Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի Լեհաստանում
21.07.18 10:55Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի լեհական «Սանդեցյա» ակումբում: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Խաղացողը վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում «Սանդեցյայում»:
Այդ թիմը ներկայացնում է Լեհաստանի հզորությամբ 2-րդ լիգան՝ 1-ին դիվիզիոնը: «Սանդեցյան» 2017/18թթ. մրցաշրջանում հանդես է եկել ուժեղագույնների մրցաշարում և զբաղեցրել վերջին՝ 16-րդ տեղը:
Նշենք, որ Լեհաստանի 1-ին դիվիզիոնի առաջնությանը մասնակցում է 18 թիմ:
28-ամյա Դավիթ Մանոյանի վերջին աշխատավայրը Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ տեղափոխվել էր ձմռանը: Կիսապաշտպանն այդպես էլ չէր ամրապնդվել այնտեղ, խանգարել էր նաև վնասվածքը:
Մանոյանի վերջին խաղը հայկական այդ թիմում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչն էր «Գանձասար-Կապանի» դեմ: Հենց նրա վրիպման հետևանքով էր «Ալաշկերտը» 11-մետրանոց հարվածաշարում զիջել մրցակցին: