Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է հավաքականի կազմը
08.04.17 14:19
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն ապրիլի 8-ին ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում նախապատրաստվում էր մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ հավաքականի մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:
Նրանք են 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանն ու 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Թե ով կներկայացնի Հայաստանը 98 կգ քաշային կարգում՝ պարզ կդառնա ապրիլի 25-ին: Այդ քաշային կարգում համաշխարհային առաջատար Արթուր Ալեքսանյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի ու եթե չկարողանա մինչ այդ վերականգնվել, նրա փոխարեն Սերբիա կմեկնի Արթուր Շահինյանը: Ինչ վերաբերում է 130 կգ քաշային կարգին, ապա այդտեղ Լևոն Ջուլֆալակյանի մարզչական շտաբը նպատակահարմար չի գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում:

