Առաջին արծաթե մեդալըԱռաջին արծաթե մեդալը

Առաջին արծաթե մեդալը

12.04.13 00:28
Առաջին արծաթե մեդալը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցակցային 5-րդ օրն էր: Մասնակցեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 18-ամյա էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը: Անդրանիկը շատ լավ սկսեց պոկում վարժությունը, երրորդ փորձից հետո գլխավերևում պահեց 160 կիլոգրամանոց ծանրաձողը և շահեց փոքր արծաթե մեդալ: Հրումում մեր պատանի ծանրորդը կատարեց երկու արդյունավետ մոտեցում, և ի վերջո գրանցեց 186 կգ արդյունք: Անդրանիկը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը` միայն անձնական քաշով ծանր լինելու պատճառով զիջելով արծաթե ու բրոնզե մեդալակիրներին` մոդովացի Ալեքսանդր Շպակին և ռումինացի Ռազվան Մարտինին: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը` 351 կգ արդյունքով:

Հ.Գ. Անդրանիկի մրցելույթներին շատ մեծ ուշադրությամբ հետևում եմ արդեն երկու տարի և ունեմ լրագրողական մտահոգություն, նաև, որպես մարզասեր, մեծ սպասում: Ուստի հիմնական նյութին կից ներկայացնում եմ 2012 թվականի սեպտեմբերի վերջին Կոշիցեում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունից հետո թղթին հանձնածս մտահոգությունները` ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԱՀԱԶԱՆԳ Վերնագրով: Սլովակիայի Կոշիցե քաղաքում ավարտվեց ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող մարզիկներից գերազանց հանդես եկավ էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը: Մեր 77 կգ քաշայինը նախ անթերի, առանց կաշկանդվելու կատարեց պոկում վարժության երեք մոտեցումները (140, 146, 155), այս ձևում վաստակեց փոքր ոսկե մեդալը և սահմանեց պատանիների աշխարհի ռեկորդ, ապա` նույնքան վստահ մասնակցեց հրում վարժությանը: Ավելին` նրա բոլոր մրցակիցները արդեն ավարտել էին իրենց մոտեցումները, երբ Անդրանիկը կատարեց իր առաջին փորձը: 170 կգ հաջողությամբ գլխավերևում պահելուց հետո հայ ծանրորդը 6 կիլոգրամանոց քայլ կատարեց: 176 կգ նույնքան հեշտությամբ տրվեց մեր ձյուցազունին, որը նաև բավական էր, որ Կարապետյանը թարմացնի երկամարտի պատանիների աշխարհի ռեկորդը: Ուստի, աշխարհի նորընծա չեմպիոնն ու կրկնակի ռեկորդակիրը չկատարեց երրորդ մոտեցումը և բավարարվեց երկամարտի 331 կգ արդյունքով: Ավելացնենք, որ այս քաշային կարգում երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի մարզիկը 27 կիլոգրամով ետ մնաց մեր ծանրորդից: Ինչ վերաբերում է Անդրանիկին, պետք է նշել, որ սա նրա առաջին հաջողությունը չէ: Վերջին երկու տարում նա մասնակցել է պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, ինչպես նաև աշխարհի երիտասարդական առաջնությանը: Եվ ամեն անգամ աճ է նկատվել նրա մոտ: Եթե պատանիների նախորդ աշխարհի առաջնությունում նա, մասնակցելով 62 կգ քաշայինների պայքարին, երկամարտի 255 կգ (120, 135) արդյունքով երրորդն էր, ապա` 2011 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցեց 69 կգ քաշայինների մրցավեճին և նույնպես կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Սակայն այս անգամ նա ցույց տվեց երկամարտի 283 կգ (130, 153) արդյունք: Իսկ այս տարվա մայիսին Գվատեմալայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում, նույնպես հանդես գալով 69 կգ քաշային կարգում, նա արձանագրեց 296 կգ (136, 160) արդյունք: Ճիշտ է եզրափակեց լավագույն տասնյակը, բայց հարկ է նշել, որ նոր-նոր 16 լրացած պատանին մասնակցում էր մինչև 20 տարեկանների պայքարին: Շնորհավորելով Անդրանիկին և մարզասեր հասարակությանը` ոչ միայն լրագրողական անհանգստությամբ, այլև` որպես հայկական սպորտով մտահոգված քաղաքացի, դիմում եմ ծանրամարտի նոր ղեկավարությանը. <Չփորձեք մարզական այրերին հաճոյանալու գայթակղությամբ և մեդալների մրցավազքում առաջինը լինելու ու ղեկավարներից հավելավճարներ շորթելու գաղափարով` Կարապետյանին, ինչպես նաև գերծանր քաշային Գոռ Մինասյանին ժամանակից շուտ մտցնել մեծահասակների մրցաբեմ, այլապես նախորդ օլիմպիական քառամյա փուլի նման մենք «կկորցնենք» նրանց, ինչպես Լոնդոն տանող ճանապարհին կորցրեցինք Ռուբեն Ալեքսանյանին, Սմբատ Մարգարյանին, Գևորիկ Պողոսյանին, նաև Գևորգ Դավթյանին, ավագ Տիգրան Մարտիրոսյանին, իսկ ամենավերջին պահին` կրտսեր Տիգրան Մարտիրոսյանին: Ի դեպ` կորցրածի հաշիվ էին նաև Առաքել Միրզոյանը, Արա Խաչատրյանն ու Մելինե Դալուզյանը:

Արման Գևորգյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված