Լևոն Արոնյան. «Ես կոչ արեցի նրա բարեխղճությանը» (տեսանյութ)
18.03.16 12:09Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում գրանցվեց այս տարվա մրցաշարի ամենաերկար պարտիան` շուրջ 7 ժամ Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան մրցում էին: Սակայն այս պարտիան աչքի ընկավ ոչ միայն իր տևողությամբ, այլև` դրամատիզմով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` լարված պարտիայի վերջնամասում սպասողական խաղ էր ընթանում, որում Նակամուրան մի քանի անգամ տեղաշարժեց ու խաղաց իր արքայով: Ու իներցիայով էլ կրկին այն վերցրեց ու միայն վերցնելիս հասկացավ, թե ինչ անհեթեթ սխալ թույլ տվեց: Օրենքով նա ստիպված էր խաղալ այն ֆիգուրով, որին ձեռք էր տվել: Արդյունքում 74...Kf8 քայլը բերեց սպիտակների` Արոնյանին համար հաղթական ավարտին: Նակամուրան ստիպված էր ընդունել պարտությունը:
Նակամուրան, իհարկե, քայլը կատարեց արքայով, սակայն ամերիկացի գրոսմայստերը մտադիր էր իր այդ վրիպակը անուշադրության մատնել: Դա պարզ է դառնում թե՛ վերևում բերված տեսանյութից, ու թե Արոնյանի մեկնաբանությունից` տրված լրագրող Մարիա Մանակովային:
«Ես կոչ արեցի նրա բարեխղճությանը: Նա ասաց. իմա՞ստը: Ես էլ ասացի, «այնտեղ տեսագրություն կա», հոլովակի վերջնամասում`մամուլի ասուլիսի մեկնարկին պատմել է Արոնյանը: Նշենք, որ 7 ժամ ձգված պարտիայում նման կերպով կրած պարտությունից հետո Նակամուրան արագ լքել է սրահը ու չի ներկայացել մամուլի ասուլիսին: