Մահվան հետ մրցավազքի մեջ. 3 տարվա լռությունՄահվան հետ մրցավազքի մեջ. 3 տարվա լռություն

Մահվան հետ մրցավազքի մեջ. 3 տարվա լռություն

29.12.16 11:57
Մահվան հետ մրցավազքի մեջ. 3 տարվա լռություն

Ուղիղ 3 տարի է անցել դժբախտ այն օրից, ինչ ֆրանսիական Ալպերում` Մերիբել լեռնադահուկային կուրորտում, տեղի ունեցավ մի պատահար, որի արդյունքում արդեն 1096 օր կյանքի համար պայքար է մղում թերևս ամենաճանաչված ու ամենատիտղոսակիր ավտոարշավորդը՝ Formula 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխաել Շումախերը:

Ու արդեն 3 տարի է՝ աշխարհի բոլոր ծայրերում նրա երկրպագուներն աղոթում են արքայական ավտոսպորտի «արևային տղայի» ապաքինման համար, ով միայն բախտի բերմամբ 25 տարի առաջ մուտք գործեց Formula 1-ի՝ աննկարագրելի արագությունների աշխարհ:

Նա ներխուժեց խելահեղ արագությունների աշխարհ այն ժամանակահատվածում, երբ Գերմանիան դրանում առհասարակ ներկայացված չէր:

1991թ-ի օգոստոսի 25, «Սպա-Ֆրանկորշամ» ավտոդրոմ, Էդդի Ջորդանի Jordan փոքր թիմում լուրջ անախորժություններ էին. թիմի մարտական արշավորդ Բերտրան Գաշոյին անսպասելիորեն բանտ էին նստեցրել լոնդոնյան տաքսիստի հետ ընդհարման համար, իսկ նրան փոխարինող գտնելու ժամանակ ուղղակի չկար:

Արդյունքում՝ ստիպված էին բառացիորեն «կուրորեն» ընտրել, թեև ընտրություն բառն էլ տեղին չէր: Mercedes-ը Էդդիին 250.000 դոլլար վճարեց իր պրոտեժե, երիտասարդ գերմանացի Միխաել Շումախերի համար, ով իսկապես լավ տպավորություն էր գործել սիլվերսթոունյան թեսթերի ժամանակ, բայց…

Բայց իդեալական պայմաններում անցնող թեսթերը մի բան են, իսկ իրական, մարտական մրցարշավը՝ բացարձակ այլ:

Դա էլ քիչ էր՝ հետագայում պարզվեց, որ Շումախերն ու իր մենեջերը մի՜ փոքր ստել էին՝ ասելով թե արշավորդը լավ ծանոթ է Սպային: Սակայն՝ պայմանագիրն արդեն կար ու Գրան-պրիի մեկնարկից ընդամենը 3 օր առաջ արքայական ավտոսպորտի ապագա «կարմիր բարոնը» 4 անգամ անցավ 7կմ-անոց շրջանով … ոչ ավել-ոչ պակաս՝ հեծանվով: Դա էր առաջին ծանոթությունը Սպայի հետ, որը ճակատագրական եղավ:

Շաբաթօրյա որակավորման մրցումների ժամանակ երիտասարդ Շումախերը 7-րդ ժամանակը ցուցադրեց՝ շոկահարելով բոլորին… Սակայն գրան-պրիի մեկնարկից ընդամենը 200մ անց Շումախերի անփորձությունն իրենն արեց ու մրցարշավը նրա համար ավարտվեց: Սպայի զարմանահրաշ հեքիաթն արագ ավարտ ունեցավ՝ դրանով իսկ սկիզբ դնելով Formula 1-ի պատմության ամենահաջողակ ու ամենատիտղոսակիր արշավորդի մասին իրականությանը:

Jordan, Benetton, Ferrari, Mercedes… Փոխվում էին թիմերը, բայց ոչ Շումախերը, ով ամեն բան անում էր՝ իր հմտությունները կատարելության հասցնելու:

2167d5db78406146a06a10a5bfc99966.jpg

Նա շատ ժամանակ էր հատկացնում ֆիզիկական պատրաստվածությանն, ինչը թույլ էր տալիս մրցակիցներից ավելի թարմ մնալ հոգնեցուցիչ մրցարշավներում ու «միացնել» այսպես ասած «շումախերյան արագացումը» գրան-պրիների եզրագծին…

Ուշադրության կենտրոնում էր նաև տեխնիկական նյուանսների վրա աշխատանքը. նա կարող էր ժամերով բոքսերում մնալ ու օգնել ինժեներներին՝ կատարելագործել մեքենաները: Իսկ այդ աշխատանքի արդյունքն էլչեմպիոնական 7 տիտղոսներն էին 1994, 1995, 2000-2004 թթ-ին, անթիվ-անհամար ռեկորդներն ու արագության, ավտոարշավների աշխարհի հետ թիվ 1 ասոցացումը:

Շումախերն առաջին անգամ իր կարիերայի ավարտի մասին հայտարարեց 2006թ-ին:

Այդ պահից ի վեր նրան չէր բավականացնում ավտոսպորտի ադրենալինը…

2009թ-ի փետրվարին իսպանական Կարտախենում Միխաելը մրցարշավային մոտոցիկլից ընկավ՝ վնասելով ողնաշարը, կոտրելով կողերը…

Թերևս նաև դա էր պատճառը, որ 2009թ-ի ավարտին Շումախերը հայտարարեց արքայական ավտոսպորտ վերադառնալու մասին…

Mercedes-ում անցկացրած 2 տարիները ավտոսպորտի լեգենդին համոզեցին, որ իսկապես հեռանալու ժամանակն է… Ու Շումախեը 2012թ-ի ավարտին վերջնականապես հեռացավ… Ընդ որում՝ ոչ միայն արքայական ավտոսպորտից: Աշխարհի 7-ակի չեմպիոնը անցած ողջ տարվա ընթացքում հրաժարվեց որևէ այլ մրցարշավի մասնակցել՝ պատճառաբանելով մրցարշավային կյանքից հագեցած լինելով: Սակայն ադրենալինային քաղցն ի վերջո իրենն արեց:

Մերիբել լեռնադահուկային կուրորտում Միխաել Շումախերն, ով մրցարշավային 21 տարիների ընթացքում միայն 1 անգամ էր վնասվածք ստացել, գանգուղեղային ծանրագույն վնասվածք ստացավ…

Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ գցեցին, նրա վիճակը գնահատվում էր որպես կրիտիկական: Այն տխրահռչակ օրվանից միայն 3 ամիս անց` 2014թ-ի մարտի 7-ին 1-ին հուսադրող լուրերը հայտնվեցին` լեգենդար արշավորդի վիճակը կայունացել էր:

Եվս 4 ամիս անց Շումախերին սկսեցին կամաց-կամաց հանել արհեստական կոմայի վիճակից, իսկ հունիսի կեսերին նրան ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակից տեղափոխեցին վերականգնման բաժանմունք: Հունիսի 16-ին` էլ` Գրենոբլի հոսպիտալից` Լոզաննի հիվանդանոց:

Աշխարհի 7-ակի չեմպիոնը չարաբաստիկ այդ միջադեպից միայն 9 ամիս անց` 2014թ-ի սեպտեմբերի 9-ին վերադարձավ տուն, որտեղ շարունակում է վերկանգնողական ծրագիրը: Այս ընթացքում շատ խոսակցություններ են տարածվել` Շումախերը լալիս է` հարազատների ձայները լսելիս, կատաստրոֆիկ նիհարել է, կորցրել է հիշողությունը, ու ամենաթարմը` նա կրկին կարողանում է քայլել թերապևտի օգնությամբ ու ինքնուրույն կարողանում է ձեռքը բարձրացնել: Սակայն 46-ամյա գերմանացու մենեջեր Սաբինա Քեմը այս բոլոր խոսակցությունները հերքում է` նշելով միայն, որ վերականգնման պրոցեսը ժամանակատար է ու պետք է համբերությամբ զինվել` հաղթանակի հասնելու համար...

* * *

Շումախերը հաճախ է հաղթել`հակառակ հանգամանքներին… Սթրեսսային իրավիճակներում հաղթանակն այն է, ինչ նա կարող է…

Ու այսօր բազմաթիվ հաղթանակներ տեսած ու կերտած Շումախերն իր գլխավոր հաղթանակի համար է պայքարում՝ կյանքի հաղթանակի…


Գ.Ն.



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված