Արթուր Վանեցյան. «Ծանր բանակցություններից հետո հաջողվել է հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի»
17.12.18 10:29Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել Ազատություն TV-ին, որում անդրադարձել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման ծրագրին:
«Ես առհասարակ փորձում եմ ինձ նախորդածների կատարած աշխատանքներին գնահատականներ չտալ, հետ գնալ չեմ սիրում: Ուզում եմ միայն առաջ շարժվել: Այն ինչ եղել է, բոլորը տեսել են ու գիտեն: Այսօր, ցավոք, մենք չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք մեր ֆուտբոլային հաջողությունները:
Իսկ հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի աշխատանքը (հատկապես նախագահի), գնահատվում է ազգային հավաքականի խաղերի արդյունքներով. հաղթեց` լավն է, պարտվեց` վատն է: Ջիբրալթարից 0:1-ից հետո դարձել էի ամենամերժված մարդը: Երբ մարզադաշտից դուրս եկա, երկրպագուները գոռում էին, ինչ ասես ասում: Հետո, Հայաստանի հավաքականը հաղթեց Մակեդոնիային, դուրս եկա ստադիոնից և 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում: Իհարկե, հասարակությունը այդպես է գնահատում: Ցանկանում եմ հակիրճ ներկայացնել ֆուտբոլի զարգացման մեր տեսլականը:
Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Այսինքն՝ ֆուտբոլ խաղան հնարավորինս շատ երեխաներ: Դրա համար պետք են խաղադաշտեր, գնդակներ և ամենակարևորը` մարզիչներ: Դաշտերի հետ կապված այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին: Դուբլինում հանդիպել եմ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մեր ֆեդերացային որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք փոքր խաղադաշտեր կառուցել: Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել: 2019 թվականին Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու: Վերակառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը: Կառուցելու ենք ֆուտբոլային դպրոց Մարտունիում, հիմա արդեն սկսել ենք աշխատանքները Սիսիանի ֆուտբոլի դպրոցում, Արմավիրում, Էջմիածնում:
Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը դեռ չեմ կարող ասել: Իմ ֆուտբոլային գործընկերները հիմա շունչները պահած սպասում են` արդյոք կասեմ նրա անունը, բայց չեմ կարող, որովհետև նա գործող պայմանագիր ունի: Հունվարի 6-ին կկարողնանք նրա անունը տալ: Ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ բնակություն հաստատել Երևանում, մարզել մեր մարզիչներին և գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Նրա երկիրը, որտեղ նա աշխատել է, հիմա ֆուտբոլային աշխարհում առաջատար դիրք է գրավում: Նա ունեցել է 9 աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 6 չեմպիոն և այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են նրա աշակերտները: Նա միշտ մարզել է 17, 18, 19, 21 տարեկան ֆուտբոլիստների: Նա հիմք է դնելու ֆուտբոլային լուրջ հաջողություններին: Իրոք, ֆուտբոլն իսկապես գիտական մոտեցում է: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մասնագետին կարող ենք բերել Հայաստան: Հիմա նա ՈւԵՖԱ-ում եվրոպական բոլոր երկրների համար դասընթացներ է կարդում: Երբ դա անի ՀՖՖ-ի հետ պայմանագիր կնքելուց հետո, Եվրոպայում բոլորի համար այդ դասերը կարդալու է Հայաստանի դրոշի ներքո:
Հայաստանի հավաքականին միացել է նաև Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» ֆիզպատրաստության նախկին մարզիչը, բարձր որակավորում ունեցող մասնագետ է: Հիմա բոլորը արդեն նշում են, որ տարբերություն կա ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մեջ. արդեն մինչև վերջ վազում են: Այդ մարդու շնորհիվ է:
Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեծ նվիրումով է աշխատում: Նա օր ու գիշեր մեր հավաքականի հաջողոթյան համար է աշխատում: Արդեն տեսել եք, որ փոփոխություններ արեց թիմում: Հավաքականում արդեն երիտասարդ ֆուտբոլիստներ է ներգրավել, որոնք հաջող են մեկնարկել: Ինչն է զարմանալի, որ առաջին խաղերում ունեցանք հաջողություններ: Կարծում եմ, որ մեր ֆուտբոլը ունենալու է փայլուն ապագա»,-եզրափակել է Վանեցյանը: