

2012թ. Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

2013թ. Հայաստանի չեմպիոն

2014թ. Հայաստանի փոխչեմպիոն


Երազում էի դառնալ ծանրորդ...

Մանկություն... Այդ տարիների հետ կապված քիչ հիշողություններ ունեմ: Խելոք, ամաչկոտ ու քչախոս եմ եղել: Ընտանիքում էլ միշտ հանգիստ մթնոլորտ է եղել: Երևի թե հենց ընտանիքից է գալիս իմ այս հանգստությունը...

Առաջին անգամ ծանրամարտի մարզադահլիճ ոտք դրեցի 2001թ: Ուրբաթ օր էր, երբ ընդունվեցի մարզադպրոց ու պատրաստվում էի արդեն երկուշաբթի օրվանից հաճախել պարապմունքների, բայց առողջական խնդիրներ ունեցա. բժիշկները արգելեցին մարզվել... Ու միայն 3 տարի հետո որոշեցի, որ պետք է ամեն ինչ նորից սկսեմ ու 15 տարեկանում կրկին հաճախեցի մարզադահլիճ: Մարզվել եմ Հայաստան մարզական միության մարզադահլիճում, առաջին մարզիչս Սեդրակյան Գագիկն էր, ով մինչ այժմ էլ մարզում է ինձ:

Մանկական երազանքներ, ձգտումներ, նպատակներ… Մինչ օրս մայրս պահում է դպրոցական տարիների շարադրություններիցս մեկը, որը գրել եմ 1999թ: Շարադրությունը Հայաստանի մասին է, որի վերջին մի քանի տողում գրել եմ, որ ուզում եմ դառնալ ծանրորդ...

Ինչ-որ բանի սպասում, որ քեզ տանջում է... Անկեղծ ասած այդ սպասումը միայն ինձ համար չէ, այլ հայկական սպորտի: Միշտ սպասում եմ, որ պետք է ինչ-որ լավ բան լինի ու ոչ միայն ծանրամարտում, այլև մնացած բոլոր մարզաձևերում: Որովհետև, այն ինչ հիմա անում են մեր մարզիկները իսկապես լավ է, քանի որ չունենք լավ պայմաններ, որը անհրաժեշտ է լավ արդյունքի հասնելու համար: Մինչ օրս մերոնց գրանցած արդյունքներն իսկապես պետք է գնահատել: Սա միայն սպորտի խնդիրը չէ, ընդհանուր է...

Եթե ընտրել եմ սպորտը, ապա պետք է պայքարեմ մինչև վերջ...

Դժվարություններ հաղթահարած ծանրորդը... 2009թ-ին երիտասարդական հավաքականի հետ մասնակցեցի ուսումնամարզական հավաքների, լավ մարզվեցի, բայց մարզիչները գտան, որ ես չեմ կարող մասնակցել Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Այդ տարի Հայաստանում ցույց տված իմ արդյունքը 10կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնության ժամանակ երրորդ տեղ գրաված ծանրորդի արդյունքը: Արդեն 2010թ-ին հավաքների էի մինչև 23 տարեկանների հավաքականում, Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար Կիպրոսում, ու նորից պատրաստվեցի, բայց կրկին վերջին հավաքից հետո ինձ ասացին, որ արդյունքներս բավարար չեն, չնայած, այդ անգամ դժգոհելու տեղ չունեի, քանի որ թիմում ընդգրկվել էին 8 ծանրորդներ, ովքեր վատ արդյունքներ չունեին: Հաջորդ տարի արդեն ես ինչ-ինչ պատճառներով չկարողացա պատրաստվել, իսկ մյուսը՝ 2012թ էր: Եվրոպայի առաջնությունը կայանալու էր դեկտեմբերին, մենք սկսեցինք պատրաստվել օգոստոս ամսից: Մարզիչները շատ մեծ աշխատանք կատարեցին ինձ հետ, բայց վերջին հավաքին, ցավոք, դաստակի վնասվածք ստացա: Մեծ դժվարությամբ էի բարձրացնում ծանրաձողը, բայց մարզիչները վստահեցին ինձ, հավատացին, որ կարող եմ լավ արդյունք ցույց տալ: Առաջնությանը 2-րդ տեղ գրավեցի, հաղթող դարձավ ռուս մարզիկը:

Հաղթահարված ու չհաղթահարված փորձություններ...Երևի թե կառանձնացնեմ միջազգային առաջին մրցումս. շատ մեծ լարվածություն էր առաջացրել: Լրիվ այլ զգացողություն է, երբ փոքր տարիքում մրցումների ես մասնակցում, իսկ երբ արդեն բավական տարիքով ես լինում, հասկանում ես ամբողջ լրջությունը, այդ ժամանակ ավելի մեծ է պատասխանատվության զգացումը: Եթե քեզ վստահել են, պետք է տրամադրվես լավագույնս ներկայանալու: Հատկապես մրցումներից առաջ ստացած վնասվածքս, որը իր հետքն էր թողնում ամբողջ մրցման ընթացքում, շատ էր անհանգստացնում: Բայց կարողացա տրամադրվել ու լավ մասնակցել:

Պատանեկության շրջանում գայթակղություններ, որոնց դիմացել ես... իհարկե շատ-շատ են եղել. այդ տարիքում, երբ նայում ես շուրջդ, տեսնում ես թե ինչպես են ապրում հասակակիցներդ, իսկ դու ստիպված ես լինում շուտ քնել, լավ վերականգնվել, զրկվել շատ-շատ բաներից՝ լավ արդյունքի հասնելու համար, ու դա ստացվել է ինձ մոտ: Ստացվել է, որովհետև լավ գիտակցում էի, որ եթե ընտրել եմ սպորտը, ապա պետք է պայքարեմ մինչև վերջ:

Չէի սիրում դպրոցը, թեև՝ լավ էի սվորում...

Դպրոցն ու Տիգրանը... Սովորելու տարիներին չէի սիրում դպրոցը, թեև լավ եմ սվորել: Բոլոր ուսուցիչներս մինչ օրս էլ ինձ շատ են սիրում, երբ հանդիպում ենք զգում եմ, որ առանձնահատուկ են վերաբերվում: Դպրոցում լավ էի սովորում, իհարկե, կային առարկաներ, որոնց հանդեպ այնքան էլ մեծ համակրանք չունեի: Շատ էի սիրում օտար լեզուները ու շատ լավ եմ սովորել դրանք: Ուսուցիչներս վստահ էին, որ այդ ուղությամբ էլ շարունակելու եմ հետագա կրթությունս: Երբ անգլերենի ուսուցչուհիս իմացավ որ ընդունվելու եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, շատ հուսահատվեց: Շատ-շատ լավ հուշեր կան դասընկերներիս հետ կապված: Մինչ օրս էլ շարունակում ենք կապ պահպանել: Բոլորս էլ միշտ լավ հարաբերություներ ենք ունեցել:

Հարաբերությունները շրջապատի հետ... կարող եմ ասել, որ ընդհանուր հասարակության վերաբերմունքը մի փոքր այլ է մեր՝ մարզիկներիս նկատմամբ: Տեսնում են, ճանաչում են, գիտեն, որ մարզիկ ես: Ես դրան շատ լավ եմ վերաբերվում, կամաց-կամաց սկսում ես սովորել այդ իրավիճակին: Մի քիչ տհաճ է, երբ սպորտից չհասկացող մարդիկ նույն հարցերն էլ տալիս, հարցեր, որոնց հնարավոր չէ պատասխանել....

Ծանրամարտը փոխել է քո մեջ… ոչ թե փոխել, այլ ավելի շատ ձևավորել է: Այն տարիքում, երբ պետք է ձևավորվես՝ որպես անհատ, դու սպորոտում ես, իսկ բոլորս էլ գիտենք, որ սպորտում դժվար է իբրև վատ մարդ ձևավորվելը: Կարծում եմ, որ մարզաձևն էլ իր դերը ունի: Նկատել եմ, որ տարբեր մարզաձևեր տարբեր բնավորության գծեր են զարգացնում մարզիկների մոտ:

Պայքարը ծանրաձողի հետ… Մրցումը պարապմունքների շարունակությունն է, եթե պարապմունքների ընթացում ամեն ինչ նորմալ է, ապա պետք չէ անհանգստանալ մրցման ժամանակ, քանի որ դու ուղղակի անում ես այն, ինչ արել ես մարզման ժամանակ: Ամեն անգամ հարթակ բարձրանալիս գիտես՝ եթե կարող ես՝ կանես, չես կարող՝ չես անի: Ուղղակի պետք է տրամադրվել ու վերջ: Եթե ինքդ գիտես, որ ինչ-որ տեխնիկական խնդիրներ ունես, ավելի շատ դրանց վրա ես կենտրոնանում: Առանձնապես մեծ չէ ծանրաձողի ու կիլոգրամների հետ պայքարը: Օրինակ, Եվրոպայի առաջնության ժամանակ ինձ ավելի վստահ էի զգում, ի տարբերություն Հայաստանի առաջնությունների: Չեմ կարող ասել, թե ինչու, բայց երևի թե լավ պատրաստ էի, դրա համար էլ վստահ էի ուժերիս:

Ծանրամարտ և … Եվ, երևի ԸՆՏԱՆԻՔ...Երկար ժամանակ լինելով հավաքների՝ տանը լինելը արդեն իսկ հաճելի է: Երկար բացակայությունից հետո կարոտում ես այն ամենը, ինչ որ եղել է մինչև սպորտը, կարոտում ես այն կյանքը, որը սպորտից դուրս է:

Քո ներկա և ապագա ընտանիքը… Հիմա ընտանիքում ապրում եմ ծնողներիս ու եղբորս հետ: Մեր ընտանիքը հայկական, ավանդական ընտանիք է: Իսկ ինչ վերաբերում է ապագա ընտանիքին, անկեղծ ասած, առայժմ չեմ պատկերացնում… Չեմ սիրում, որ ասում են՝ արդեն ամուսնանալու ժամանակն է: Չեմ կարծում, թե ընտանիք կազմելու համար տարիքը մեծ դեր ունի: Ի՞նչ է նշանակում՝ արդեն ժամանակն է… Գտնում եմ, որ ժամանակը գալիս է, երբ հանդիպում ես այդ անձնավորությանը ու ցանկանում ես ամուսնանալ, եթե հիմա 25 տարեկան եմ ու չեմ հանդիպել ՆՐԱՆ, նշանակում է՝ դեռ ժամանակը չէ…

Թուլություն ինչ-որ ուտելիքի հանդեպ... Մեր տանը ուտելիքներ պատրաստելու խնդիր երբեք չի եղել. հայրս խոհարար է, մայրս լավ է պատրաստում, եղբայրս էլ հետ չի մնում նրանցից, իսկ ես սիրում եմ բոլոր համեղ ուտեստներից համտեսել, շատ եմ սիրում տապակած կարտոֆիլ ու խոզի միս: Ինքս խոհանոցում չեմ լինում, նույնիսկ եթե տանը պարաստի ինչ-որ բան կա, չեմ ուտում, սպասում եմ այնքան մինչև մայրիկս գա և ամեն ինչ պատրաստի ինձ համար: Ինքս չեմ անում, որովհետև մինչև սեղանը պատրաստեմ էլ ուտելու ցանկություն չեմ ունենա:

Վայր, որտեղ կցանկանաս վերադառնալ… Շատ երկրներում չեմ եղել: Սիրում եմ իմ ծննդավայրը՝ Երևանը: Որտեղ էլ որ լինեմ, միշտ կարոտում եմ Երևանը, իհարկե, հաճախ բողոքում ենք, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, բայց միևնույն է, երկար բացակայության դեպքում շատ եմ կարոտում Երևանը:

Միայն ծանրամարտում է, որ չեմ կարողանում թաքցնել հույզերս...

Հույզերի արտահայտում…. Ինձ համարում են քիչ էմոցիոնալ մարդ, ասում են, որ սառնասիրտ եմ, բայց չեմ կարծում, որ այդպես է: Ես ուղղակի աշխատում եմ ամեն տեղ ցույց չտալ հույզերս: Միայն ծանրամարտում է, որ չեմ կարողանում թաքցնել դրանք: Անհաջող մոտեցումներից հետո շատ կարևոր է, որ կողքիս լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կօգնեն ինձ ու կկարողանան կրկին վերադարձնել պայքարի…

Արվեստին մոտ ինչ-որ բնագավառ կընտրեի...

Եթե նորից ծնվեիր… գուցե մարդիկ ճիշտ չհասկանան, բայց երբեք չէի ուզի պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Ավելի շուտ արվեստին մոտ ինչ-որ բնագավառ կընտրեի՝ երգ, երաժշտություն...բայց ոչ սպորտ:

Խոստումներ…Եթե մի բան խոստանում ես անպայման պետք է անես, եթե չես անելու, ավելի լավ է խոսք չտաս: Մրցումների հետ կապված՝ առավելևս երբեք ոչինչ չեմ խոստացել: Կարող եմ հավատացնել, որ մեծ ցանկություն ունեմ դա անելու, բայց խոստում չեմ տա: Խոստումներ տալ չեմ սիրում:

Քեզ հունից հանում է(երկարատև լռություն՝ հեղ.) մեր ժողովրդի այն հատվածը, որն անբարեխղճորեն է վերաբերվում մեր քաղաքին: Քաղաքում տիրող աղտոտ վիճակը իսկապես ինձ հունից հանում է: Այն երիտասարդները, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց հակառակն են ցույց տալիս...

Հարց, որի մասին երկար ես մտածել... վերջին հարցը. կարծում եմ, որ մի փոքր կոպիտ եմ պատասխանել, բայց…


Գոհար Փիլիպոսյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված