«Բակային կռիվներից մինչև պրոֆեսիոնալ ռինգ». Հայկ Հարությունյան
27.09.17 09:44Գաղտնիք չէ, որ ի տարբերություն մարզերի, քաղաքում կյանքն ավելի եռուն է: Բազմաթիվ սրճարաններ, հանգստայն գոտիներ ու մարզադահլիճներ՝ համալրված ժամանակակից մարզասարքերով ու մարզագույքով:Ինչը շատ ու շատ երիտասարդների հնարավորություն է տալիս ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Այսօրվա մեր զրուցակիցը՝ Հայկ Հարությունյանը իր մարզական ուղղին սկսել է ոչ թե երևանյան գեղեցիկ ու հարմարավետ մարզադահլիճում, այլ հայրենի գյուղի մարզադպրոցում:
Քիք-բռնցքամարտիկի առաջին մարզաձևը դեռ վաղ պատանեկան տարիքում եղել է կարատեն: Ինչպես ինքն է ասում մեզ հետ զրույցում, փոքր ժամանակ շատ ակտիվ երեխա է եղել, հայրը որոշել է տանել կարատեի, որ էներգիան փոքր ինչ մարզումների վրա ծախսի, բայց արի ու տես, որ Հայկի հայրիկի այդ քայլը ճակատագրական դարձավ չարաճճի որդու համար:
Այսօրվա մեր զրուցակիցը քիք-բռնցքամարտի եռակի գավաթակիր է, 6 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, ԱՊՀ երկրների չեմպիոն, Կովկասի կրկնակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, իսկ 2013թ-ին նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը:
Հայկը երկար ժամանակ է բնակվում է Գերմանիայում: Երիտասարդ մարզիկը թողնելով տունն ու ընտանիքը, հարազատներին ու ընկերներին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ փորձում է իրականացնել իր երազանքներն ու նպատակները:
Հայկի հետ զրուցելու գլխավոր շառժառիթը վերջերս Գերմանիայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտն էր, բայց մինչ դրան անցնելը, փորձեցինք վերհիշել առաջին քայլերը սպորտում, հաջողություններն ու անհաջողությունները, որոնք յուրաքանչյուր մարզիկի կյանքի անբաժան մասն են կազմում:
-Բակային կռիվներից մինչև պրոֆեսիոնալ ռինգ:
-Դեռ փոքր տարիքից շատ կռվարար էի, հայրիկս որոշեց ինձ տանել կարատեի, որ էներգիաս այնտեղ ծախսեմ: Կարծում եմ, որ հենց այդ կռվարար լինելն էլ ուղիղ կապ ունի իմ ընտրած մարզաձևի հետ՝ դառնալ պրոֆեսիոնալ մարտիկ: Տարիների ընթացքում պայքար առաջացավ ինձ մոտ, սպորտն էլ օգնեց ձևավորվել: Քիք-բռնցքամարտը ինձ շատ է բան է տվել: Հենց այս մարզաձևի շնորհիվ է, որ հասկացա՝ այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Յուրաքանչյուր հաջողության, հաղթանակի համար պետք է քրտնես, պայքարես ու ամենակարևորը՝ սովորես ոչ մեկից ու ոչնչից չվախենալ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցավը աճելու, առաջ գնալու մի մասն է կազմում: Երբ սկսում ես դա գիտակցել նույն այդ ցավն ու դժվարությունը դադարում է խոչընդոտ լինել: Կարողանում ես հաղթահարել բոլոր տեսակի սոցիալական դժվարությունները, նույնիսկ կյանքի դժվարությունները դադարում են քեզ հետ պահել քո երազանքներից:
-Առաջին մարզաձև, առաջին մարզում…
-Առաջին մարզաձևս եղել է կարատեն: Իմ հայրենի գյուղում՝ Բյուրականում: Երջանկահիշատակ Կարեն Եղիազարյանն էլ առաջին մարզիչս էր …
-Քիք-բռնցքամարտ. Ճակատագրական մարզաձև .
-14 տարեկանից սկսեցի զբաղվել քիք-բռնցքամարտով: 2 տարի անց, Արթուր Արշակյանի գլխավորությամբ սկսեցի մասնագիտացված մարզումներ անցկացնել: Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում: Այդ ժամանակից ի վեր սկսեցի երազել պրոֆեսիոնալ ռինգի մասին: Ժամանակի ընթացքում սկսեցի մասնակցել նաև միջազգային մրցումների:
-Դեպի վաղեմի երազանք …
-Ընդունվել եմ Հայաստանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը, սակայն Եվրոպա գնալու, մարզական կարիերաս շարունակելու համար ստիպված եղա կիսատ թողնել ուսումս: Մեծ հույսեր ունենալով, որ կարող եմ հայտնվել պրոֆեսիոնալ ռինգում, հավաքեցի պայուսակս ու դեպի անհայտություն: Գերմանիայում չունեի ոչ-ոք, ոչ բարեկամներ, ոչ էլ ընկերներ: Պայուսակումս դրեցի մեկ զույգ բռնցքամարտի ձեռնոց, հոգումս՝ մեծ հավատ ու դեպի Գերմանիա: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Սկսեցի ակտիվ մարզական կյանքով ապրել ու վստահ էի, սա դեռ սկիզբն է:
-Եվ անկախ ամեն ինչից, դժվարությունները իհարկե մեր կյանքի անբաժան մասն են:
-Միանշանակ, ինձ համար Գերմանիան նոր երկիր էր, օտար հող, նոր բարքեր: Լեզվին չէի տիրապետում, չունեի աշխատանք: Դժվար ու ծանր օրեր եմ ունեցել, բայց ամեն անգամ, ամենադժվար պահին էլ վստահ եմ եղել, որ հասնելու եմ իմ նպատակին, ես չեմպիոն եմ դառնալու: Երբ հաղթելու ցանկությունը վառվում է քո ներսում, ամեն տեսակի դժվարությունն էլ դառնում է հաղթահարելի:
-Էլ ինչ չարիք, առանց բարիքի…
-Երբ հաղթանակի հասնելու ձգտումը գերազանցում է ամեն բան, արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Դժվարություններին սկսեցին հաջորդել նաև հաջողությունները: Ապրում եմ Գերմանիայի Վիտլիխ քաղաքում, մարզվում եմ integra fighting club-ում Վլադիմիր Շվարցի գլխավորությամբ: Կարելի է ասել, որ արդեն տիրապետում եմ լեզվին: Արդեն շուրջ 2 տարի կլինի (ընդհատումներով) որ բնակվում եմ այստեղ:
-12-րդ պրոֆեսիոնալ մենամարտն ու 11-րդ հաղթանակը
Սեպտեմբերի 9-ին թվով 12-րդ պրոֆեսիոնալ մենամարտս անցկացրեցի ու սա եղավ 11-րդ հաղթանակս: Հակառակորդս Գերմանիայի 2017թ գործող չեմպիոնն էր քիք-բռնցքամարտի: 3 ռաունդանոց մենամարտ էր: Բոլոր 5 մրցավարների միաձայն որոշմամբ մենամարտում հաղթանակը շնորհվեց ինձ: Աստված առաջ, շուտով հնարավոր է նաև Եվրոպայի չեմպիոնական գոտու համար մենամարտ լինի:
Գոհար Փիլիպոսյան / Լոս Անջելես