Հովհաննեսին ասացի, որ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները. Դավիթ ԹորոսյանՀովհաննեսին ասացի, որ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները. Դավիթ Թորոսյան

Հովհաննեսին ասացի, որ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները. Դավիթ Թորոսյան

27.06.17 09:32
Հովհաննեսին ասացի, որ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները. Դավիթ Թորոսյան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականին տված հարցազրույցում մեկնաբանեց Խարկովում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

- Պարոն Թորոսյան, սկսենք Բաչկովի հաղթանակից: Ուկրաինա մեկնելուց առաջ հույս ունեի՞ք:

- Այո, իմ ակնկալիքները ես նաեւ Բաչկովի հետ էի կապում: Հովհաննեսը ռինգում իրեն լավագույն ձեւով դրսեւորեց: Եզրափակիչ մենամարտում նա անհաջող առաջին ռաունդից հետո կարողացավ փոխել պայքարի ընթացքը: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Բաչկովը մրցակցին ոչ մի հնարավորություն չթողեց: Կողքից կարող էր թվալ, թե երրորդ ռաունդում պայքարը հավասար էր, բայց դա այդպես չէ: Պրոֆեսիոնալ աչքով պարզ էր, որ Բաչկովի հարվածներն ավելի հզոր եւ արդյունավետ էին, իսկ անգլիացին հիմնականում օդում էր զարկում:

- Առաջին եւ երկրորդ ռաունդների ընդմիջմանը ի՞նչ նախաձեռնեցիք:

- Մարտավարական անհրաժեշտ փոփոխություններ արվեցին: Հովհաննեսին ասացի, որ այս մենամարտն իրենն է եւ նա պետք է անգլիացուն թելադրի իր պայմանները: Հոգեբանությունը սպորտում շատ բան է որոշում, իսկ եզրափակչում այդ գործոնի կարեւորությունը մի քանի անգամ աճում է: Մեկ սխալ բառը կամ անգամ հայացքը կարող է ամեն ինչ որոշել: Ուրախ եմ, որ Բաչկովը լսեց խորհուրդներս եւ կարողացավ հասնել արժանի հաղթանակի:

5:0 հաշիվը իրենն ասում է:

- Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի ելույթն ինչպե՞ս եք գնահատում:

- Բավականին գոհացուցիչ: Մեկնարկում մեր բռնցքամարտիկները հինգ մենամարտից բոլորում էլ հաղթեցին: Այնուհետեւ տղաները թուլացրեցին, բայց այստեղ կրկին պետք է «շնորհակալություն հայտնել» մրցավարներին: Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Տիշչենկոյի (ՌԴ) հետ մենամարտում, Նարեկ Մանասյանին (91 կգ) անամոթաբար դատապարտեցին: Դահլիճը մի քանի րոպե սուլում էր եւ ոտքերով հարվածում գետնին` արտահայտելով դժգոհությունը մրցավարական որոշման դեմ: Երկրպագուին չես խաբի: Տիշչենկոն, իմիջիայլոց, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) ՌԴ մեկ այլ ներկայացուցչի հետ մենամարտում զգալի առավելություն ուներ, թեեւ ոչ այնքան ակնհայտ, որքան Նարեկը: Երկու դեպքում էլ մրցավարների կարծիքները կիսվեցին` 2:3, ոչ մեր օգտին: Ցավալի է, երբ մրցավարը հաշվի է առնում ոչ թե պայքարի իրական ընթացքը, այլ մարզիկներից որեւէ մեկի տիտղոսը, կամ թե որ երկիրն է ներկայացնում:

Ինչ վերաբերում է մնացած տղաներին, կասեմ հետեւյալը: Ոմանք իրենց ուժերի սահմաններում հանդես եկան, մյուսներն ավելին կարողացան անել: Չեմ ցանկանում կենտրոնանալ կոնկրետ անունների վրա: Փաստորեն, մենք ունենք Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Հուսամ, այն երեքը կլինի: Կցանկանայի, որ մենք ազգային ֆեդերացիայի հետ դիմենք բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), խնդրանքով` եւս մեկ տեղ հատկացնել Մանասյանին: Եթե չհաջողվի, ողբերգություն չենք սարքի: Դեռ շատ կա մինչեւ օլիմպիական խաղեր, բայց Նարեկն ամեն դեպքում վաստակել է աշխարհի առաջնության ուղեգիր ստանալու իրավունքը:

- Ինչպե՞ս եք պատրաստվելու Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:

- Աշխարհի առաջնությունը կընթանա օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը: Հավաքականի անդամները կհանգստանան, կվերականգնվեն Խարկովից հետո, այնուհետեւ կանցնեն մարզումներին: Նախատեսում ենք երկու հավաք անցկացնել Ծաղկաձորում եւ Օլիմպավանում: Օգտվելով առիթից, ուզում եմ երախտագիտությունս հայտնել ՀԱՕԿ-ի ղեկավարությանը, ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, որն օգնեց մեզ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Դրան նպաստեցին ինչպես ժամանակակից ենթակառուցվածքները` երկու ռինգով, այնպես էլ Օլիմպավանի անձնակազմի` մեզ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված