Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին (տեսանյութ)Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին (տեսանյութ)

26.03.17 22:23
Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի թիմին (տեսանյութ)

2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ F խմբի հերթական տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հենրիխ Մխիթարյանի ու Արաս Օզբիլիսի գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի ընտրանուն:

Հանդիպման հենց մեկնարկում՝ 3-րդ րոպեին, մեր թիմը զրկվեց իր առաջատարներից մեկից. մրցակցի դարպասապահի հետ բախվելուց հետո վնասվածք ստացավ Գևորգ Ղազարյանը: Նրա փոխարեն խաղը շարունակեց Տիգրան Բարսեղյանը: Առաջին խաղակեսում մեր թիմը գոլային մի քանի պահ ունեցավ, սակայն դրանք դարպասի գրավմամբ չավարտվեցին:

Ընդմիջումից հետո Արթուր Պետրոսյանի սաները շարունակեցին գրոհել, իսկ մարզչի՝ հարձակման գծի թարմացումն (Մարկոսի ու Սարկիսովի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Մանուչարյանն ու Օզբիլիսը) իր գործն արեց: Բացի այդ, հանդիպման 63-րդ րոպեին երկրորդ զգուշացումից հետո դաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Սերգեյ Մալին՝ իր թիմին թողելով 10 հոգով:

Արդյունքում՝ խաղի 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մանուչարյանի փոխանցումից հետո Մխիթարյանը գնդակն ուղարկեց ղազախների դարպասի հեռավոր անկյունը: Իսկ դրանից ընդամենը 2 րոպե անց Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած մյուս ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսն ընթացքից գրավեց Դավիթ Լորիայի դարպասը՝ 2:0:

Այսպիսով, այս հաղթանակից հետո մեր հավաքականն իր ակտիվում ունի 6 միավոր ու այս պահի դրությամբ F խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ղազախստանի ընտրանին 2 միավորով եզրափակում է աղյուսակը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված