Sport.Slaq.am-ը ներկայացրել է լավագույն 10-ակի իր տարբերակը (լուսանկարներ)Sport.Slaq.am-ը ներկայացրել է լավագույն 10-ակի իր տարբերակը (լուսանկարներ)

Sport.Slaq.am-ը ներկայացրել է լավագույն 10-ակի իր տարբերակը (լուսանկարներ)

19.12.16 18:09
Sport.Slaq.am-ը ներկայացրել է լավագույն 10-ակի իր տարբերակը (լուսանկարներ)

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հետ համատեղ ավադապես տարեվերջին ամփոփում է մարզական տարին` ընտրելով լավագույն մարզիկների տասնյակը:

Sport.Slaq.am-ի համակարգող Գայանե Նազարյանը արդեն իսկ ներկայացրել է ֆեդերացիային լավագույնների իր տարբերակը, որը, բնականաբար, ակնկալելի, գլխավորում է տարվա ամենաէմոցիոնալ հաղթանակը կերտողը՝ օլիմպիական չեմպիոն, հ/հ ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Առհասարակ, ակնկալելի էր, որ օլիմպիական տարում լավագույններն ընտրվելու են հենց օլիմպիական մրցանակակիրների ցանկից, սակայն երբեմն սպորտային ֆորտունան արժանիներից արժանիների հետ դառը խաղ է խաղում: Մի դեպքում՝ արտաքին գործոններով, օրինակ՝ մեղմ ասած ոչ անաչառ մրցավարության միջոցով, մեկ այլ դեպքում՝ առավել «ներքին», օրինակ սխալ պահին ու սխալ վայրում ի հայտ եկած վնասվածքի: Սակայն այն էմոցիաները, որ տալիս են մեզ մեր մարզաշխարհի հերոսները, արժանի են գնահատման, բարձրաձայնման ու իմաստավորման:

Օլիմպիական ոսկուց, երկար տարիներ հետո Հայաստանի օրհներգը օլիմպիական մրցահարթակում առաջինը հնչեցնելու գրեթե բացարձակ շանսեր ուներ նախորդ տարի Բաքվում՝ Եվրոպական Խաղերում, և Լաս-Վեգասում՝ աշխարհի առաջնությունում նմանօրինակ իրավիճակում հայտնված հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: Մեր ըմբիշը հերթական անգամ խիստ կասկածելի մրցավարության զոհ դարձավ՝ զրկվելով հաղթանակից:

Հենց այդ՝ «հերթական» կոչվող երևույթն էլ ստիպեց Sport.Slaq.am-ի համակարգողին՝ օլիմպիական արծաթե մեդալակրից իր տասնյակում գերադասել նույն Խաղերում առհասարակ մեդալ չվաստակած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին (մեր մարզիկը միայն 7-րդն էր Օլիմպիական Խաղերում՝ նժույգթափեր վարժությունում. եզրափակչում նա հանդես եկավ դաստակի վնասվածքով – Գ.Ն.):

Մերդինյանը, սակայն, մեր տասնյակը գլխավորող Արթուր Ալեքսանյանի պես սառույցներ է կոտրում: Ու եթե տարիների դադարից հետո Ալեքսանյանը Հայաստան բերեց օլիմպիական ոսկին հենակետային համարվող մարզաձևում, ապա Մերդինյանը նախ 32 տարվա մեդալային երաշտից հետո Հայաստան բերեց աշխարհի առաջնության մեդալ, ապա՝ արդեն 2016 թ-ին նվաճեց Եվրոպայի ոսկին՝ դառնալով առաջին մարմնամարզիկն անկախ Հայաստանի պատմության մեջ, ով արժանացավ Հին մայրցամաքի չեմպիոնի կոչմանը՝ վերելքի նոր թափ տալով մեր մարմնամարզությանը:

Սակայն 2016թ-ը հայերիս համար՝ անկախ սպորտային նախապատվություններից, անձնական ու գործնական վերելքներից ու վայրէջքներից, 1-ին հերթին տպավորվեց ու դաջվեց որպես քառօրյա պատերազմի տարի… Տարի, երբ մահը սովորական չդարձավ: Ուղղակի ավելացան կոտրված ճակատագրերը, Հայաստանի տարբեր ծայրերում՝ դեռ 20ը չբոլորած տղաների շիրմաքարերը.....

«Հայ գարնան կաթիլ, ապրելո՜ւ ապրիլ...»...

Անցած ապրիլին էին երգում, 101 տարի առաջ էլ ապրիլ եղավ... Հիմա դեռ վերԱՊՐՈւՄ ենք: Մեր ցավը, մեր կսկիծը, մեր մորմոքը, մեր կորուստը...Իսկ կյանքն էդ ապրիլին զուգահեռ իր ընթացքով էր շարժվում: Ու 4500կմ-ի վրա մեր ուրի՜շ Նազիկը ի հեճուկս ճակատագրին, տարիներին, ողնաշարի կոտրվածքին՝ Եվրոպայի չեմպիոն դարձավ ու ի լուր աշխարհի գոռաց. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող տղերքին: Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»...

Նազիկը մեզ սգահան արեց: Ուղղակի հիմա մենք ուրիշ Հայաստանում ենք արդեն ապրելու...

***

Ուրիշ Հայաստանում են ապրելու նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Այս Հայաստանն իրենց որպես օլիմպիական հերոսների է ընդունել, ու բնավ էական չէ, որ նրանց մեդալները արծաթե երանգ ունեն, այլ ոչ թե ոսկե… Նրանց օլիմպիական փառքը դեռ առջևում է:

Ու առհասարակ, 2016-ին մեզ ուրախության րոպեներ պարգևած շատ ու շատ մարզիկների ոսկեբեր օրերը առջևում են, թեև մարզասերը պիտի որ դժգոհելու առիթ չունենա՝ 2016-ին Եվրոպայի չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 71կգ քաշային Վարշամ Բորանյանը,

ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն, ով կարող էր նաև օլիմպիական մեդալ նվաճել, սակայն սարսափելի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը

Իսկ մեր տասնյակը եզրափակում է հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը՝ 2016թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն…

Եվրոպայի կրկնակի չեմպիոնի, աշխարհի առաջնությունների բազմակի ու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի համար գուցե այս փոխչեմպիոնությունը այնքան արժեքավոր չէր՝ այլ նվաճումների համեմատ, սակայն 33-ամյա մարզիկի փայլուն կարիերայի լավագույն արտացոլումն է՝ պայքար մինչև վերջ, պայքար հաղթանակի համար, պայքար՝ բոլոր տարիքներում…

Նշենք նաև, որ 2016թ-ի լավագույնների թվում հիշատակվելու արժանի էին նաև սպորտային մարմնամարզիկներ, Եվրոպայի փոխչեմպիոններ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, թաեքվանդոյիստ Արման Երեմյանը, ըմբիշ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը, մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանն, ում անունով նոր տարր անվանակաչվեց…

Իսկ տարվա թիմը, մեր կարծիքով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն է: Գուցե շատերը մեզ հետ չհամաձայնեն ու հիշեցնեն, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով 1-ին տեղն էր զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, սակայն այս որոշումն ընդունելիս մենք հաշվի ենք առել 2 կարևորագույն գործոն:
Նախ՝ Հայաստանին երկար սպասված օլիմպիական ոսկին բերեց հենց ըմբշամարտի հավաքականը, և վերջապես՝ 2016թ-ին նախորդ 2 օլիմպիական խաղերի մասնակից մեր մեդալակիր մարզիկները՝ Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվեցին ու պարտավորվեցին ետ վերադարձնել մեդալները:

Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հետկուլիսային շշուկների փուլում նախ պնդում էր, թե ինչպե՞ս կարող է պատասխանատու լինել 8 կամ 4 տարի առաջ կատարվածի համար, թեև այդ փուլում նա ոչ ավել-ոչ պակաս՝ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր ու հավաքականում դժվար թե առանց իր գիտության որևէ բան կատարվեր (ու եթե կատարվել է՝ հենց իր թերացումն է): Իսկ երբ հայտնի դարձավ, որ մարզիկներն, այնուամենայնիվ, որակազրկվել են, Ալավերդյանը հայտարարեց, թե այդ տարիներին գրեթե բոլորն էին դոպինգ ընդունում, ու մրցակիցների հետ հենց իրենց լեզվով է պետք պայքարել: Հե՛նց այս մոտեցումն ու մեկնաբանություններն են պատճառը, որ մեր վարկածում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Ծանրամարտի հավաքականը տարվա լավագույն թիմը չէ, իսկ որակազրկված մարզիկներն էլ տասնյակում չեն ընդգրկվել:


Լավագույնների տասնյակն ըստ Sport.Slaq.am-ի

1.Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2016թ-ի օլիմպիական չեմպիոն

2.Հարություն Մերդինյան

Սպորտային մարմնամարզություն, 2016թ-ի Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական Խաղեր՝ 7-րդ տեղ

3.Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2016թ-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

4.Նազիկ Ավդալյան

Ծանրամարտ, 2016թ-ի Եվրոպայի չեմպիոն

5.Սիմոն Մարտիրոսյան

Ծանրամարտ, 2016թ-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

6. Գոռ Մինասյան

Ծանրամարտ, 2016թ-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

7.Վարշամ Բորանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2016թ-ի Եվրոպայի չեմպիոն

8.Անդրանիկ Կարապետյան

Ծանրամարտ, 2016թ-ի Եվրոպայի չեմպիոն

9. Արթուր Դավթյան

Սպորտային մարմնամարզություն, 2016թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն

10.Ռոման Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 2016թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն


P.S.
Քվեարկությունը սուբյեկտիվ մոտեցում է օբյեկտիվ իրականությանը: Sport.Slaq.am-ն՝ անկախ իր տասնյակի տեսքից ու կազմից, երախտապարտ է հայկական մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ 2016-ին ապրած սպորտային հրա՜շք րոպեների, հաղթանակի բերկրանքի համար, ու մաղթում է գալիք տարում հաստատուն քայլեր՝ դեպի պատվո հարթակի վերին աստիճան:

Մենք Ձեզ սիրում ենք ու հպարտանում Ձեզանով…


Գ.Նազարյան



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված