Հայկ Ղուկասյանը ամփոփում է ArmFC-18 միջազգային մրցաշարի արդյունքները
06.04.18 23:26Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում կայացավ ArmFC -18 միջազգային մրցաշարը: Ռինգ դուրս եկան 6 երկրների ուժեղագույն մարզիկները: Ընդհանուր թվով անցկացվեց 11 գեղեցիկ ու սպասված մենամարտ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ArmFC գոտու համար մենամարտում հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանը նոկաուտով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Իգոր Գոնչարովին: Երեկոյի ամենասպասված մենամարտերից էր նաև Սարգիս Պետրոսյան-Դավիթ Շահինյան զույգի մենամարտը:
Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ էր սպասում այդ մենամարտին: Պետրոսյանը ինչպես և խոսք էր տվել, մրցակիցը նույնիսկ մի ամբողջ ռաունդ չդիմացավ: Մենամարտը սկսվելուց մի քանի վայրկյան հետո Սարգիս Պետրոսյանը հայտնվում է հատակին, բայց արդյունքում շատ արագ կողմնորոշվելով կարողանում է խեղդող հնարքով մրցակցին ստիպել հանձնվել:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում երեկոյի ընթացքում կայացած մենամարտերի զույգերին ու հաղթողներին:
Աշիկ Սահակյան ֊ Արման Գրիգորյան
Ազամաթ Իսմագուլով ֊ Ջամբուլ Թուլեպբերգենով
Դավիթ Ղազարյան ֊ Ժորա Թումանյան
Հովհաննես Ղազարյան ֊ Վիտյա Մխիթարյան
Աբուբակար Ագայեվ ֊ Գիորգի Տաբատաձե
Գարիկ Թամարյան ֊ Գեղամ Վարդանյան
Ֆարշիդ Գոլհամի ֊ Վահե Թադևոսյան
Կոնստանտին Մեդինին ֊ Արմեն Հայրապետյան
Աբդոլլահ Հեյդարի Զադեհ ֊ Շոթա Բեթլեմիձե
Դավիթ Շահինյան ֊ Սարգիս Պետրոսյան
Իգոր Գոնչարով ֊ Ալբերտ Ղազարյան:
ArmFC -18 միջազգային մրցաշարի արդյունքները ամփոփել ենք Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ:
«Ճիշտ է, նախորդ մրցումների համեմատ մարզիկների ցուցակը այնքան էլ ուժեղ չէր, բայց ավելի ու ավելի տեսանելի ու գեղեցիկ էր կազմակերպված: Իհարկե, դեռ կան շատ բացթողումներ ու թերություններ, որոնք ժամանակի ընթացքում անպայման կուղղենք: Նման մարզական միջոցառումներ կազմակերպելը այնքան էլ հեշտ չէ: Օրինակ Մոսկվայում, երբ նմանատիպ մրցաշարեր են կազմակերպվում, ամեն մի հարցով զբաղվում է տվյալ մասնագետը: Իսկ այստեղ՝ այս դեպքում գրեթե բոլոր հարցերն ու խնդիրները ինձ վրա էին, ես էի ամեն ինչ համակարգում: Տարածաշրջանում համեմատաբար աղքատիկ ենք դահլիճների հարցում»,- ասաց Հայկ Ղուկասյանն ու հավելեց, որ ամեն դեպքում վատ չէր, միայն ղազախ մարզիկների մենամարտը իրեն դուր չեկավ:
Խոսելով Ալբերտ Ղազարյանի մենամարտի մասին Ղուկասյանը նշեց, որ այն ինչ սպասում էր Ալբերտը արեց.
«Դիտարժան մենամարտ էր, սպասում էի այն, ինչ որ եղավ: Ուղղակի մտածում էի, որ Ալբերտը դա կանի առաջին իսկ ռաունդում ու երկրորդ ռաունդի կարիք չի էլ զգացվի: Բայց սպորտը անկանխատեսելի է, դեպքեր են լինում, որ սպասում ես նոկաուտի, բայց մարզիկը մի կերպ է կարողանում առավելության հասնել միավորներով»,-ասաց Ղուկասյանը:
Անդրադառնալով Սարգիս Պետրոսյան-Դավիթ Շահինյան զույգի մենամարտին, ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ինքն ավելին էր սպասում:
«Առանձնապես ոչ մի բան չնկատեցի մարզիկներից և ոչ մեկի կողմից: Բայց նշեմ, որ արդեն իսկ Սարգիսը նոր մարտահրավեր ունի: Այդ մենամարտից հետո Բելգիայում բնակվող մի հայ մարզիկ ձեռնոց է նետել Սարգիսին: Առայժմ ոչ մի բան հստակ չէ, բայց եթե երկու կողմերն էլ համաձայնության գան, ապա արդեն ArmFC -19 ժամանակ կտեսնենք այդ մենամարտը»,-եզրափակեց Հայկ Ղուկասյանը:
Գ.Փ. Լոս Անջելես