Մասսայականից մինչև բարձր նվաճումներ. ո՞ւր է գնում հայկական սպորտըՄասսայականից մինչև բարձր նվաճումներ. ո՞ւր է գնում հայկական սպորտը

Մասսայականից մինչև բարձր նվաճումներ. ո՞ւր է գնում հայկական սպորտը

06.02.17 16:17
Մասսայականից մինչև բարձր նվաճումներ. ո՞ւր է գնում հայկական սպորտը

Սպորտի դերն ու ազդեցությունը հասարակական կյանքում հասկացա շատ վաղուց. մի փոքրիկ դրվագ էր ինձ հետ պատահած՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, ուր տեղափոխվել էի ընտանիքիս հետ ու առաջին օրն էր, ինչ դպրոց գնացի: Դասարանցիներս թխուկ աղջիկ էին տեսել, ու, «դաստիարակված լինելով» "Понаехали" ռուսական հայտնի սկզբունքով՝ նեղում էին…

Հանկարծ տղաներից մեկը որոշեց հարցնել՝ թե որտեղից եմ… Լսելով Հայաստան անունը, աչքերը պսպղացին ու հիացած ասաց. “Ребят, она с Овсепяном на одном языке говорит…!”... Այդ օրվանից ինձ էլ չէին նեղացնում. Հայաստանի ազգային հավաքականի ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը, ում մասին ես 10 տարեկանում անգամ չէի էլ լսել, ինձ փրկեց:

90-ականների ավարտին մեր սպորտի հերոսները շատ չէին. այսօր աշխարհը թնդեցնում են Մխիթարյանը՝ ֆուտբոլում, Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտում, Մերդինյանը Հայաստանին է վերադարձնում Ազարյանի ու Շահինյանի մասին աշխարհի հիշողություններն ու վերակենդանացնում դրանք...… Ու զուգահեռ վառվում են նոր աստղեր, նաև՝ գրվում է նոր պատմություն…

Այդպես՝ օրերս Ալմաթիում հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում մե՛ր մարզիկը, մե՛ր Սերգեյ Միքայելյանը՝ հանդես եկող մե՛ր դրոշի ներքո, մեդալ նվաճեց…

Մե՛նք՝ ամառային մարզաձևերում ու շախմատում մեր ուժը ցուցադրող հայերս, մեդալ նվաճեցինք ՁՄԵՌԱՅԻՆ ուսանողական խաղերում…

Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք մեկ գիշերում կդառնանք սպիտակ օլիմպիադաների ֆավորիտ: Միքայելյանի մեդալն ընդամենը փոքրիկ, բայց անչափ կարևոր քայլ էր` առաջին հերթին սեփական ուժերի հանդեպ հավատ ձեռք բերելու ու նաև՝ աշխարհին քո ու երկրիդ մասին հիշեցնելու, տեղյակ պահելու հարցում: Իսկ որ աշխարհին դա հիշեցնել պետք է՝ փաստ է:

Բայց հաճախ հիշեցման կարիք ունի ոչ միայն աշխարհն, այլև՝ մերոնք, մեր կողքին ապրողները, ովքեր էությամբ միայն սպորտի սպառող են, հաղթանակների սպառող: Նրանց համար ցանկացած չ՛հաղթանակը «խայտառակ եղանք աշխարհով մեկ», «ավելի լավ էր չմասնակցեին, քան գնային ու պարտվեին» , «Իմ մուծած հարկի հաշվին մրցման է գնում ու 0-ով պարտվում» լոզունգներով է ուղեկցվում, առավել ևս եթե պարտություն է կրվել թուրք կամ ադրբեջանցի մարզիկից:

Վե՜րջ, գնդակահարո՛ւմ, ազգի դավաճանությո՛ւն…

Նրանք մոռանում են, կամ պարզապես չգիտեն էլ, որ բոլորը հաղթել ուղղակի՛ չեն կարող, որ հաղթանակն առանց պարտության ուղղակի՛ գոյություն չունի, որ երբեմն ուղղակի՛ օբյեկտիվորեն ուժեղին ես պարտվում…

Այսօր մրցասպարեզում են փոքրիշատե արդեն կայացա՛ծ Հայաստանում ծնված պատանիները… Նրանք չեն ապրել իրենց նախորդ սերնդի տեսած ու զգացած ցուրտն ու մութը, նրանց մարզադահլիճները ջեռուցվում են ու մարզագույքն էլ եթե ոչ լիարժեք, ապա գոնե մասամբ պրոֆեսիոնալ է ու թարմացվում է: Ու նրանք անպայման ասելիք են ունենալու միջազգային ասպարեզում:

Դրա մասին են վկայում ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որոնցից մեր թիմերը մեդալներով են վերադառնում… Գուցե սա շատ չէ, բայց սա միայն սկիզբն է: Չէ՞ որ բարձրագույն նվաճումների սպորտի հիմքում պատանեկան ու մասսայական սպորտն է:

90-ականներին ու 0-ականների սկզբին սպորտը Հայաստանում շատ քչերին էր հասու: Եվ եզակիներից ընտրվեցին նրանք, ովքեր այսօր տարբեր հարթակներում մեր դրոշն են ծածանում, ովքեր Ռիոյում՝ ամառային մարզաձևերի քառամյա ցիկլի կարևորագույն ստուգատեսում մեդալային հաշվարկով զբաղեցրեցին 42-րդ տեղը 206 երկրների մեջ…

Այսօր ոչ միայն ընտրությունն է ավելի մեծ, այլև՝ ձգտումը:

Մինչ 0-ականների կեսերը Հայաստանում անգամ չէին անցկացվում մասսայական մարզական միջոցառումներ, մինչդեռ այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անցկացնում է շուրջ 2 տասնյակ միջոցառում, որոնց միայն 2017-ին ավելանում է ևս 7-ը՝ տարեցների հանրապետական խաղերը, ՀՀ գյուղական խաղերը, Հանրապետական ուսանողական մարզական խաղերը,ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների միջև սպարտակիադան,. ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների միջև սպորտլանդիա մարզական միջոցառումը, ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև սպորտլանդիա մարզական միջոցառում և պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթ… Նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ վերջին ամիսներին անցկացվում է նաև «Կյանքը՝ սպորտի ռիթմով» ամենշաբաթյա ծրագիրը, որին, ինչպես նշում են ծրագրի մասնակից մարզիչները՝ ամեն հաջորդ անգամ նորանոր մասնակիցներ են ավելանում:

Ու դա զարմանալի չէ:

2016թ-ի տվյալներով մեր երկրում գործում է 80 գրանցված ֆիթնես-ակումբ, ուր հաճախում է շուրջ 20 հազար մարդ:

Ասել է թե՝ Հայաստանում մարզվելն այլևս նոնսենս չէ, այլ՝ կյանքի ռիթմ: Գուցե 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար այս թիվն ու այս ռիթմը որոշիչ չէ, բայց միանշանակ՝ մոտիվացնող է: Իսկ մոտիվացիան սպորտում՝ թե՛ բարձրագույն նվաճումների ու թե՛ մասսայական կամ պատանեկան, հիմնաքարային գործոն է: Ուրեմն՝ սպասենք ավելի շատ մեդալների...



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված