Անտոն Չերնոուսով. «Ararat Cup-ն ցույց տվեց Հայաստանի հավաքական կոչվող այսբերգի ստորջրյա հատվածը»Անտոն Չերնոուսով. «Ararat Cup-ն ցույց տվեց Հայաստանի հավաքական կոչվող այսբերգի ստորջրյա հատվածը»

Անտոն Չերնոուսով. «Ararat Cup-ն ցույց տվեց Հայաստանի հավաքական կոչվող այսբերգի ստորջրյա հատվածը»

10.05.18 19:32
Անտոն Չերնոուսով. «Ararat Cup-ն ցույց տվեց Հայաստանի հավաքական կոչվող այսբերգի ստորջրյա հատվածը»

Անցած հանգստյան օրերին Երևանում կայացած Ararat Cup-2018 ավանդական կարատեի 1-ին միջազգային մրցաշարին ներկայացել էր նաև Ռուսաստանի թիմը: Մրցաշարից հետո մենք զրուցեցինք Մոսկվայի մարզի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոն Չերնոուսովի հետ, ով նաև ներկայացնում էր մրցավարական կորպուսը:

-Մենք բավական մեծ թիմով ենք ներկայացել Ararat Cup -2018 մրցաշարին՝ 12 մասնակից ունենք: Իմ մասնակիցների ելույթներից ես գոհ եմ, առանձնապես գոհ չեմ նրանց արդյունքներից: Չհաջողվեց հաղթել այն ամենն, ինչ մենք ուզում էինք, ու դա բնական է, քանի որ այստեղ շատ ուժեղ մարզիկներ կան:

-Առաջին անգամ անցկացվող մրցաշարի մասին ձեր տպավորություններն ինչպիսին են ու ի՞նչ ակնկալիքներ ունեք արդեն ապագայի վերաբերյալ:

-Ի շարունակություն նախորդ մտքիս ասեմ, որ ընդհանուր առմամբ մրցաշարի մակարդակը շա՜տ բարձր է: Բացի այդ, Ararat Cup-ն անձամբ ինձ ցույց տվեց Հայաստանի հավաքական կոչվող այսբերգի ստորջրյա հատվածը: Չէ՞ որ մենք միջազգային մրցաշարերում տեսնում ենք հիմնականում այն մարզիկներին, ովքեր անցնում են իրենց երկրում որակավորումը: Ես այստեղ տեսա, թե որքա՜ն շատ են նրանք, ովքեր մակարդակով չեն զիջում հավաքական անցածներին:

Ինչ վերաբերում է կազնակերպչական նյուանսներին, իհարկե, զգացվում է, որ առաջին անգամ է մրցաշարը կազմակերպվում, բավական շատ են բացթողումները, բայց դրանք հասկանալի ու ընկալելի են, առանց դրա պարզապես հնարավոր չէ: Մենք ինքներս ենք դրա միջով քանիցս անցել ու դրանով կոփվել: Ես վստահ եմ, որ սենսեյ Սուրեն Մաթևոսյանի գլխավորած թիմի մարտական տրամադրվածությունն ու բացարձակ պատասխանատվությունը ամեն հարց կարող է լուծել ու ամեն բան շտկել:

-Եվ այս ամենով հանդերձ. ցանկություն ունե՞ք արդեն հաջորդ տարի էլ մասնակցել այս մրցաշարին:

-Հաշվի առնելով, թե առհասարակ մենք մեզ որքա՜ն լավ ենք զգում Հայաստանում ու որքա՜ն է այստեղ մեզ դուր գալիս, միանշանակ: Մեզ անչափ դուր են գալիս քաղաքը, տրամադրությունները, առանձնահատուկ՝ մարդիկ ու իրենց վերաբերմունքը:Ու բնական է, որ ցանկությունը մեծ է՝ այս ամենը նորից ու նորից կրկնելու: Ես ուշադրությունս չեմ կենտրոնացնում թերացումների վրա, քանի որ դրանք անցողիկ են: Կարևորը տրամադրվածությունն է:

-Անտոն, որպես մարզիչ ու որպես մրցավար այս մրցաշարում տեսա՞ք այն մասնակիցներին, այն նո՛ր դեմքերին, ովքեր տեսանելի ապագայում արդեն կպայքարեն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում հաղթողի տիտղոսի համար:

-Նոր անուննե՞ր… Գիտեք, ձեր՝ հայերիդ անունները հիշելն ինձ համար մի փոքր բարդ է, բայց միանշանակ ես մի քանի դեմք հաստատ կհիշեմ ու վստահ եմ, որ կտեսնեմ շատ մոտ ապագայում՝ մեծ մրցաշարերում:

Ինչ վերաբերում է մնացած մասնակիցներին, ապա պիտի նշեմ, որ Լեհաստանի հավաքականն իր սուպեր կազմով է ներկայացել, ուղղակի չկային թույլ մասնակիցներ:

Այս մրցաշարում առաջին անգամ տեսա Ուզբեկստանի թիմը, որի մասին միայն լսել էի, բայց երբևէ չէի հանդիպել: Շատ պոզիտիվ թիմ է: Ի դեպ, ստացվում է, որ Ararat Cup-ի շնորհիվ մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք ոչ միայն Հայաստանից, այլև՝ այլ երկրներից, ինչի համար անսահման երջանիկ ենք:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված