Բաչկովն արժանի է այս մեդալինԲաչկովն արժանի է այս մեդալին

Բաչկովն արժանի է այս մեդալին

04.09.17 12:41
Բաչկովն արժանի է այս մեդալին

Այս գիշեր Համբուրգից Երեւան վերադարձան աշխարհի առաջնությանը մասնակցած հայաստանցի բռնցքամարտիկները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Գերմանիայի ռինգում Հայաստանը ներկայացրին Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Հովհաննես Բաչկովը (64 կգ):

Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում զիջելով Կուբան ներկայացնող աշխարհի ապագա չեմպիոնին: Վերջին անգամ կաշվե ձեռնոցի հայ վարպետներն աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ նվաճել էին 2009 թվականին (Անդրանիկ Հակոբյան, արծաթե մեդալ): «Զվարթնոց» օդանավակայանում Դավիթ Թորոսյանը զրուցեց ՀԱՕԿ լրատվականի հետ.

«Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Բաչկովին: Իհարկե, կցանկանայի, որ նա աշխարհի չեմպիոն դառնար, բայց տվյալ պահին բրոնզե մեդալն արտացոլում է մեր իրական սպասումները: Պետք է հաշվի առնել, որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների միջակայքն ընդամենը մեկ ամիս էր: Բաչկովը բավականին ժամանակ չուներ վերականգնվելու համար: Եւ դա Եվրոպան ներկայացող բոլոր բռնցքամարտիկներին է վերաբերում: Բավական է աչքի անցկացնել աշխարհի առաջնության արդյունքները: Եվրոպայի ներկայացուցիչները տասը քաշային կարգերից ընդամենը երեքում հաղթեցին:

Մյուս մայրցամաքների առաջնություններն ավարտվել են դեռ մարտին: Նոր մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար առնվազն մեկուկես ամիս է պահանջվում: Մենք պարզապես ժամանակ չունեինք:

Չեմ ցանկանում միջազգային ֆեդերացիայի գործողությունների մասին ասել, թե կանխամտածված են, բայց այդ ամենը տարօրինակ է: Այնպիսի տպավորություն է, որ մրցաշարային օրացույցը դիլետանտներն են կազմել: Ամեն դեպքում ուրախ եմ Բաչկովի համար, նա արժանի է այս մեդալին: Մրցավարությունը Համբուրգում նորմալ էր: Կիսաեզրափակիչ մենամարտում Կուբայի ներկայացուցչի հետ Բաչկովը պարտվեց, բայց չեմ կարող նրան ինչ-որ բանում մեղադրել: Բաչկովն իսկական ճակատամարտ տվեց, մինչդեռ մյուս մրցակիցներին կուբացի բռնցքամարտիկը հաղթել էր նկատելի առավելությամբ: Նա իսկապես բոլորից ուժեղ էր եւ աչքի էր ընկնում Համբուրգում:

Հիմա բոլորս հոգնած ենք: Լարված ժամանակները հետեւում են: Մրցաշրջանը մեծ հաշվով ավարտված է: Կհանգստանանք, հետո ուշադրություն կդարձնենք պրոֆեսիոնալ ռինգին: Բռնցքամարտիկները հիմա կարող են համատեղել ելույթները սիրողական եւ պրոֆեսիոնալ ռինգերում, ինչը ես շատ դրական եմ գնահատում»,-ասաց Դավիթ Թորոսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված