Միհրան Հարությունյան. «Հանուն Ռիոյում հաղթանակի պատրաստ եմ ինձ զոհաբերել»Միհրան Հարությունյան. «Հանուն Ռիոյում հաղթանակի պատրաստ եմ ինձ զոհաբերել»

Միհրան Հարությունյան. «Հանուն Ռիոյում հաղթանակի պատրաստ եմ ինձ զոհաբերել»

16.08.16 13:56
Միհրան Հարությունյան. «Հանուն Ռիոյում հաղթանակի պատրաստ եմ ինձ զոհաբերել»

Նախաօլիմպիական՝ 2015թ-ին ամենաէմոցիոնալ հաղթանակը հայկական սպորտում ակնկալվում էր Բաքվում` Եվրոպական Խաղերի ընթացքում:

Մեր մարզիկներից ոչ ոքի, ցավոք, չհաջողվեց/թույլ չտվեցին հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը հարևան երկրի մայրաքաղաքում: Ոչ առանց մրցավարների գործուն մասնակցության օրհներգից ու ոսկե մեդալից ընդամենը 1 քայլ հեռու մնաց հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: Բաքվի Խաղերից 3 ամիս անց էլ, Լաս-Վեգասում` աշխարհի առաջնությանը, Միհրանը կրկին խիստ կասկածելի մրցավարության պայմաններում նախ չհայտնվեց եզրափակչում, ապա`պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:

Նրա գոտեմարտերը սպասարկող մրցավարները որակազրկվեցին, սակայն Միհրանի համար ոչինչ չփոխվեց՝ բացառությամբ այն բանի, որ Ռիոյի Օլիմպիական Խաղերում նրա մոտիվացիան՝ մրցակիցներից բացի նաև մրցավարներին հաղթելու, բազմապատկվել է:

-Միհրա՛ն, Հայաստանի հավաքականի կազմում քո ուղին Օլիմպիական այս ցիկլում հեշտերից չէր: Կարողացե՞լ ես հաղթահարել մրցավարական թերագնահատումներից ու կողմնապահություններից: Ինչպե՞ս ես նախապատրաստվում Խաղերին:

-Մրցավարական սխալներից ու մրցավարական կողմնապահություններից ես երբեք չեմ ձերբազատվի արդեն: Իմ մեդալները ոչ ոք չի վերադարձնի, իսկ սրտումս էլ կմնա խորը կիսատության զգացումը:

Բայց մի՛ անհանգստացեք: Դա ինձ երբեք չի՛ կանգնեցրել ու չի՛ կանգնեցնի:

Այժմ ես նախապատրաստվում եմ հավաքական թիմի կազմում ու կատարում գլխավոր մարզչի բոլոր հրահանգները: Բացի դա, ես հնարավորություն ունեմ անհատապես աշխատել ընդհանուր մարզումներից հետո: Իմ պատրաստվածությունն ու մարզավիճակը գերագնահատել չեմ սիրում, բայց վստահաբար ասեմ, որ Ռիոյի Խաղերին լիարժեք պատրաստ կլինեմ:

-Արդեն հայտնի են բոլոր այն մարզիկների անուններն, ովքեր հանդես են գալու Օլիմպիական Խաղերում: Կա՞ն արդյոք ըմբիշներ, ում հետ հավանական գոտեմարտերին առանձնահատուկ ես նախապատրաստվում:

-Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Յուրաքանչյուրին, ով մրցագորգ է դուրս գալիս, ընդունում եմ որպես ուժեղագույնն այս պահին ու ձգտում հաղթահարել նրան:

Օլիմպիական Խաղերին մշտապես մասնակցել են աշխարհի ուժեղագույն մարզիկները, իսկ իմ մրցակիցների կազմը կորոշի կույր վիճակահանությունը:

-Մարզիկների գերակշռող մեծամասնությունը սնահավատ են: Արդյո՞ք դա քեզ նույնպես վերաբերում է: Մտադի՞ր ես որևէ թալիսման հետդ տանել Ռիո:

-Ես երբեք սնահավատ չեմ եղել, թալիսմաններ էլ չեմ ունեցել:

Ես հավատում եմ Հիսուսին, ու այդ հավատից բացի այլևս ոչինչ ինձ պետք չէ:

Ինչ մնում է Խաղերին, ապա հետս կվերցնեմ միայն Հայաստանի ազգային դրոշը:

-Նախորդ հարցի շարունակություն. Գրեթե բոլոր հաղթանակներդ նվիրում ես դստերդ, մարզաշպիկներիդ վրա նրա դեմքն էԴժվա՞ր չէ կատարելագործվել սպորտում, չկտրվել մարզումներից ու լինել Մոնիկայի համար այնպիսի հայր, ինչպիսին հենց ինքդ ես ցանկանում:

-Մոնիկան իմ մասնիկն է: Ու ես անչափ հպարտ եմ, որ ունեմ նրան: Նա մաքրության, անմեղության մարմնացում է, ասես ծաղիկ լինի…

Ես ուզում եմ նրա անունն իմ վրա տանել ու այնպես անել, որ մեծանա ու միմիայն ճշմարիտ ուղով շարժվի: Ուզում եմ, որ նա օրինակելիության տիպար ու խորհրդանիշ լինի:

Ինձ համար նրանից չքնաղ ու հրաշալի ո՜չ մի բան գոյություն չունի, ու հենց դա է պատճառը, որ իմ բոլոր մեծագույն նվաճումները հենց Մոնիկային եմ նվիրում:

Ցավոք, իմ մարզական գրաֆիկը, հավաքների ու մրցումների քանակը թույլ չեն տալիս հարազատներիս ու, մասնավորապես, դստերս հետ այնքան ժամանակ, որքան ինքս կցանկանայի: Սակայն յուրաքանչյուր հնարավորության դեպքում ես ազատ րոպես հենց հարազատներիս հետ եմ անցկացնում:

-Միհրա՛ն, հաղթում են նրանք, ովքեր պատրաստ են հանուն այդ հաղթանակի ինչ-որ կարևոր մի բան զոհաբերել: Ի՞նչ ես պատրաստ ինքդ զոհաբերել՝ հանուն Օլիմպիական հաղթանակի:

-Բնականաբար, ես շատ բան եմ զոհաբերում ու ինձ շատ բաներից եմ զրկում հանուն հաղթանակի: Իսկ Ռիոյի Խաղերում հաղթանակի համար ես պատրաստ եմ զոհաբերել նախևառաջ հենց ինձ:

-Հաջողություն Ռիոյում…

-Շնորհակալություն…


Հարցազրույցը՝ Գայանե Նազարյանի

«Դե ֆակտո» ամսագիր



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված