Հայ ազատոճայինները ձախողվեցին վարկանիշային վերջին մրցաշարում (տեսանյութ)
09.05.16 11:08
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է Ռիոյի Օլիմպիական խաղերի՝ ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշար: Այս մրցաշարի՝ ազատոճայինների պայքարում Հայաստանը ներկայացնում էին 3 ըմբիշներ` 65կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 86կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը:
Ցավոք, մեր 3 ըմբիշներն էլ չկարողացան բաղձալի ուղեգիրը նվաճել:
Աշխարհի ու Եվրոպայի 2013թ չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հենց մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց ամերիկացի ըմբիշ Մոլինարոյին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով պարտություն կրեց գերմանացի Վիլյամ Հարթից:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: Սակայն 1/8 եզրափակիչ փուլում 8:0 հաշվով հաղթելիս 8:18 հաշվով պարտվեց Իսպանիան ներկայացնող օս մարզիկ Թայմուրազ Ֆրիեւ Նասկիդաեւին:
Վերջինս անցավ եզրափակիչ՝ Գրիգորյանին սփոփիչ գոտեմարտում հանդես գալու հնարավորություն տալով, ինչից, սակայն, մեր մարզիկը արդյունավետ օգտվել չկարողացավ:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կբավարարվի Ռիոյի օլիմպիական Խաղերի 3 ուղեգրով: Հայաստանը Ռիոյում կներկայացնեն 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

