Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է
06.12.13 11:30
2012թ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե խուրշուդյանը 1 տարի դադարից հետո պատրաստվում է կրկին մրցահարթակ վերադառնալ:
«Ինչպես և խոստացել էի՝ երեխայիս ծնունդից հետո կրկին վերադարձել եմ մեծ սպորտ: Արդեն 2 ամիս է՝ սկսել եմ մարզումներս: Պատրաստվում եմ Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որից հետո սկսելու եմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը նաև վարկանշային է լինելու Օլիմպիական խաղերի համար: Շատերն են հարցնում՝ ինչպե՞ս եմ կարողանում համատեղել ընտանիքս և մարզումներս: Ասեմ, որ կարողանում եմ համատեղել ընտանիքս ու սպորտը:
Սկեսուրս ինձ օգնում է. երեխայի խնամքը վերցրել է իր վրա, իսկ ես կարողանում եմ հանգիստ մարզվել: Մոտավորապես 1.5 ժամ եմ տրամարդրում մարզումներիս, իսկ երբ փոքրիկս մի քիչ էլ մեծանա, արդեն ավելի երկար ժամանակ կտրամադրեմ պարապմունքներիս:
Իհարկե, մեկ տարի դադարից հետո դժվար էր կրկին ծանրաձող բարձրացնելը: Նույնիսկ 7 կգ ծանրաձողը սկզբնական շրջանում մեծ խնդիր էր ինձ համար. ինքս ինձ վրա զարմանում էի՝ ո՞նց կարող եմ շատ կիլոգրամներ նախկինում բարձրացրած լինել:
Կփորձեմ ամեն ինչ անել, որ լավ մասնակցեմ: Ուզում եմ նախորդ արդյունքներս կրկնել: Առաջին հերթին ցանկանում եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որովհետև իսկապես մեկ տարի դադարը քիչ չէ սպորտում: Իսկ եթե հնարավորություն լինի մեդալ նվաճելու, իհարկե շատ հաճելի կլինի:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորից, հուսուվ եմ, որ հուսախափ չեմ անի մեր ժողովորդին և պատվով կշարունակեմ ներկայացնել Հայաստանը»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

